Մկանների կառուցվածքը
Մկանները հենաշարժիչ համակարգի ակտիվ մասերն են և ապահովում են շարժումների բազմազանությունը։ Մկանների շնորհիվ մարմինը պահպանում է հավասարակշռությունը, տեղաշարժվում է տարածության մեջ, իրականացնում կրծքավանդակի ու ստոծանու շարժումները, կլլման ակտը, աչքի շարժումները, ներքին օրգանների, այդ թվում՝ սրտի աշխատանքը։
Մկանները լինում են հարթ և միջաձիգ զոլավոր։ Մեր մարմնի կմախքային մկանները կազմված են միջաձիգ զոլավոր մկանային հյուսվածքից։ Չափահաս մարդու կմախքային մկանները կազմում են մարմնի զանգվածի 1/3-ը, իսկ երեխաներինը՝ 1/4-ը։ Ծերունական հասակում մկանային զանգվածի ծավալը փոքրանում է։ Մարզիկների մոտ այն կազմում է մարմնի ընդհանուր ծավալի 50 %-ը։ Մարդն ունի ավելի քան 600 մկան։ կմախքային մկանների գործունեությունը կարգավորվում է նյարդային համակարգով, նրանք զուրկ են ինքնավարությունից, որի համար կոչվում են կամային։ Մկանները հարուստ են արյունատար անոթներով, որոնք ապահովում են նրանցում ընթացող նյութափոխանակությունը։
Կմախքային մկաններն ունեն բարդ կառուցվածք։ Յուրաքանչյուր մկան կազմված է շարակցահյուսվածքային միջնաշերտով միմյանցից բաժանված բազմաթիվ խրձերից։ Արտաքինից մկանը ծածկված է ամուր թաղանթով՝ փակեղով։ Մկանախրձերում գտնվում են տարբեր երկարության մկանաթելեր։
Արյան ձևավոր տարրեր
Արյան ձևավոր տարրերն են էրիթրոցիտները, լեյկոցիտները և թրոմբոցիտները։
Էրիթրոցիտները երկգոգավոր սկավառակաձև, 7,2-7,5 մկմ տրամագծով կարմիր մարմիկներն են։ Այդպիսի կառուցվածքը մեծացնում է նրանց շփման մակերեսն արյան մեջ ներթափանցած գազերի հետ և մեծացնում թթվածին տեղափոխելու օգտակար գործողության գործակիցը։ Առաջանում են կարմիր ոսկրածուծում, որտեղ ունեն կորիզ։ Հասուն էրիթրոցիտները ոսկրածուծից դուրս գալուց առաջ կորիզազրկվում են, ուստի նրանց անվանում են ոչ թե բջիջներ, այլ մարմիկներ։ 1 մմ3 արյան մեջ պարունակվում է 4,5-5 միլիոն էրիթրոցիտ։ Արյան մեջ էրիթրոցիտների քանակը կարող է ավելանալ մեծ բարձրությունների վրա՝ թթվածնի պակասի դեպքում, ինչպես նաև մկանների աշխատանքի ժամանակ։
Արտաքուստ էրիթրոցիտները ծածկված են առաձգական նուրբ թաղանթով, որի շնորհիվ նեղ մազանոթով անցնելիս իրենց ձևը փոխում են, դառնում ձվաձև, հպվում մազանոթի պատերին և դանդաղ շարժվում։ Այդ ժամանակ է կատարվում գազերի փոխանակում էրիթրոցիտների ու հյուսվածքային հեղուկի միջև։ Հասուն էրիթրոցիտների կյանքի առավելագույն տևողությունը 120-130 օր է։
Լեյկոցիտներն արյան սպիտակ կորիզավոր բջիջներն են, ունեն 2-14 մկմ մեծություն։1 մմ3 արյան մեջ կա 6000-8000 լեյկոցիտ։ Լեյկոցիտները, բացի արյան հոսքով շարժվելուց, կարող են առաջացնել «կեղծ ոտիկներ» և ինքնուրույն տեղաշարժվել ամեոբայի նման։ Մազանոթներում, որտեղ արյան հոսքը դանդաղ է, մազանոթի բջիջների արանքով անցնում են հյուսվածքներ, շրջապատում մանրէներին, կլանում, մարսում են և պաշտպանում մեր օրգանիզմը։ Ա յս երևույթը հայտնաբերել է ռուս գիտնական Ի.Ի. Մեչնիկովը և անվանել է ֆագոցիտոզ, իսկ ֆագոզիտոզ կատարող բջիջներին՝ ֆագոցիտներ։ Ֆագոցիտը մեկ ժամվա ընթացքում կարող է կլանել և մարսել 20-ից մինչև 100 մանրէ։ Սակայն ավելին կլանելու դեպքում չի կարողանում մարսել, և լեյկոցիտը մահանում է։ Մահացած լեյկոցիտների և հյուսվածքային բջիջների կուտակը թարախն է։ Լեյկոցիտները քանակը կարող է ավելանալ սնունդ ընդունելուց, ծանր ֆիզիկական աշխատանքից հետո և հատկապես բորբոքային պրոցեսների ժամանակ։
