Sunday, December 5, 2021

Սիմփսոնի գործ








Ամերիկացի հայտնի ֆուտբոլիստ և դերասան Օ․ Ջեյ Սիմփսոնը մեղադրվում էր իր նախկին կնոջ՝ Նիկոլ Բրաուն-Սիմփսոնի և նրա ընկերոջ՝ Ռոնալդ Գոլդմանի սպանության մեջ։ Դա ամենաերկարատև դատական հետաքննությունն է եղել Կալիֆոռնիայի պատմության մեջ, որտեղ այդ տիպի հանցագործությունները պատժվում են մահապատժով։ Մեղադրյալը 1977 թվականից հանդիպել է Նիկոլ Բրաունի հետ՝ դեռևս առաջին կնոջ հետ ամուսնացած ժամանակ։ Նոր կնոջ հետ հարաբերությունները օրինական գրանցել են մի քանի տարի հետո՝ 1985 թվականին, իսկ 1992 թվականին Օ․ Ջեյը և Նիկոլը բաժանվել են։ Հայտնի է, որ 1989 թվականին Նիկոլը դիմել է ոստիկանություն, «քանի որ Օ․ Ջեյը պատրաստվում էր նրան սպանել»։ Ոստիկանության կարգախմբի ժամանելու պահին Նիկոլը ծեծված էր։ Հետո նա հետ է վերցրել իր մեղադրանքը, և արդյունքում չեն կարողացել պատասխանատվության ենթարկել ամուսնուն։ Կրկնակի սպանությունը կատարվել է 1994 թվականի հունիսի 12-ի ուշ երեկոյան։ Ավելի վաղ Սիմփսոնը Նիկոլի հետ ներկա է եղել իրենց ութամյա դստեր՝ Սինդիի դպրոցական միջոցառմանը։ Այդ երեկո մարզիկի նախկին կին Նիկոլը ընթրել է ռեստորանում։ Նա, ըստ հետաքննության, այնտեղ մոռացել է իր ակնոցը, և նրա ծանոթ մատուցող Ռոնալդ Գոլդմանը այն տարել է Նիկոլի տուն։ ԵՆթադրվում է, որ այդ ժամանակ նրանք սիրեկաններ են եղել։ Երկուսն էլ դանակահարվել են գերմանական արտադրության մասնագիտական դանակով, որը մեղադրյալը գնել էր ողբերգությունից երեք շաբաթ առաջ։ Կնոջ գլուխը համարյա ամբողջությամբ պոկված էր իրանից, դեմքն այլանդակված էր, իսկ տղամարդու վզին, կրծքավանդակին և փորին հասցվել էին բազմաթիվ մահացու հարվածներ։ Հունիսի 13-ին՝ ժամը 12։10-ին, Նիկոլի հարևանուհին, անհանգստանալով ակիտա-ինու ցեղատեսակի շան անդադար հաչոցից, մոտեցել է տանը և հայտնաբերել սպանվածների դիակները։ Արձանագրվել է, որ շունն առավել ինտենսիվ հաչել է երեկոյան ժամը 11-ի մոտակայքում։ Հարցաքննության ժամանակ կասկածյալն ասել է, որ սպանության պահին եղել է հանցագործության վայրից 3 200 մ հեռու։ Նույն օրվա երեկոյան դեպի հանցագործության վայրը տանող արահետի վրա հայտնաբերվել են արյան հետքեր, որոնց արյան խումբը համապատասխանել է Սիմփսոնի արյան խմբին, իսկ նրա այգում գտնվել է աջ ձեռքի արյունոտ ձեռնոց։ Փաստաբանները մեղադրյալին համոզել են հանձնվել ոստիկանությանը հունիսի 17-ի առավոտյան ժամը 11։00-ին, բայց կասկածյալը չի ներկայացել։ Օ․ Ջեյ Սիմփսոնի հանձնվելու այս անհաջող փորձից հետո Ռոբերտ Քարդաշյանը կարդացել է կասկածյալի՝ ԶԼՄ-ների համար գրված նամակը։ Այսպիսով, Սիմփսոնը չի հանձնվել իշխանություններին։ Հենց այդ օրը՝ հունիսի 17-ին, Սիմփսոնը և նրա ընկեր Էլ Կոուլինգսը փորձել են գաղտնի հեռանալ քաղաքից։ Ժամը 2-ին ոստիկանությունը խուզարկություն է հայտարարել Սիմփսոնի նկատմամբ։ 18։50-ից հեռուստատեսության ուղիղ եթերով ցուցադրվել է հետապնդումը։ Սիմփսոնին չեն ձերբակալել, քանի որ նա իր գլխին ատրճանակ էր պահել և սպառնում էր ինքնասպանություն գործել։ Ժամեր անց, երբ Սիմփսոնը մոտացել է իր մոր տանը, ոստիկանությանը հաջողվել է համոզել նրան դուրս գալ մեքենայից, և բերման է ենթարկվել 20։45-ին։ Հունիսի 18-ին նրան տեղափոխել են կենտրոնական թաղամասի տղամարդկանց բանտի մենախուց, որտեղ պահվել է մինչև դատը։

