Monday, May 30, 2016

Կարս

Պատմություն

Կարսը, ինչպես և Հայաստանի միջնադարյան շատ քաղաքներ, սկզբում բերդ է եղել, և հայ պատմիչներն այն հենց այդպես էլ ներկայացնում են՝ «Բերդ Կարուց»։ 9 - 13-րդ դարերում բերդի շուրջն էլ ծավալվել է քաղաքը, իսկ այն վերածվել է միջնաբերդի։ Հետագայում՝ պարսկա–թուրքական տիրապետության մռայլ ժամանակներում, Կարսի հայկական բերդը, որը գտնվում է քաղաքի արևելյան մասում, շարքից դուրս է եկել։ Սակայն թուրքերը, հաշվի առնելով Կարսի սահմանամերձ լինելը, այն պարբերաբար ամրացրել են պաշտպանական նոր կառույցներով։ Ամրակայվող աշխատանքները շարունակվել են այն աստիճանի, որ Կարսը, որպես ամրություն, 19-րդ դարի կեսերին համարվում էր աշխարհում հռչակ ունեցող բերդ։
Քաղաքում վեր է խոյանում Առաքելոց եկեղեցին, որը կառուցվել է Աբաս Ա Բագրատունին։
Կարսը գտնվում է Այրարատ նահանգի Վանանդ գավառում, համանուն գետի ափին, ծովի մակերևույթից մոտ 2000 մետր բարձրության վրա։ Արշակունիների թագավորության շրջանում  Կարսը փոքրիկ բերդաքաղաք էր, թերևս Վանանդեցի իշխանական տոհմի նստավայրը։ Սակայն այս տոհմը հայոց պատմության մեջ էական դերակատարություն չի ունեցել, հետևաբար վաղ միջնադարից Կարսի բերդի մասին պատմությանը համարյա ոչինչ հայտնի չէ։ Բագրատունյաց թագավորության ժամանակաշրջանում Կարսն աննախադեպ վերելք է ապրում, և աղբյուրներում նախկին աննշան բերդը հիշատակվում է որպես քաղաք։ Բագրատունի առաջին արքաները, որոնք շարունակ պայքարի մեջ էին արաբական տիրակալության դեմ, հաճախ էին փոխում երկրի մայրաքաղաքները։ Աշոտ Ա , Սմբատ Ա , Աշոտ Բ Երկաթ  արքաների օրոք Հայաստանի մայրաքաղաքներ էին Դվինը, Բագարանը, Երվանդաշատը։ Սակայն շարունակական պատերազմների պայմաններում սրանք չարդարացրին մայրաքաղաքի դերը, քանզի գտնվում էին արաբական ամիրայությունների մերձակայքում։ Ճիշտ է, Աշոտ Բ Երկաթը վերջնականապես թոթափեց արաբական լուծը, սակայն նրա եղբայրը և հաջորդը՝ Աբաս Բագրատունի արքան , գահ բարձրանալով, իր պետության մայրաքաղաքը տեղափոխեց Կարս, որը հեռու էր արաբական ամիրայությունների սահմաններից և ավելի պաշտպանված քաղաք էր։ Աբաս Բագրատունու հաջորդը՝ Աշոտ Գ Ողորմած արքան , նոր մայրաքաղաք հաստատեց՝ տիեզերահռչակ Անին։ Հայոց արքան միաժամանակ վարչական բարեփոխումներ իրականացրեց երկրում։ Հայաստանը դարձավ առանձին թագավորությունների դաշնային միություն, որի գլխավորը՝ շահնշահը, Անիի տիրակալն էր։ Եվ 962 թ.՝ Անիի մայրաքաղաք հռչակվելուց մեկ տարի անց, փաստորեն, ձևավորվում է Կարսի կամ Վանանդի թագավորությունը , որի առաջին գահակալը Մուշեղ Բագրատունին էր՝ Աշոտ Գ Ողորմածի եղբայրը։ Մուշեղին հաջորդեցին Աբաս Ա , 990-1049 թթ. ընթացքում՝ Գագիկ Ա և Աբաս Բ թագավորները, 1049-1065 թթ.՝ Գագիկ Բ։ Պատմիչները դրվատանքի խոսքեր չեն խնայում հատկապես Աբաս Ա արքայի մասին խոսելիս։ Նրա օրոք Կարսի թագավորությունը ծաղկեց։ Առհասարակ Բագրատունյաց թագավորության շրջանից Կարսն արագ զարգացում է ապրում։ Քաղաքը բարեկարգվում է, շենանում։ Կարսի բնակչությունը Բագրատունյաց և Զաքարյանների տիրապետության շրջանում անցնում էր 50000-ից։ Հայոց թագավոր Աբաս Բագրատունին X դարի 60-ական թթ. կառուցում է մինչ այժմ կանգուն Սուրբ Առաքելոց Կաթողիկե եկեղեցին, որը հայկական ճարտարապետության գլուխգործոցներից է և այժմ գործող մզկիթ է։ Մզկիթի վերածվելուց հետո եկեղեցու ճարտարապետական կառուցվածքը չի աղճատվել։ Բացի եկեղեցու կառուցումից, հայոց արքան ամրացնում է Կարսի բերդը, որ ժամանակին Առաջավոր Ասիայի ամենաամուր ամրոցներից էր համարվում և մինչ օրս ծառայում է իր նպատակին։
