Friday, April 1, 2016

Ղազարոս Աղայան

Ղազարոս Աղայանը ծնվել է 1840 թվականի ապրիլի 4–ին Բոլնիս–Խաչեն հայաբնակ գյուղում։
Սկզբնական կրթությունն ստացել է ծննդավայրում և Շամշուլդա գյուղում՝ քահանա Տեր-Պետրոսի մոտ։ 1853 թվականին ընդունվել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, սակայն մեկ տարի անց ինքնակամ հեռացել։ Այնուհետև իր գիտելիքները լրացրել է ինքնակրթությամբ։
Աշխատել է որպես գրաշար Թիֆլիսում, Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում։ 1867 թվականին վերադարձել է Անդրկովկաս, եղել է Էջմիածնի տպարանի կառավարիչ, խմբագրել «Արարատ» ամսագիրը։ Դասավանդել է Ախալցխայի, Ալեքսանդրապոլի, Երևանի, Շուշվա դպրոցներում , եղել Վրաստանի և Իմերեթիայի հայկական դպրոցների թեմական տեսուչ։ Աշխատել է «Փորձ» հանդեսի խմբագրությունում որպես քարտուղար, գործուն մասնակցություն ցուցաբերել «Աղբյուր» մանկական պատկերազարդ ամսագրի խմբագրմանը։
1895 թվականին ձերբակալվել է հնչակյան կուսակցությանը պատկանելու մեղադրանքով, աքսորվել Նոր Նախիջևան, ապա՝ Ղրիմ ։ Այնուհետև մինչև կյանքի վերջը եղել է ցարական ժանդարմերիայի հսկողության տակ։ 1902 թվականի մայիսին տոնվել է Աղայանի գրական գործունեության 40-ամյակը։ 1905 թվականին մասնակցել է Թիֆլիսի հոկտեմբերյան ցույցին՝ ցարին տապալելու կոչ արել։
Մահացել է 1911 թվականի հունիսի 20-ին Թիֆլիսում։


Ղազարոս Աղայանի հետ կապված պատմություններ


1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել: Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»: 
Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում էշ. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր...», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:



