Մուրացանը (Գրիգոր Տեր-Հովհաննիսյան) ծնվել է 1854 թվականին Շուշիում։ 1873 թվականին ավարտել է Թեմական դպրոցը, որտեղ նա կարդում էր համաշխարհային գրականության դասական հեղինակներին և հայ մատենագիրներին։ Ավարտելով դպրոցը Մուրացանը հայոց լեզու և պատմություն էր դասավանդում Խորեն Ստեփանեի մասնավոր դպրոցում։ Հետո մոտ մեկ տարի շրջում է հայրենի երկրի հիշարժան վայրերում, դիտում ավերված հին բերդերն ու ու կարդում վանքերում պահված ձեռագիր հիշատակարանները։1878 թ․-ին մեկնում է Թիֆլիս, սովորում է հաշվապահություն և աշխատանքի է անցնում առևտրական տներից մեկում։ Այդ գործով նա զբաղվում է մինչև իր կյանքի վերջը։ «Ահա այս տարիների ընթացքում, սկսա իմ ազատ ժամերից օգտվել և գրել։ Դժբախտաբար այդ ազատ ժամերն էլ շատ քիչ էին․․․ Իսկ եթե ես նյութական մի փոքր ապահովություն ունեցած լինեի և այդ մեքենական աշխատության փոխարեն գրական աշխատությամբ պարապեի, քանի հատորներ կունենայի այժմ։ Գիտե՞ք ինչ մեծ վիշտ է այս ինձ համար»։
Մուրացանի գրական նախափորձերը գրաբար ու աշխարհաբար քերթվածներ էին, որոնց նմուշները տպագրվում էին «Արարատ» և «Արշալույս Արարատյան» թերթերում։ Մուրացանը գրական ճանաչման հասավ «Ռուզան կամ Հայրենասեր օրիորդ» դրամայով, որը ժամանակին բեմադրվել է թատրոններում և մինչև հիմա բեմադրվում է։ «Հայ բողոքականի ընտանիքը», «Իմ կաթոլիկ հարսնացուն, «Չհաս է» վեպերում նա ցույց է տալիս հայադավան եկեղեցու կարևորությունը ազգային միասնության պահպանության տեսանկյունից։ «Հասարակաց որդեգիր», «Հարուստները զվարճանում են», «Անպատճառ իշխանուհին», «Ինչ լայեղ է» պատմվածքներում սուր քննադատում է հայ բուրժուազիային և ազնվականության վերջին մոհիկաններին։ Մուրացանի գեղագիտական իդեալի հերոսը առաքյալն է։
«Գևորգ Մարզպետունի» պատմավեպը առաջին անգամ տպագրվել է «Արձագանք» շաբաթաթերթում, 1896 թվականին։ Առանձին գրքով լույս է տեսել հեղինակի մահից հետո՝ 1912 թվականին։ Վեպի ժամանակ 10-րդ դարի Բագրատունիների թագավորության շրջանն է, պայքարը արաբ նվաճողների դեմ և հայոց պետականության վերածնունդը ներքին ու արտաքին թշնամիների հակազդեցությունից։
Մուրացանը վախճանվել է 1908 թվականին Թիֆլիսում։
No comments:
Post a Comment