Monday, January 29, 2018

Վահան Տերյան

2. ԱՆԾԱՆՈԹ ԱՂՋԿԱՆ

Լույսն էր մեռնում, օրը մթնում.
Մութը տնից տուն էր մտնում.
Ես տեսա քեզ իմ ճամփի մոտ,
Իմ մտերի՛մ, իմ անծանո՛թ։

Աղբյուրն անուշ հեքիաթի պես
Իր լույս երգով ժպտում էր մեզ.
Դու մոտեցար մեղմ, համրաքայլ,
Որպես քնքուշ իրիկվա փայլ։

Անակնկալ բախտի նըման,
Հայտնվեցիր պայծառ-անձայն.
Անջատվեցինք համր ու հանդարտ,
Կյանքի ճամփին մի ակնթա՜րթ...


Գարնան լուսե ամպի նման
Գարնան լուսե ամպի նման՝
Այս խավար կյանքում
Դու նետել ես մի թովչական
Ժպիտ իմ հոգուն։
Մոլոր սրտիս տառապանքի
Անլույս աշխարհում
Դու վառել ես մի այլ կյանքի
Արևոտ հեռուն։
Դրոշմել ես բոցե կնիք
Մեռած իմ հոգում.
Դո՛ւ իմ հավատ, իմ հայրենի՛ք,
Դո՛ւ իմ փրկություն…

***


Հնչում է անվերջ աշնան թախիծով
Դաշնամուրն այնտեղ, պատի հետևում.
Հարազատ է ինձ այդ երգը հեծող —
Իմ անանց ցավով մեկն էլ է ցավում։

Աշնան տխրահեծ անձրևի նըման,
Անձրևի նըման լալիս են անվերջ
Այն հնչյունները մեղմ ու միաձայն՝
Պատի հետևում և իմ հոգու մեջ…


ԱՆԱՆՈԻՆ ՍԵՐ

Իմաստուն խոսքեր սովորեցի ես,
Որ հրապուրեմ զորությամբ մթին,
Հոգիդ կախարդեմ ու հմայեմ քեզ,
Ինձ այրող հուրը նետեմ քո սրտին։

Բայց բոլոր խոսքերն իզուր են արդեն,
Թալիսմանները՝ մեռած և անուժ,
Հըմայք և դյութանք անզոր են քո դեմ...
— Արդյոք ո՞վ գիտե անունըդ անուշ...


ՀԻՎԱՆԴ

Քնքուշ երազով պաճուճիր հոգիս,
Նստիր մահճիս մոտ ու տխուր երգիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս
Ու մեղմ փայփայիր սիրտըս տարագիր։

Օտար դաշտերի անանց մշուշում
Տըխուր լռության գիշերն է իջել —
Իմ սիրտը հավետ թախիծն է մաշում,
Մի լուսե երգ է իմ հոգում ննջել...


Քո պայծառ գահից մեղմորեն իջիր,
Մազերըդ փռիր հոգնատանջ կրծքիս,
Անուշ երազով սիրտըս պաճուճիր,
Ցնորք հուշերով ամոքիր հոգիս...


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...