Գրիգոր Զոհրապը հայ նշանավոր գրող, իրավաբան, 1908 թվականից Օսմանյան կայսրության խորհրդարանի անդամ է։ 1913 թ. Փարիզում, Մարսել Լեար ծածկանունով հրատարակած «Հայկական հարցը փաստաթուղթերու լույսին տակ» ֆրանսերեն գրքում, գրում է հայերի բռնի իսլամացման մասին, նշում է նաև համշենահայերին: Նա գրում է. «Վեց դարերէ ի վեր ինկած Օսմանեան տիրապետութեան տակ, իրենց պատմութիւնը ուրիշ բան չէ, եթէ ոչ երկար մարտիրոսագրութիւն մը: Շատերը, փրկելու համար իրենց կեանքն ու ստացուածքը, ստիպուած են իսլամանալ»։ Կրոնափոխությունները գործընթացներ են, որոնք կատարվել են այդ թվականներից առաջ և հետո: Համշենի և Կարադերեի դեպքում բռնի իսլամացումը տեղի է ունեցել XVIII դ. առաջին կեսին։
Մեզ անհայտ է, թե որքան էր բռնի իսլամացածների թիվը քանի որ Օսմանյան կայսրության պետական վիճակագրական տարեգրքերում հայ էին համարվում միայն Հայ Առաքելական եկեղեցու հավատացյալները, որոնք արձանագրվում էին որպես «էրմենի», բայց կաթոլիկ և բողոքական հայերը գրանցվում էին այլ ազգերի կաթոլիկների և բողոքականների հետ`
համապատասխանաբար որպես «քաթոլիք» և «փրոթեսթան»:
Թուրքական արխիվներում կան փաստաթղթեր,
որոնք կօգնեն գտնել այս հարցի պատասխանը։ Այդ հարցը հետաքրքրում է նաև թուրքական իշխանություններին։ Այդ է վկայում այն, որ Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի հանձնարարությամբ են Մալաթիայի Ինեոնյուի անվան, Էլազըղի Ֆըրաթ և
Կայսերիի Էրջիյես համալսարանների գիտնականներն
ուսումնասիրել Թուրքիայում բնակվող ազգերի խճանկարը: Նրանք 2000 թվականի կազմած զեկուցագրում թուրքերի, հայերի, քրդերի, արաբների, հրեաների, հույների, վրացիների և լազերի կողքին նշել են նաև Ռիզեի և Արդվինի նահանգների համշենցիներին (Hemşinliler)։ Սրանով նրանք ժխտել են գիտնականների կողմից արված այն պնդումները, որ համշենցիները թուրքեր են: Երկու նահանգների համշենցիների թիվը 13.000 է` ըստ զեկուցագրի: Անհայտ է, թե ինչ սկզբունքով է արվել գրանցումը։ Եթե հիմք է ընդունվել մայրենի բարբառի իմացությունը, ապա ներկայացվածը շատ փոքր թիվ է: Վերջին տարիներին, հաջողվել է պարզել բոլոր այն գյուղերը,
որոնցում բնակվում են համշենցի իսլամադավան հայերը։ Նրանք խոսում են հայերենի Համշենի բարբառի տեղական խոսվածքով, որն
անվանել ենք Խոփայի խոսվածք։ Խոփայի խոսվածքը սկսել են ուսումնասիրել 1984 թվականիցք Ղազախստանում և Ղրղզստանում։
Այնտեղ բնակվում էին Աջարիայի սահմանամերձ գյուղերից 1944 թվականին աքսորված համշենցի հայերը: Արդալացիների ենթախոսվածքում ր-ն հնչյունափոխվում է յ-ի, կամ երկու ձայնավորների միջև սղվում է։ Մոտավոր հաշվումներով` միայն Խոփայի գավառի բնակիչների մեծ մասը բարբառախոս համշենցի հայ