Բագրատունիների օրոք քաղաքում ծաղկում են ապրում արհեստները, առևտուրը։ Կարսը առևտրային սերտ կապեր ուներ հեռավոր երկրների հետ անգամ։ 1045 թվականին ազգադավ Պետրոս Գետադարձ կաթողիկոսի ջանքերով կործանվում է Բագրատունյաց թագավորությունը։ Հայաստանում առաջնության համար պայքար է ընթանում Վանանդի թագավորության և Լոռվա Տաշիր-Ձորագետի Կյուրիկյան թագավորության միջև։ Այս պայքարում Լոռվա թագավորությունն ավելի կենսունակ գտնվեց, իսկ 20 տարի անց կործանվեց նաև Վանանդի թագավորությունը։
1054 թվականին սելջուկ-թուրքերը հարձակվում են Հայաստանի վրա։ Սակայն Կարսի տակ սելջուկները չարաչար պարտություն են կրում։ Վանանդի թագավորության զորքերի սպարապետ Թաթուլ Վանանդեցին քաղաքի պարիսպների տակ ջարդում է սելջուկյան զորքն ու փախուստի մատնում։ Չնայած վտանգն արդեն հեռացել էր, Կարսի Գագիկ Բագրատունի թագավորը, վախենալով սելջուկյան հետագա արշավանքներից, 1064 թ. իր պետությունը կտակում է Բյուզանդական կայսրությանը և փոխարենը ստանալով Գամիրքում Ծամնդավի իշխանությունը՝ տեղափոխվում է Բյուզանդիա։ Այսպես ահա անփառունակ վախճան ունեցավ Կարսի թագավորությունը։
Նույն 1064 թվականին սելջուկները Անիից հետո գրավում են նաև Կարսը, և շուրջ մեկ դար այնտեղ հաստատվում է Շադդադյանների տիրակալությունը։ 1198 թվականին Կարսը ազատագրում են Զաքարյան եղբայրները։ Սակայն Զաքարյանների օրոք քաղաքը հայոց պետության մաս չկազմեց։ Զաքարյան եղբայրներն այն ընծայեցին վրաց Թամար թագուհուն՝ փոխարենը ստանալով Ռուսթավը։
Մոնղոլական արշավանքների հետևանքով անկում է ապրում նաև Կարսը։ 1236 թ. մոնղոլները գրավում և ավերում են շեն քաղաքը, թալանի մատնում այն։ Պակասը լրացնում են Լենկ-Թեմուրի հորդաները, որոնք 1394 թ. հրի են մատնում Կարսը։
XV դարում քաղաքը կռվախնձոր է դառնում թուրքմենական կարա-կոյունլու և ակ-կոյունլու ցեղերի ձեռքին։ Այս տարիներին Կարսն արդեն հասարակ ու անշուք բերդաքաղաք էր։ Միայն XVI դարում, երբ 1555 թ. հաշտություն կնքվեց Օսմանյան Թուրքիայի և Սեֆյան Իրանի միջև, Կարսում համեմատաբար անդորր հաստատվեց։ Սակայն քաղաքի բնակչությունն արդեն միատարր չէր։ Կարսում հաստատվեցին թուրք ու քուրդ ցեղերի հոծ զանգվածներ։ Թուրքական տիրապետության տարիներին այստեղ քաղաքային կյանքը չզարգացավ, չնայած քաղաքը հանդիսանում էր թուրքական վիլայեթի կենտրոն։ XVI դարում թուրքերը ավելի ամրացրին Կարսի բերդը։ Կարսի պարիսպների բարձրությունը հասնում էր 12 մետրի, հաստությունը՝ մինչև 2 մետր։ Պարիսպների ընդհանուր երկարությունը անցնում էր 1000 մետրից, որոնց ամրությունն ապահովում էին 220 ամրակուռ աշտարակները։ Առավել անառիկ էր միջնաբերդը, որը գտնվում է բարձր ապառաժի վրա։ Խառը բնակչությունն իր կնիքն է դրել նաև քաղաքի համայնապատկերի վրա. XX