Ռասայական կողմ

Այն, որ մեղադրվողը սևամորթ էր, իսկ զոհերը՝ սպիտակամորթ, ի սկզբանե գործին տվել է ռասայական շեշտադրություն։ Պաշտպանող կողմը պնդում էր, թե տեղի է ունեցել ոստիկանության դավադրություն «ռասիստական ​​համոզմունքների պատճառով»։ 

1995 թվականի հոկտեմբերի 3-ին՝ գործընթացի ավարտի օրը, դատավարությանը չմասնակցող բնակչության շրջանում անցկացված հարցման համաձայն՝ ԱՄՆ քաղաքացիների 73%-ը համաձայն է եղել մեղադրանքի հետ, իսկ 27%-ը` դեմ։ Այլ աղբյուրներ պնդում են, որ նույնիսկ մինչ այն պահը, երբ պաշտպանությունը մեծապես խաթարել է հասարակության վստահությունը մեղադրանքի դիրքորոշման մեջ, միայն սպիտակամորթ քաղաքացիների 60%-ը և աֆրոամերիկացիների 12%-ն է վստահ եղել մեղադրյալի մեղսավորության մեջ, իսկ ավելի ուշ հասարակական կարծիքը հակված էր արդարացնելու մեղադրյալին։

Դատական նիստի ժամանակ 12 երդվյալ ատենակալներից սևամորթ էր 8 կին և 1 տղամարդ, լատինոամերիկացի՝ 1 հոգի, իսկ սպիտակամորթ՝ միայն 2 կին։ Սկզբնական շրջանում մեղադրյալին պաշտպանում էր Ռոբերտ Շապիրոն, հետո՝ Ջոննի Քոքրանը։ «Ոստիկանական դավադրության» վարկածից բացի, Սիմփսոնի փաստաբաններն առաջ քաշեցին կոլումբիական նարկոմաֆիայի մասին վարկածը, ըստ որի՝ իբր, մտադիր էր հաշվեհարդար տեսնել Նիկոլի ընկերուհու՝ Ֆեյ Ռեզնիկի նկատմամբ։ Վերջինս, ըստ փաստաբանների, պարտք է եղել թմրավաճառներին, և նրանք պատվիրել են սպանել իրեն։ Սակայն քանի որ նույն տարիքի երկու կին ապրում էին նույն տանը, մարդասպանը շփոթել է սպանության օբյեկտը։

Ռոբերտ Քարդաշյան

Նիկոլ Սիմփսոնի և Ռոնալդ Գոլդմանի սպանությունից հետո Օ․ Ջեյ Սիմփսոնը ապրել է Քարդաշյանների տանը։ Քարդաշյանին նկատել են Օ․ Ջեյի պայուսակը կրելիս այն օրը, երբ վերջինս ժամանել է Չիկագո։ Դատախազը կարծում էր, որ ճամպրուկում կարող էին գտնվել Սիմփսոնի ենթադրյալ սպանությունից արյունոտված իրերը կամ սպանության բուն գործիքը, բայց այդ մեղադրանքն այդպես էլ չի ապացուցվել։ Մի քանի ամիս անց պայուսակի ստուգումը նույնպես որևէ հստակություն չի մտցրել։ Քարդաշյանը թարմացրել է իր փաստաբանի արտոնագիրը՝ օգնելու Սիմփսոնի հիմնական փաստաբաններին, բայց վերջինիս նախաձեռնությամբ նա դարձել է մարզիկի գլխավոր պաշտպանը։ Սիմփսոնի գործի ավարտից որոշ ժամանակ հետո Քարդաշյանը կասկած է հայտնել Սիմփսոնի անմեղության վերաբերյալ․ դա հանգեցրել է Կալիֆոռնիայում գործի քննության դադարեցմանը։ Այս դեպքը ժամանակավորապես փչացրել է նրանց ընկերական հարաբերությունները, սակայն Քարդաշյանի մահից որոշ ժամանակ առաջ նրանք նորից մտերմացել էին։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...