Սայաթ-Նովայի խաղերում եղած ծածկագրությունների վերծանությունների հիման վրա տարբեր ուսումնասիրողներ նրա ծննդյան տարին համարել են 1712, 1717, 1722 թվականները։ Երգչի առաջին կենսագիր Գևորգ Ախվերդյանն առաջարկել է նրա ծննդյան 1712 թվականը, որը հետագայում վիճարկվել է, և տարբեր փաստարկների ու հաշվարկների հիման վրա առաջարկվել են ծննդյան նոր թվականներ՝ 1711-1726-ի սահմաններում։ Առանձին նշվել են նաև 1710 և 1724 թվականները։
Մորուս Հասրաթյանը 1942 թվականին Սայաթ-Նովայի խաղերից մեկի վերլուծության հիման վրա պնդել է, թե աշուղի ծննդյան տարեթիվը 1717-ն է։
Սայաթ-Նովայի ծննդյան թվականի հարցը առանձին համակողմանի քննության է ենթարկել Պարույր Սևակը՝ առկա փաստերի ուսումնասիրությամբ եզրակացնելով, որ նա ծնվել է 1722 թվականին։ Պարույր Սևակի կատարած քննությանը ճշգրտելով և նոր տվյալներով համալրելով, այժմ 1722 թվականը համարվում է ամենավստահելին։
Սայաթ-Նովայի մանկությունն ու պատանեկությունն անցել է Թիֆլիսում։ Սովորել է գրել-կարդալ հայերեն, վրացերեն, իմացել է նաև արաբերենի այբուբենը։
12 տարեկանից նրան տվել են արհեստի, սովորել է ջուլհակություն և կարճ ժամանակում այնքան է հմտացել, որ կտավը հինելու և գործելու նոր դազգահ է պատրաստել։
Երգը և երաժշտությունը նրան հմայել են դեռ փոքրուց։ Մինչև երեսուն տարեկանը Սայաթ-Նովան կատարելագործվել է աշուղական արվեստի մեջ, սովորել եղանակներ և պարզ ու խառը չափեր, հորինել խաղեր՝ հարմարեցնելով հատուկ մեղեդիներ և կատարել ժողովրդական հավաքույթների ժամանակ։
Մեզ է հասել Սայաթ-Նովայի ավելի քան 230 խաղ, որոնք ամփոփված են իր սեփական ձեռքով գրած, որդու՝ Օհանի կազմած ու արտագրած և վրաց թագավորի գրագիր Պենդելենց Հովանեի վավերագրած դավթարներում, բանահյուսական զանազան ժողովածուներում, կամ մնացել են ժողովրդի հիշողության մեջ և աստիճանաբար գրի առնվել ու հրատարակվել։
No comments:
Post a Comment