Wednesday, February 28, 2018

Բագրատունիներ

Աշոտ Ա 885-890
Սմբատ Ա 890-914
Աշոտ Բ Երկաթ 914-928
Աբաս 928-953
Աշոտ Գ Ողորմած 953-977
Սմբատ Բ Տիեզերակալ 977-990
Գագիկ Ա 990-1020
ՀովհաննեսՍմբատ 1020-1041
Գագիկ Բ 1042-1045

Արշակունյաց «Գահնամակում» Բագրատունիների տոհմը հիշատակվում է երկրորդը: Նրանց է պատկանել թագադիր ասպետի արքունի գործակալությունը, և հաճախ, ըստ իրենց պաշտոնի, անվանվել են Ասպետունի: Բագրատունիների ժառանգական տիրույթը Բարձր Հայք նահանգի Սպեր գավառն էր, իսկ Արշակունիների թագավորության վերացումից հետո՝ նաև Այրարատ նահանգի Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով
V դարի վերջին Սահակ Բագրատունին դարձել է Հայոց մարզպան: VII–VIII դարերում Բագրատունիները ներքաղաքական պայքարում մրցակցում էին Մամիկոնյանների հետ: VII դարում հայտնի էր Հայոց իշխան Աշոտ Բագրատունին: VIII դարում Հայոց իշխանի պաշտոնը մեծ մասամբ վարել են Բագրատունիները և քաղաքական ասպարեզից աստիճանաբար դուրս մղել Մամիկոնյաններին: VIII դարի վերջին նրանք հաստատվել են նաև Տայքի նահանգում ու Կղարջք գավառում, իսկ IX դարի վերջին Վրաստանում հիմնել են վրաց Բագրատունիների  արքայատունը, որոնց ականավոր ներկայացուցիչներից էին Դավիթ Շինարարը, Գեորգի III-ը, Թամար թագուհին
IX դարի սկզբին Բագրատունիներն իրենց տիրույթներին են միավորել Տարոնը, Շիրակը, Արշարունիքը, Աշոցքը, Տաշիրը, Մոկքը, Սասունը, Շիմշատը, ապա` Այրարատի Ոստան Հայոցը: Այս շրջանում նրանց տոհմական կենտրոնը Բագարան քաղաքն էր: IX դարից Բագրատունիները դարձել են Հայաստանի ամենաազդեցիկ նախարարական տոհմը և ժառանգաբար կառավարել երկիրը նախ՝ որպես Հայոց իշխան, ապա՝ իշխանաց իշխան և Հայոց թագավոր
Բագրատունիների արքայատան և թագավորության հիմնադիր արքան Աշոտ Ա Մեծն է: Նա 855 թ-ից եղել է Հայոց սպարապետ, 862 թ-ին Արաբական խալիֆությունից ստացել է Հայոց, Վրաց և Աղվանից իշխանաց իշխանի տիտղոսը: Նրան է հանձնվել նաև հարկահանության իրավունքը, որի շնորհիվ հարկերը կրճատվել են երեք անգամ: Աշոտ Բագրատունին վերակազմել է բանակը. նրա թվաքանակը հասցրել է 40 հզ-ի, սպարապետությունը հանձնել է եղբորը՝ Աբասին: Երկրի վարչական, տնտեսական և ռազմական իշխանությունը Բագրատունիների ձեռքում էր: Պատմիչի խոսքով՝ Աշոտին պակասում էր միայն թագավորական թագը
869 թ-ին կաթողիկոս Զաքարիա Ա Ձագեցու նախաձեռնությամբ հրավիրված հայ իշխանների ժողովը վճռել է Աշոտին հռչակել թագավոր և Հայաստանի թագավորությունը ճանաչելու պահանջով դիմել է խալիֆին: Վերջինս 885 թ-ին ստիպված արքայական թագ է ուղարկել Աշոտ Բագրատունուն և նրան ճանաչել Հայոց, Վրաց ու Աղվանից արքա: Բյուզանդիայի հայազգի Վասիլ I կայսրը նույնպես արքայական թագ է ուղարկել և դաշինք կնքել Հայաստանի հետ: Կաթողիկոս Գևորգ Բ Գառնեցին 885 թ-ին երկրի իշխանների ու հյուրերի ներկայությամբ Բագարանում Աշոտ Բագրատունուն օծել է Հայոց թագավոր, որով միջազգային ճանաչում է ստացել Հայաստանի փաստական անկախությունը, և վերականգնվել է 457 տարի առաջ կործանված հայկական թագավորությունը
Աշոտ Ա-ն ամրապնդել է Հայոց թագավորությունը և իր գերիշխանությանը ենթարկել ոչ միայն Վրաց և Աղվանից իշխաններին, այլև հարևան արաբ ամիրությունները: Աշոտ Ա Մեծի քաղաքականությունը շարունակել է որդին և հաջորդը՝ Սմբատ Ա-ն, որը մայրաքաղաքը Բագարանից տեղափոխել է Երազգավորս: Նա չեզոք դիրք է գրավել խալիֆության և Բյուզանդիայի միջև` նպաստելով Հայաստանի քաղաքական և տնտեսական զարգացմանը:  893 թ-ին բարեկամության և առևտրական նոր դաշինք է կնքել Բյուզանդիայի հետ: Սմբատ Ա-ն ամրապնդել է թագավորական իշխանությունը ողջ Հայաստանում և Եգերքում՝ մինչև Սև ծովի ափերն ու Վիրք, ընդհուպ` Ալանաց դուռը
