ՅՈՒՆԵՍԿՕ-ն ՄԱԿ-ի 15 մասնագիտացված գործակալություններից մեկն է: 1945 թվականի նոյեմբերի 16-ին 37 հիմնադիր պետությունների ներկայացուցիչներ Լոնդոնում ստորագրել են Կազմակերպության հիմնադիր փաստաթուղթը` Սահմանադրությունը, որն ուժի մեջ է մտել 1946թ. նոյեմբերի 4-ին` 20 պետությունների կողմից վավերացվելուց հետո: Կազմակերպության հիմնական նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության ամրապնդմանը` կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում ազգերի համագործակցության միջոցով:
Այսօր Կազմակերպությունն ունի 193 լիիրավ և 11 ասոցացված անդամ: Հայաստանն անդամակցել է 1992թ. հունիսի 9-ին:
ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցչությունը գտնվում է Փարիզում:
2019թ. հունվարի 17-ից ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական պատվիրակ է հանդիսանում արտակարգ և լիազոր դեսպան Քրիստիան Տեր-Ստեփանյանը:
ՅՈՒՆԵՍԿՕ-ն ունի 3 հիմնական մարմին.
- Գլխավոր կոնֆերանսը Կազմակերպության որոշում կայացնող գերագույն ղեկավար մարմինն է:
Գլխավոր կոնֆերանսի նստաշրջանները գումարվում են երկու տարին մեկ անգամ, գլխավորապես` ՅՈՒՆԵՍԿՕ-ի քաղաքականությունը և գործունեության հիմնական ուղղությունները սահմանելու, այդ թվում` Կազմակերպության` որոշակի ժամանակահատվածի համար նախանշված ծրագիրը, բյուջեն և միջնաժամկետ ռազմավարությունը հաստատելու նպատակով: Հերթական նստաշրջանը կայանալու է 2019թ. աշնանը: Նստաշրջանների աշխատանքներին մասնակցում են Կազմակերպության անդամ պետությունների և ասոցացված անդամների ներկայացուցիչները: Յուրաքանչյուր անդամ պետություն ունի մեկ ձայն: Գլխավոր կոնֆերանսն ընտրում է Գործադիր խորհրդի անդամներին: Գլխավոր կոնֆերանսի աշխատանքային լեզուներն են անգլերենը, արաբերենը, իսպաներենը, ռուսերենը, չինարենը և ֆրանսերենը:
- Գործադիր խորհուրդն իր նշանակությամբ կազմակերպության երկրորդ ղեկավար մարմինն է:
- Գործադիր խորհրդի կազմում ընդգրկված են 58 անդամ պետություններ, որոնց մանդատը 4 տարի է:
Կազմակերպության 10-րդ գլխավոր տնօրենը Օդրի Ազուլեն է, ով պաշտոնապես նշանակվել է 2017թ. նոյեմբեր ամսին:
Աղբյուր՝ ՅՈՒՆԵՍԿՈ
No comments:
Post a Comment