- Կարդա տեքստը, գտիր
— բարդ նախադասությունները և դրանց բաղադրիչ նախադասությունների կապակցման միջոցները
- -հարադիր բայերը։
- Մեկնաբանիր վերնագիրը։ Այս հոդվածի հետ ի՞նչ կապ ունի խելքը։
Խելքը շուկայում չե՞ն ծախում
Ժողովրդական իմաստուն խոսք է. խելքը բնատուր է, բավական չափով էլ՝ «մարզովի»։ Բայց եթե շուկայում չեն ծախում, ապա գոնե … կշռում են։ Չե՞ք հավատում։ Վերցրեք տաղանդ բառը, որի այժմյան իմաստը բոլորիդ է հայտնի։ Բայց այդ բառը մեր նախնիները փոխ են առել հին հունարենից և ժամանակին օգտագործելիս են եղել երկու նշանակությամբ՝ «կշռաչափ» և «ոսկեդրամի չափ»։
Այդ դեռ քիչ է։
Հին հունարեն տա՛լանտոն պարզապես նշանակել է…. «կշեռք» (ինքն էլ կազմված է տալանտո՛ո բայի հիման վրա, որ նշանակել է «տատանել, ճոճել». պատկերացրեք կշռելու պահը)։ Տա՛լանտոն նշանակել է նաև«կշռաչափ՝ 26,2կգ», «ոսկեդրամի չափ». 1 տաղանդ ոսկին հավասար է եղել 10 արծաթյայի։ «Ուրիշներից ետ չմնալու համար»՝ այդ բառը հույներից վերցրել են և անգլիացիները, որոնց լեզվում, բացի վերևի իմաստներից, բառը նշանակում է նաև «փափագ, ցանկություն, կամք»։ Հին ֆրանսերենում էլ նշանակել է «կշռի չափ», բայց հյուսիսում և հարավում՝ նաև «ցանկություն», իսկ լանգեդակերենում՝ «ուտելու ցանկությունւ, քաղց»։ Տեսեք, թե ո՛ւր է հասել «կշեռքը»։
Եթե կա մեկը, որ դեռ կասկածում է, թե հնում խելքը իրոք «կշռել են», կարող եմ հիշել և քանքար բառը, որը դարձյալ ժամանակին նշանակել է առաջին հերթին «կշռաչափ» և «ոսկեդրամի միավոր»։ Խորենացին գրում էր. «… Խոստանայ հինգ հարիւր կին գեղեցիկ եւ հազար քանքար ոսկւոյ, զի օգնեսցէ նոցա….» («Խոստանում է հինգ հարյուր գեղեցիկ կին և հազար քանքար ոսկի, որ օգնի իրենց»)։
Ուրեմն, դուրս է գալիս, որ եթե նկատի ունենայինք քանքար-ի ցույց տված կշիռը, մեկի մասին «քանքար ունի, քանքար+ավոր է» ասելիս պիտի հասկանայինք, որ նա… 138 լիդր, այսինքն 45կգ 333գ խելք ունի։ Իսկ տաղանդավորի խելքը մի քիչ ավելի թեթև է, ընդամենը 26,2 կգ…
No comments:
Post a Comment