Առաջին սահմանադրությունն Ամերիկայի Միացյալ Նահանգների 1787 թ. Սահմանադրությունն է, որը գործում է մինչ օրս՝ իհարկե, ավելի քան 200 տարվա ընթացքում կատարված էական փոփոխություններով։
Եվրոպայում առաջին սահմանադրություններն ընդունվել են 1791 թ.՝ նախ՝ այդ տարվա մայիսի 3-ին, Լեհաստանում, այնուհետև՝ նույն տարվա սեպտեմբերի 3-ին, Ֆրանսիայում։
Սակայն «սահմանադրություն» տերմինը շատ ավելի հին պատմություն ունի։ Ընդունված է ասել, որ տերմինը ծագում է լատինական «constitution» բառից, որը նշանակում է «սահմանում», «կառուցվածք»։ Իսկ դեռևս Ք.ա. 4-րդ դարում անտիկ հույն մտածող Արիստոտելը «սահմանադրություն» հասկացությունն օգտագործում էր պետության կառուցվածքի, պետական իշխանության արդյունավետ կազմակերպման, նրա՝ ժողովրդավարական և արդարացի լինելու մասին խոսելիս։ Հին Հունաստանում և Հին Հռոմում երկար ժամանակ սահմանադրություն էին կոչվում նաև կայսրերի, միապետների ընդունած իրավական ակտերը։