Թրոմբոցիտները կամ արյան թիթեղիկները 1,5-2 մկմ մեծություն ունեն։ Մասնակցում են արյան մակարդման գործընթացին։ Սրանք արյան ամենափոքր ձևավոր տարրերն են, առաջանում են ոսկրածուծում, ապրում են 5-7 օր, քայքայվում փայծաղում, չունեն կորիզ։ 1 մմ3արյան մեջ պարունակվում է 400000 թրոմբոցիտ։ Սրանց քանակի պակասի դեպքում վնասված անոթից տեղի է ունենում երկարատև արյունահոսություն։ Քայքայված թրոմբոցիտները փոխարինվում են երիտասարդ թրոմբոցիտներով։
Արյան խմբեր
Ըստ նրանց առկայության` տարբերում են արյան չորս խմբեր։ Այսպես` որոշ մարդկանց էրիթրոցիտներում բացակայում են A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում առկա են α և β ագլյուտինիններ: Արյան II խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են միայն A ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ β ագլյուտինիններ: Արյան III խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում լինում են B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում՝ α ագլյուտինիններ:
Արյան IV խումբ ունեցող մարդկանց էրիթրոցիտներում կան A և B ագլյուտինոգեններ, իսկ պլազմայում ագլյուտինիններ չկան: Այսպիսով` արյան I խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել բոլորին, որովհետև նրանում չկան A և B ագլյուտինոգեններ, II և III խմբերին պատկանող արյունը կարելի է ներարկել համապատասխանորեն իրենց և IV խմբերին: IV խմբին պատկանող մարդկանց արյունը կարելի է ներարկել միայն IV խմբի արյուն ունեցող մարդկանց: Այդ պատճառով արյան I խումբը համարվում է համընդհանուր դոնոր, իսկ IV խումբը՝ համընդհանուր ռեցիպիենտ:
Եթե չկատարվի արյան խմբերի ճիշտ ընտրությունը, ապա փոխներարկման ժամանակ արյուն ընդունող օրգանիզմում կարող է տեղի ունենալ ագլյուտինացիա` էրիթրոցիտների քայքայում, և ավարտվել մահով: Արյան խմբերը որոշող հակածինները ժառանգաբար փոխանցվում են սերնդեսերունդ և չեն փոխվում կյանքի ընթացքում: Մարդկանց 40−50 %-ը ունի առաջին խմբի արյուն, 30−40 %-ը` երկրորդ, 10−20 %-ը՝ երրորդ, իսկ 5 %-ը՝ չորրորդ խումբ:
Սիրտ
Չափահաս մարդու սրտի զանգվածը կազմում է 250−300 գ: Սիրտը գտնվում է սրտապարկում, որը շարակցահյուսվածքային թաղանթ է: Սրտապարկի ներքին մակերևույթն արտադրում է քիչ քանակությամբ հեղուկ, որը թուլացնում է կծկման ժամանակ առաջացած շփման ուժը: Սիրտը հոծ միջնորմով բաժանվում է աջ և ձախ կեսերի, որոնցից յուրաքանչյուրը կազմված է նախասրտից և փորոքից: Նախասրտերը և փորոքները հաղորդակցվում են անցքերով, որոնցում կան փեղկավոր փականներ: Սրտի աջ նախասրտի և աջ փորոքի բացվածքի սահմանում գտնվում են եռափեղկ փականներ, իսկ ձախ նախասրտի ու ձախ փորոքի բացվածքի սահմանում` երկփեղկ փականները: Սրտից դուրս եկող թոքային զարկերակի և աորտայի ներսում կան կիսալուսնաձև փականներ: Եռափեղկ և երկփեղկ փականները խոչընդոտում են արյան հետադարձ շարժումը փորոքներից նախասրտեր: Կիսալուսնաձև փականներն արգելակում են արյան հետադարձ շարժումը թոքային զարկերակից և աորտայից դեպի սիրտ: Սիրտն աշխատում է անընդմեջ` արյունը մղելով արյունատար համակարգ և ապա բոլոր օրգաններ ու հյուսվածքներ: Գիտնականները հաշվել են, որ մեկ օրվա ընթացքում սրտամկանը ծախսում է այնքան էներգիա, որով կարելի է 900 կգ ծանրությունը բարձրացնել մինչև 14 մ բարձրության վրա, և դա արվում է ամբողջ կյանքի ընթացքում`70−80 տարի և ավելի: Դա բացատրվում է սրտի աշխատանքի որոշակի առանձնահատկությամբ: Սիրտը հաջորդաբար կծկվում և թուլանում է կարճատև հանգստի ընդմիջմամբ:
No comments:
Post a Comment