դարասկզբին Կարսում հաշվում էին 20 եկեղեցի և 45 մզկիթ։ XIX դարում Կարսը դարձյալ կռվախնձոր է դառնում, այս անգամ՝ Թուրքիայի և Ռուսական կայսրության միջև։ Ռուս-թուրքական 1828-1829, 1853-1856 թթ. պատերազմների ժամանակ ռուսական բանակը գրավում է Կարսը, սակայն Պետերբուրգը Արևմտյան Հայաստանի ու հայության իղձերի հաշվին միշտ զիջումներ է անում թուրքերին, փոխարենը իր դիրքերն ամրապնդում Բալկաններում։ Միայն 1877-1878 թթ. ռուս-թուրքական պատերազմի ժամանակ ռուսական զորքերը կոմս Լոռիս-Մելիքովի հրամանատարությամբ փայլուն գրոհով գրավեցին Կարսը, և այն միացավ Ռուսական կայսրությանը։ Կազմվեց Կարսի մարզը, որի մեջ մտան նաև Արդահանի, Կաղզվանի, Օլթիի շրջանները։ Ռուսաստանին միանալը դրական ազդեցություն ունեցավ Կարսի համար։ Քաղաքն արագ բարգավաճեց ու շենացավ։ Դա նկատելի էր հատկապես 1833-ից՝ երկաթուղու Կարս մտնելուց հետո, որն աշխուժացրեց քաղաքի տնտեսական կյանքը։ Սա նպաստեց նաև բնակիչների թվաքանակի ավելացմանն ու հայերի վերադարձին։ Աշխուժացավ նաև մշակութային կյանքը։ XX դարի սկզբին Կարսում երկու տասնյակի չափ թերթեր էին տպագրվում, բազում դպրոցներ կային՝ հազարավոր աշակերտներով։ XIX դարի վերջին Կարսի մարզում բնակչության թիվը հասնում էր մոտ 200.000-ի, որից հայեր էին սոսկ 50.000-ը, սակայն հայերը մարզում կազմում էին պարզ մեծամասնություն։ Առաջին աշխարհամարտի նախօրեին բուն Կարսի բնակչությունը 30.000 էր, որի 90%-ը հայեր էին։ Կարսը հայկական հեղափոխության հնոցն էր։ Հայ ազատագրական պայքարի առաջամարտիկ ՀՅԴ-ն հենց Կարսի կոմիտեությունում էր պատրաստում այն գործիչներին, որոնք հետագայում պիտի Երկիր անցնեին՝ պայքարելու թուրքական բռնապետության դեմ։ Այստեղ գործել են Արամ Մանուկյանը, Ռուբեն Տեր-Մինասյանը և այլք։ 1918 թ. նորաստեղծ Խորհրդային Ռուսաստանը Բրեստ-Լիտովսկի պայմանագրով դարձյալ վաճառքի հանեց Հայաստանն ու հայության շահերն, ու Կարսի մարզը ճանաչեց Թուրքիայի անբաժանելի մաս։ Ամիսներ անց թուրքերը զենքի ուժով ամրագրեցին իրենց դիվանագիտական նվաճումն ու գարնանը գրավելով Կարսը՝ առաջացան դեպի Արարատյան դաշտ։ 1919 թ. Հայաստանի Հանրապետության բանակը ազատագրեց Կարսը։ Քաղաքում կրկին աշխուժացավ հայկական կյանքը։ Հազարավոր ընտանիքներ վերադարձան և բնակեցրին քաղաքը։ Ավաղ, դա հայոց հնամենի մայրաքաղաքի կարապի երգն էր։ 1920 թ. աշնանը թուրք-բոլշևիկյան դաշինքը արյան մեջ խեղդեց Հայաստանի անկախությունը, և թուրքական բանակը գրավեց Կարսը։ Իսկ 1921 թ. Խորհրդային Ռուսաստանը Մոսկվայի և Կարսի պայմանագրերով Կարսի մարզը հանձնեց իր բարեկամ Թուրքիային։ Ներկայումս Կարսն ունի մոտ 60.000 բնակիչ՝ թուրքեր և քրդեր։

Անվանում

Հայ և օտար մատենագիրները հիշատակում են Կարուց Բերդ, Ամուրն Կարուց, Ամրոցն Կարուց և նման այլ անվանումներով։ Ենթադրում են, որ անվանումն առաջացել է հայերեն Հարս բառից։ Ըստ ավանդույթի՝ հայոց թագավորի հարսնացուին զբոսանքի ժամանակ դուր է եկել այդ վայրը, և նա հաճախ էր այստեղ գալիս։
963֊1065 թվականները եղել է հայկական ֆեոդալական Կարսի թագավորության կենտրոնը։ Գրականության մեջ հանդիպում է նաև Ղարս ձևը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...