Մշակութային տուրիզմը ընդգրկում է ճանապարհորդություններ դեպի քաղաքային վայրեր, մասնավորապես պատմական և մեծ քաղաքներ և մշակութային նշանակություն ունեցող կառույցներ, ինչպիսիք են օրինակ թանգարանները և թատրոնները։ Այն կարող է նաև ներառել զբոսաշրջությունը գյուղական վայրերում, որը ներկայացնում է բնիկ ցեղերի սովորույթները, կենսակերպը, ծեսերն ու ավանդույթները։
Համարվում է, որ մշակութային զբոսաշրջիկները ավելի շատ գումար են ծախսում քան սովորական զբոսաշրջիկները։ Մշակութային զբոսաշրջությունը գնալով դառնում է ավելի հայտնի և տարածված ամբողջ աշխարհում։ Բացի այդ այն կարևոր դեր է խաղում այցելվող վայրերի զարգացման և հարստացման գործում։
Մշակութային տուրիզմը սահմանվում է որպես անհատների տեղաշարժը իրենց մշտական բնակության վայրից դեպի մշակութային կենտրոններ նոր ինֆորմացիա և փորձ ձեռք բերելու ինչպես նաև մշակութային կարիքները բավարարելու նպատակով։ Մշակութային կարիքներ ասելով հասկանում ենք անհատի սեփական մշակութային ինքնության ամրապնդումը այլ մշակույթներ ուսումնասիրելու միջոցով։
Մշակութային տուրիզմը ունի երկար պատմություն։ Այն երբեմն համարում են զբոսաշրջության նախնական տարբերակը։ Այն նաև զարգացման մեծ հեռանկարներ ունի ապագայում։ Համաշխարհային զբոսաշրջային կազմակերպությունը հաշվարկել է, որ ընդհանուր զբոսաշրջության մոտ 37 %-ը կազմում է մշակութային տուրիզմը, և հետագայում այն տարեցտարի աճելու է ևս 15%-ով։ Վերջին ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Եվրոպացիները արտասահմանում այցելում են նույնքան թանգարաններ, որքան իրենց հայրենիքում։ Սա ցույց է տալիս մշակութային զբոսաշրջության զարգացման կարևորությունը։
Զբոսաշրջությունը սկսել է տարածվել հնում մեկուսացված բայց հիանալի Կենտրոնական Ասիայի, Հինդուկուշի և Հիմալայների լեռնային շրջաններում։ Երկար տարիներ զբոսաշրջիկների տեսադաշտից հեռու լինելով՝ այս շրջանները ներկայումս գրավում են մեծ թվով զբոսաշրջիկների՝ շնորհիվ իրենց յուրահատուկ մշակույթի և բնական գեղեցկության։ Ինչևէ, չնայած զբոսաշրջիկների այս մեծ ներհոսքը տնտեսական և աշխատանքային նոր հնարավորություններ է բերում տեղական բնակչությանը, այն նաև մեծ մարտահրավեր է նետում այդ ռեսուրսների և հնարավորությունների հավասարաչափ բաշխմանը։
Ի պատասխան այս մտահոգության՝ Նորվեգիայի կառավարությունը և ՅՈՒՆԵՍԿՈն մշակել են Կենտրոնական Ասիայի և Հիմալայների լեռնային շրջանների մշակութային և էկոտուրիզմի զարգացման ծրագրեր։ Դրանց նպատակն է կապ հաստատել և համագործակցել տեղի բնակչության, ազգային և միջազգային հասարակական կազմակերպությունների և տուրիստական գործակալությունների հետ, որը կօգնի տեղական բնակչությանը ներգրավել տարբեր ծրագրերում և թափուր աշխատատեղեր ստեղծել նրանց համար։
Աղբուրը՝ Մշակութային տուրիզմ
No comments:
Post a Comment