Friday, May 27, 2016

Արտաշատ


Պատմություն
Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է ։ Կառուցել է Հայոց Արտաշես I թագավորը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ ։ Հիշատակվում է հունահռոմեական աղբյուրներում, հայ մատենագրության մեջ։ Ժամանակագիրներն Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»։ Արհեստագործության, առևտրի, հայկական հելլենիստական մշակույթի խոշոր կենտրոններից էր։ Արտաշատով էին անցնում Հեռավոր Արևելքից Միջերկրական և Սև ծովերի ափերը ձգվող միջազգային տարանցիկ առևտրի ուղիները, որոնցով փոխադրում էին չինական մետաքս և այլ ապրանքներ։
Քաղաքը տեղադրված էր Խոր Վիրապի ավելի քան 10 բլուրների վրա։ Զբաղեցրել է 400-500 հա տարածություն։ Միջնաբերդը և թաղամասերը շրջափակված էին պարսպապատերով, որոնք իրար էին միացված բլուրների միջև կառուցված նեղ «միջանցքներով»` նման եղանակով ստեղծելով պաշտպանական ամրությունների հզոր համակարգ։ Պարսպապատերը` մոտ 10 կմ երկարությամբ, կառուցված էին տեղական կարմրավուն քարից և մոխրագույն մարմարից։ Քաղաքը երեք կողմերից պաշտպանված էր գետի ջրերով, չորրորդ կողմից՝ ջրով լցված արհեստական խանդակով։ 58 թ. հռոմեացի զորավար Կորբուլոնը, գրավելով քաղաքը, հրկիզել և ավերել է՝ պատճառաբանելով լայնածավալ պարիսպներով բոլորված քաղաքը պահելու անհնարությամբ։ Մինչ այսօր պահպանվել են պարիսպների մնացորդները, երևում են խանդակների հետքերը։ Պաշտպանական համակարգի մեջ մտնող միջնաբերդը, պալատական, վարչական համալիրները, ավագանու բնակարանները, զորանոցներն ու զինանոցները կառուցվել են բլրախմբի հյուսիս - արևելյան ծայրում գտնվող ամենաբարձր  և ամենաընդարձակ բլրի վրա։ Բլուրներից հյուսիս և հյուսիս-արևելք տարածվում էին քաղաքային թաղամասերը։ Կառուցապատված է եղել հելլենիստական քաղաքաշինության կանոններին համապատասխան։ Ուներ ջրամատակարարման համակարգ։ Լինելով հելլենիստական տիպի քաղաք՝ ամենայն հավանականությամբ պետք է ունենար ամֆիթատրոն։ Մ.թ.ա. 53 թ. Հայոց թագավոր Արտավազդ II-ի պալատում բեմադրվել է Եվրիպիդեսի «Բաքոսուհիներ» ողբերգությունը։ Արտաշատում էր գտնվում քաղաքի հովանավոր աստվածուհուն՝ Անահիտ դիցուհուն նվիրված հեթանոսական հանրահայտ մեհյաններից մեկը։ Քաղաքից ոչ հեռու, Երազամույն կոչված տեղում հեթանոսական Տիր աստծու մեհյանն էր։ Բլուրներից մեկի վրա, որտեղ գտնվում էր արքունի բանտը, հետագայում հիմնվեց Խոր Վիրապ վանական համալիրը։ Սա հայ ժողովրդի նվիրական ուխտատեղիներից է, քանի որ, ըստ ավանդության, տեղի վիրապում, Հայոց Տրդատ III թագավորի հրամանով, 14 տարի բանտարկված է եղել Հայաստանում քրիստոնեությունը հաստատող Սուրբ Գրիգոր Լուսավորիչը։ Քաղաքը մի քանի կամուրջներով կապվում էր Արաքսի հակադիր ափին։ Դրանցից մեկի՝«Տափերականի» կամ «Արտաշատի կամրջի» մասին մնացել է հիշատակություն։
Արտաշատը բազմիցս ենթարկվել է ավերածությունների, սակայն քաղաքի իրական անկումը սկսվում է Հայաստանի մայրաքաղաքը Դվին տեղափոխելու ժամանակներից , ինչը կապված էր Արաքս և Մեծամոր գետերի հուների փոփոխության հետ։ Արտաշատի համար կործանարար էին նաև 360-ական թթ. պարսից Շապուհ II-ի կողմից Արտաշատ քաղաքի ավերումը և բնակչության գերեվարությունը։ Կորցնելով իր հզորությունն ու փառքը՝ Արտաշատը դեռ երկար ժամանակ պահպանում է քաղաքային նշանակությունը, միայն 7-րդ դ. երբեմնի խոշոր և ծաղկուն քաղաքից մնում է ոչ մեծ ավան՝ կից ամրոցով։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...