Մայիսի 26-ից 29-ը տեղի ունեցավ ռազմամարզական ճամբարն Արատեսում և Վայքում։ Առավոտյան կրթահամալիրի բակում արդեն լավ տրամադրություն էր, որովհետև ճամփորդությունը սպասված էր մեր կողմից։ Շարժվեցինք դեպի Արատես։ Նախորդ ռազմամարզական ճամբարից հասցրել էի շատ սիրել Արատեսն իր ողջ հմայքով։
Ճանապարհը տևեց մի քանի ժամ, բայց մենք չհասցրեցինք հոգնել, որովհետև ընթացքում զրուցում էինք, խաղեր խաղում, երգում։ Հասանք Արատես, որտեղ շատ լավ եղանակ էր։ Տեղավորվեցինք, ճաշեցինք և սկսեցինք կատարել հողագործական աշխատանքներ։ Նախ մաքրեցինք հողը ավելորդ խոտերից, հետո սկսեցինք տնկել բանջարեղեն։ Կարծում եմ` ամեն ինչ հաջողվեց մեզ մոտ, և մի քանի ամսից կունենանք բերք։ Ընթացքում նաև ծանոթացանք միմյանց հետ ավելի մոտիկից, մտերմացանք, և ստեղծվեց ընկերական միջավայր։ Երեկոյան ընթրում էինք և զրուցում տարբեր թեմաների շուրջ։ Արդեն հոգնած գնացինք քնելու։
Առավոտյան մաքրեցինք մեր շուրջը և ուղևորվեցինք Վայք։ Վայքում մեզ սպասում էր ընկեր Արտավազդը իր Արշակունի ռազմաբազայում։ Տեղավորվեցինք, բաժանվեցին ջոկերի և սկսեցին ռազմական դասեր։ Սովորեցինք, թե ինչպես ցույց տալ առաջին օգնություն, ծանոթացանք ականներին, նռնակներին, հաղորդակցման կապերին և սկսեցինք սովորել կրակել ճիշտ նշանակետին։ Մի քանի անգամից ինձ մոտ ստացվեց կրակել նշանակետին։ Նաև ունեինք հյուր Ավստրիայից։ Նա ցանկանում էր այդտեղ տեղադրել իր վրանը և ապրել։ Ունեցանք նաև ինքնապաշտպանության մասին դաս, որը շատ հետաքրքիր էր։ Գիշերվա ընթացքում պիտի երկու ժամով հերթապահեինք, որովհետև մեզ սպասվում էր դիվերսիայի հարձակում։ Երեկոյան սկսեցինք պարել, բայց արդեն ժամն էր իմ հերթափոխի։ Մեր հերթափոխությունն անցավ շատ խաղաղ, և ընթացքում ոչ մի տարօրինակ շարժ չնկատեցինք։ Ժամը 11-ին երեկոյան անվանականչն էր, որից հետո արդեն պետք է քնեինք։
Առավոտյան ժամը 7-ին արթնանալու ժամն էր։ Պետք էր արագ պատրաստվել և շարվել ըստ ջոկերի, հետո կատարել նախավարժանք։ Նախաճաշից հետո կատարեցինք տարածքի մաքրություն, որից հետո ունեինք ռազմական դասեր։ Սովորեցինք կանգնած և պառկած դիրքից կրակել, որից հետո սկսեցինք կրակել այդ դիրքերից։ Այս անգամ առաջին անգամից ստացվեց ինձ մոտ կրակել նշանակետին։ Ունեինք ազատ ժամանակ, որի ընթացքում հանգստացանք, խաղացինք, խոսեցինք և այլն։ Հավաքեցինք խարույկի համար փայտ, երեկոյան վառեցինք խարույկը, նստեցինք դրա շուրջը։ Քանի որ մայիսի 28-ն էր, երգեցինք հայրենասիրական երգեր։ Ունեինք անակնկալներ՝ վալս և երաժշտական կատարումներ ընկեր Վիկտորիայի և ընկեր Սամվելի կողմից։ Հետո միացրեցինք տարբեր երգեր և պարեցինք։ Արդեն ցրտում էր, վերադարձանք խարույկի շուրջը և մի փոքր անց արդեն երեկոյան անվանականչի ժամն էր, որից հետո գնացինք քնելու։ Առավոտյան մեզ սպասվում էր քայլք դեպի Գնդեվանք։
Մայիսի 29-ը վերջին օրն էր Վայքում։ Նախաճաշեցինք, մաքրեցինք մեր սենյակները, բակը և շարժվեցինք Գնդեվազ։ Ընկեր Արտավազդի ուղեկցությամբ սկսվեց մեր քայլքը դեպի Գնդեվանք։ Բնության մասին խոսելն ավելորդ է, որովհետև ամբողջ ճանապարհին մեզ ուղեկցում էին թռչունների ձայները, գույնզգույն ծաղիկները, բարձր խոտերը, բայց նաև պետք էր զգուշանալ, որովհետև ճանապարհին կարող էինք հանդիպել սողունների։ Քայլքը հաջողությամբ ավարտեցինք, ասացինք շնորհակալություն և ցտեսություն ընկեր Արտավազդին և գնացինք Սուրբ Կարապետ։ Եկեղեցինք կիսով չափ կանգուն էր, գեղեցիկ և շրջափակված էր կանաչ ժայռերով և ձորերով։ Արդեն ժամն էր Երևան վերադառնալու։ Բայց վերադարձի ճանապարհին արդեն բոլորս հոգնած էինք և փորձում էին քնել։ Հասանք Երևան շատ մեծ տպավորություններով։ Իրար ասացինք ցտեսություն և կարոտած գնացինք տուն։ Այսպիսինն էր մեր ռազմամարզական ճամբարը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ընկեր Վիկտորիային, ով պատրաստում էր մեզ համար համեղ ուտեստներ և ընկեր Սամվելին, ով օգնեց ինձ սովորել կրակել, և այդ ընթացքում դարձել էր մեր ընկերը։




No comments:
Post a Comment