Ղազարոս Աղայանի բանաստեղծությունները

ՀՈՆԻ ԿՈՐԻԶԸ
Տարեմուտի երեկոյին
Մայրըս թխեց կարկանդակ,
Մեջը դրավ հոնի կորիզ,
Իբրև բախտի նշանակ:
«Կորիզն,- ասաց, – ում որ ընկնի,
Դովլաթավոր կըդառնա,
ՈՒ՛ր որ գնա, ի՛նչ գործ բռնե,
Փառք ու պատիվ կըստանա»:
Կարկանդակը բաժանեցինք,
Կորիզն ընկավ ինձ բաժին,
Եղբայրներս սրտնեղելով՝
Նախանձեցին իմ բախտին:
«Կույր է բախտը, սուտ չէ ասած»,
Մեծ եղբայրս փնթփընթաց,
«Մի՞թե սա է ամեիս մեջ
Աշխատավոր, բանիմաց…»
Մեկելներն հավանեցին
Մեծ եղբորս ասածին. –
«Իրա՞վ. իրա՛վ, չէր արժանի»,
Միաբերան ձայնեցին…
Մայրըս ասաց. «Խելոք կացեք,
Ահա կգա Նոր-Տարին,
Նա որ տեսնե ձեզ կռվելիս՝
Պարգև չի տալ ոչ մեկին:
Բայց որ տեսնե դուք սիրով եք
Եվ խռով չեք իրանցից,
Այնուհետև ինչ որ ուզեք,
Չի խնայիլ ձեզանից»:
Այս ասելով՝ նա մեզ տըվավ
Տեսակ- տեսակ մրգեղեն,
Չիր ու չամիչ, տանձ ու խնձոր
Եվ զանազան քաղցրեղեն:
Քաղցր կերանք ու քաղցրացաբք
Եվ խնդացինք շատ ու շատ,
Չարազ արինք նուռ, սերկևիլ,
ՈՒնաբ, սալոր, թուզ, փշատ:
«Հոնի կորիզն» այնուհետև
Բոլորովին մոռացանք,
Եվ շատ սիրով իրար գրկած,
Պառկոտեցինք, քնեցանք…
ԾԻՏԸ ԵՎ ԲԱԶԵՆ
Ծիտը ծառին ծլվըլում է.
– Ծի՜վ, ծի՜վ, ծի՜վ.
Բազեն գլխին պտըտվում է.
– Վու՜յ, վու՜յ, վու՜յ…
Ծիտը լռեց, ծիտը վախեց.
– Վա՜ջ, վա՜ջ, վա՜ջ…
Բազե, թը՜ռռ, բազե թը՜ռռ.
– Հա՜ջ, հա՜ջ, հա՜յ…
Բազեն թռավ,
Բազեն փախավ,
Ի՜նչ լավ էլավ.
– Հե՛ – հե՛ – հե՛…
Ծիտի՛կ միտիկ, պի՛ծիկ միծիկ,
Պըտպըտուրի՛կ, չըլպըտուրիկ,
Դու լա՛վ պրծար չար բազեի
Սուր ճանկերից, հա՜ – հա՜ – հա՜…
ԱՔԱՂԱՂ
Աքաղաղը կանչում է.
– Ծուղրուղու՜,
Ղու-ղու-ղու՜.
Պառավ նանը զարթնում է,
– Տա-տա-տա՜…
Պա-պա-պա՜…
Աքլա՛ր, ինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթնեցրիր.
Ա՜խ դու-դու՜,
Ա՜յ ջու-ջու՜:
Ա՜յ նանի, ջան նանի,
Մեզ մի վեր կացընի,
Թող մի քիչ էլ մնանք,
Քնից լավ կշտանանք:
Աքլորը շուտ է կանչում,
Աքլորը քեզ է խաբում,
Աքլո՛ր, ինչու՞ կանչեցիր,
Ինչու՞ նանին զարթեցրիր.
Ա՜խ դու-դու՜,
Ա՜յ ջու-ջու՜:
ԱՌԱՎՈՏԸ ԳՅՈւՂՈւՄ
Արեգակը դուրս է եկել
Պսպըղալով.
Շողքը հերթից ներս է ընկել
Շողշողալով.
Ծիտը ծառին կըչկըչում է
Ծըլվըլալով.
Ձորումն առուն քչքչում է
Վըշվըշալով.
Ծույլ տղայի քունն է տարել
Խռըմփալով.
Տրեխները շունն է տարել
Մըռմըռալով:
ԱՐԵԳԱԿ
Արև՛, արև՛, ե՜կ, ե՜կ,
Զիզի քարին վե՜ր եկ.
Սև-սև ամպեր հեռացեք,
Արևին ճամփա տըվեք:
Թողեք տող գա նա մե՜զ մոտ,
Դրա լույսին ենք կարոտ.
Կարմի՛ր արև ե՜կ, ե՜կ,
Նախշուն քարին վեր եկ:
Արևը հաղթեց ամպերին,
Շողքը ձգեց սարերին,
Զիզի քարը տե՜ս, տե՜ս
Պըսպղում է ոսկու պես:
Սիրուն արև, մի՜շտ եկ,
Զիզի քարին վե՜ր եկ:
ՄԱՆՈւՇԱԿ
Ասա ինձ, մանուշակ,
Ինչու՞ ես այդպես վաղ
Դուրս եկել մեն-մենակ.
Դեռևս չի բացվել
Ոչ մի տեղ քեզ նման
Հոտավետ մի ծաղիկ:
_ Ես չունիմ մյուսների
Գեղեցիկ հասակը,
Ոչ նրանց հագուստը՝
Զարդարուն ու շքեղ,
Դուք ինձ չեք նկատիլ,
Եթե ես երևամ
Նրանց հետ միատեղ:


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...