908 թ-ին արաբների աջակցությամբ Բագրատունյաց թագավորությունից անջատվել է Վասպուրականը և վերածվել առանձին թագավորության. առժամանակ ջլատվել է երկրի միասնությունը: 909 թ-ին Ատրպատականի ամիրա Յուսուփը Վասպուրականի Գագիկ և Գուրգեն Արծրունի իշխանների օգնությամբ ներխուժել է Բագրատունյաց թագավորություն: Հնգամյա պայքարից հետո Սմբատ Ա-ն հարկադրված հանձնվել է Յուսուփին, որը, դրժելով խոստումը, գլխատել է արքային
Սմբատ Ա-ի որդին՝ Աշոտ Բ Երկաթը, տևական պայքարում վտարել է արաբներին, սանձել կենտրոնախույս ուժերին, միավորել երկիրը: Անզավակ Աշոտ Բ-ին հաջորդել է եղբայրը՝ Կարսի կառավարիչ Աբասը: Նա Բագրատունիների արքունիքը տեղափոխել է Կարս, իսկ կաթողիկոսական աթոռը՝ Աղթամար կղզուց Շիրակ: Աբասի որդու՝ Աշոտ Գ Ողորմածի օրոք սկսվել է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման նոր ժամանակաշրջան: Հաջորդ արքան՝ Սմբատ Բ Տիեզերակալը, ուժեղացնելով կենտրոնական իշխանությունը, ձգտել է մահմեդական ամիրությունների և Բյուզանդիայի հետ վեճերը հարթել խաղաղ ճանապարհով: Սակայն Բագրատունյաց թագավորության վերելքն իր գագաթնակետին է հասել Սմբատ Բ-ի եղբայր Գագիկ Ա-ի օրոք :
Բյուզանդիան 967 թ-ին զավթել է Տարոնի իշխանությունը, 1000 թ-ին՝ Տայքի կյուրապաղատությունը, 1016– 1021 թթ-ին՝ Վասպուրականը: Գագիկ Ա-ի ավագ որդին՝ Հովհաննես-Սմբատը, Բյուզանդիայի ճնշմամբ Անի-Շիրակի թագավորությունը «կտակել» է կայսրությանը: Կաթողիկոս Պետրոս Ա Գետադարձը 1022 թ-ի հունվարին Տրապիզոնում Վասիլ II կայսեր հետ կնքել է պայմանագիր, որով Հայոց թագավորի մահից հետո Բագրատունյաց թագավորությունը միացվելու էր Բյուզանդիային: Հովհաննես-Սմբատը և նրա եղբայր Աշոտ Դ-ն թագավորությունը բաժանել են. Շիրակը՝ շրջակա գավառներով, մնացել է Հովհաննես-Սմբատին, իսկ թագավորության արևելյան կողմերն անցել են Աշոտին
Հովհաննես-Սմբատի մահից հետո բյուզանդական զորքերը ներխուժել են Հայաստան, պաշարել Անին: Հայոց զորքն ու մայրաքաղաքի բնակիչները սպարապետ Վահրամ Պահլավունու գլխավորությամբ ջախջախել են թշնամուն և թագավոր հռչակել Աշոտ Դ-ի որդի Գագիկ Բ-ին: 1045 թ-ին Գագիկ Բ-ին խաբեությամբ գերելուց հետո Բյուզանդիայի կայսր Կոնստանդին IX Մոնոմաքոսը գրավել է Անին և վերացրել Բագրատունիների հայկական պետությունն ու Բագրատունիների արքայատոհմի հիմնական ճյուղի իշխանությունը Հայաստանում:
Բագրատունիներն ունեցել են մի քանի ճյուղավորում՝ Տարոնի, Մոկքի, Կարսի և Տաշիր-Ձորագետի: X դարի 2-րդ կեսին և մասամբ XI դարում այս ճյուղերն ստեղծել են որոշ ինքնուրույնություն ունեցող քաղաքական միավորումներ: Տարոնի Բագրատունիները, որոնք սերում են Բագարատ Բագրատունու Աշոտ ու Դավիթ  որդիներից, և Բագարատի եղբայր Սմբատի որդի Մուշեղից սերած Մոկաց Բագրատունիները X դարի 2-րդ կեսին տեղափոխվել են Բյուզանդիա: 963 թ-ին Աշոտ Գ Ողորմածի եղբայր Մուշեղը հիմնել է Վանանդի թագավորությունը և սկիզբ դրել Բագրատունիների նոր ճյուղի: Աշոտ Գ-ի որդի Գուրգենը գահակալել է Տաշիր-Ձորագետի կամ Լոռու թագավորությունում՝ սկզբնավորելով Կյուրիկյանների հարստությունը: Այդ թագավորության վերացումից հետո այս ճյուղի Բագրատունիները հիշվում են սոսկ որպես իշխաններ: Նրանց մասին հիշատակություն կա մինչև XVI դարի սկիզբը, որից հետո հայ Բագրատունիներն դուրս են եկել պատմության ասպարեզից:

Աղբյուրներ՝

Династия Багратуни


Իմ կարծիք
Բագրատունիները շատ հզոր և անվախ են։ Եթե նրանց թագավորները այդքան խելացի և հզոր չլինեին, նրանք չէին կարողանա այդքան հզորանալ։ Հիմա այդպիսի մարդիկ քիչ կան, ովքեր հայրենասեր են և հանուն հայրենիքի իրենց կյանքը կվտանգեն։


No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...