է: Նրանք բնակվում են Խոփա քաղաքում։ 22 գյուղերում և
գյուղակներում նույնպես։ Գավառի մյուս գյուղերի բնակիչները մայրենին մոռացած թուրքախոս իսլամացված լազեր են, որոնք, ըստ Ստամբուլի «Վով ա» (Ով է) երաժշտախմբի ղեկավար, համշենցիների «Հադիգ» միության փոխնախագահ Հիքմեթ Աքչիչեքի և Խոփայում հրատարակվող «Բիր յաշամ» (Մի կյանք) ամսագրի խմբագիր Ջեմիլ Աքսուի վկայությունների` համշենցի հայերին «էրմենի» են անվանում: Ի դեպ, համշենցի հայերն էլ նրանց «ջօն» են ասում:
Շուրջ 3 հազար իսլամացված, բայց հայախոս համշենցի հայեր
են բնակվում հարևան Բորչքայի գավառի Բորչքա քաղաքում։ Հասկանալի է, որ բնակչության տեղաշարժերի, քաղաքներում վերաբնակվելու, ամուսնությունների պատճառով հաճախ են երկու խոսվածքների կրողները ապրում նույն հարկի տակ կամ հարևանությամբ: Թե երբ են համշենցի կրոնափոխ հայերը բնակություն հաստատել այդ գավառներում, տեղի բնակիչները չգիտեն: Ընդհանուր կարծիքն այն է, որ
իրենց նախնիներն այդտեղ են եկել XIX դարում: Վենետիկի Մխիթարյան
միաբաններից Հ. Մինաս վրդ. Բժշկյանը 1818 թվականին շրջագայել է Սև ծովի ափերով, եղել նաև Խոփայում` այն անվանելով «փոքր ավան և նավատեղի», հայերի չի հիշատակում, իսկ ներկայիս համշենցի հայերի ամենամեծ գյուղի` Մաքրիյալի մասին, որն անվանում է Մաքրագալա, գրում է, որ «առաջ անուանի տեղ է եղեր, հիմա լազերու տեղ է»: Բայց երբ 1878 թ. Սան Ստեֆանոյի և Բեռլինի
պայմանագրերով Ռուսաստանին անցան Խոփա քաղաքից հյուսիս
գտնվող Մաքրիյալն ու մյուս գյուղերը, արդեն դրանցում համշենցի
հայեր էին բնակվում: Հարություն Գաթենյանը առաջիններից մեկն էր, որ 1883 թ. մամուլում անդրադարձավ Բաթումի օկրուգին միացված գյուղերի մահմեդական հայերին։ Նա գրել է, որ համշենցի մահմեդական հայերը հնուց սովորություն են ունեցել գարնանը ելնել Կղարջքի սարերը, ըստ այդմ պետք է ենթադրել, որ նրանք կամ վաղուց էին բնակվում Խոփայի գյուղերում, կամ Կղարջք էին գալիս Համշենից: Ո՞վ էր Հ. Գաթենյանը, որ ծանոթ էր այդ իսլամացված հայերի նիստուկացին: Ցավոք, հանրագիտարաններում նրա մասին ոչինչ չկա գրված: Երկար փնտրտուքից հետո հաջողվել է գտնել միայն որոշ կենսագրական տեղեկություններ գտնել` 1917 թվականին Թիֆլիսում հրատարակված «Հայաստան»
թերթում, որում տպագրված մահախոսականից տեղեկանում ենք, որ Թիֆլիսում հանկարծամահ է եղել Հարություն Գաթենյանը: Մահախոսականում նշված է նաև, որ նա «ունէր ձեռագիր աշխատութիւններ
Արդւինի շրջանին թրքախօս հայերու վրայ, որոնք բաւական հետա-
քրքիր էին և ունէին պատմական մեծ արժէք, … այս բոլոր գրաւոր աշխատութիւնները կորսուեցան Կարնոյ բոլոր ստացուածքին հետ»։
No comments:
Post a Comment