Tuesday, October 4, 2016

Աղեր

Աղեր կոչվում են այն բարդ նյութերը, որոնք կազմված են մետաղի կատիոններից և որևէ թթվային մնացորդի անիոններից։ Բոլոր աղերը բյուրեղական նյութեր են։ Մի շարք աղեր՝ մալաքիտը, լազուրիտը, պաղլեղները, կերակրի աղը և այլն, հունական և ալքիմիական ձեռագրերում անվանվում են «հայկական աղ»: Ըստ հայտնի քիմիկոսներ ֆրանսիացի Մ. Բերթլոյի, գերմանացի Վ. Մեյերի և ուրիշների՝ այդ աղերն այդպես են անվանվել անցյալում Հայաստանից արտահանված լինելու պատճառով։ Այդ անվանումը հաճախ է հանդիպում նաև միջնադարյան հայկական ձեռագրերում։ Աղերն օգտագործվում են ապակու, կաշվի, ներկերի արտադրության,մետաղաձուլման, մանածագործության, քիմիական արդյունաբերության, սննդարդյունաբերության, բժշկության, գյուղատընտեսության մեջ, կենցաղում և այլուր։ Կենցաղում օգտագործվող մի շարք աղեր դեռ հնուց ունեն «կենցաղային» (ոչ քիմիական) անվանումներ. խմելու սոդա՝ նատրիումի հիդրոկարբոնատ (NaHCO3), լվացքի սոդա՝ նատրիումի կարբոնատ (Na2CO3), ժավել՝ նատրիումի հիպոքլորիտ (NaClO), քլորակիր՝ կալցիումի հիպոքլորիտ [Ca(ClO)2] և քլորիդ (CaCl2), բորակներ՝ նատրիումի, կալիումի, կալցիումի, բարիումի նիտրատներ, շիբ՝ կալիումի և ալյումինի սուլֆատի բյուրեղահիդրատ [KAl(SO4)2 . 12H2O], դառը կամ անգլիական աղ՝ մագնեզիումի սուլֆատի բյուրեղահիդրատ (MgSO4.7H2O), «մարգանցովկա»՝ կալիումի պերմանգանատ (KMnO4), և այլն։
Կերակրի աղը՝ նատրիումի քլորիդը (NaCl), անգույն, բյուրեղային, ջրում լուծվող նյութ է։ Բնության մեջ տարածված է հալիտ միներալի ձևով, որն անվանում են նաև քարաղ։ Բնական քարաղը մետաղական նատրիումի հետքեր պարունակելու հետևանքով երբեմն կապտավուն է, առաջացնում է խոշոր հանքավայրեր։ Քարաղի խոշոր հանքավայրեր կան Կանադայում, Լեհաստանում, Ռուսաստանում, Անգլիայում և այլուր։ Հայկական լեռնաշխարհում բարձրորակ քարաղի պաշարներով հայտնի են Կողբի և Նախիջևանի, իսկ ՀՀ-ում՝ Ավանի աղի հանքերը։ Կերակրի աղի խոշոր պաշարներ կան ծովերի, աղի լճերի և ստորերկրյա ջրերում։ Աղաջրերից աղն արդյունահանում են ջրի գոլորշիացման միջոցով։ Կերակրի աղը մարդու օրգանիզմի բնականոն կենսագործունեության համար անհրաժեշտ սննդանյութ է։ Այն լավացնում է կերակրի համը, կարգավորում է հյուսվածքներում ջրի պարունակությունը, մասնակցում է ստամոքսահյութի աղաթթվի գոյացմանը։ Ցանկացած սննդամթերք, նույնիսկ հացը, կարելի է փոխարինել մեկ ուրիշով։ Սակայն առանց աղի ապրել հնարավոր չէ։ Օրգանիզմում աղի պակասն առաջացնում է արյան թանձրացում, հարթ և կմախքային մկանների ջղաձգություն, նյութափոխանակության, նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ։ Սակայն աղի ավելցուկը նույնպես կարող է վնասակար լինել օրգանիզմի համար։ Օրինակ՝ սիրտանոթային համակարգի որոշ հիվանդությունների և բորբոքային երևույթների դեպքում աղի սահմանափակ օգտագործումն ունի բուժիչ նշանակություն։ Աղն օգտագործում են գրեթե բոլոր կերակրատեսակների մեջ, ինչպես նաև մսեղենը, ձկնեղենը, բանջարեղենը պահածոյելու համար։ Բժշկության մեջ կիրառում են աղի ջրային լուծույթները, օրինակ՝ 0,9%-անոց լուծույթը, որն անվանում են ֆիզիոլոգիական և օգտագործում են ներերակային ներարկումների, ներարկվող դեղանյութերը լուծելու համար և որպես թունազերծող միջոց։ 3–10%-անոց լուծույթներով պատրաստում են թրջոցներ՝ թարախային վերքերը բուժելու համար։ Ավանի աղի հանքի հիմքի վրա գործում են Ավանի աղի կոմբինատը և Հանրապետական անձավաբուժական կենտրոնը, որտեղ բուժում են բրոնխային հեղձուկ, բրոնխաբորբեր և այլ հիվանդություններ։ Ձմռանը սառցածածկույթի առաջացումը կանխելու նպատակով ձյունածածկ ճանապարհների վրա ցանում են աղ։ Վերջինս լուծվում է ձյան մեջ և իջեցնում սառցակալման ջերմաստիճանը. եթե սովորական ջուրը սառչում է 0օC-ում, ապա աղաջուրը սառչում է ավելի ցածր ջերմաստիճաններում։ Տես նաև Ապակի, Բանջարեղեն, Կաշի: Մարդը սննդի հետ օրական օգտագործում է միջին հաշվով 10–15 գ կերակրի աղ։ Ամբողջ աշխարհում 1 տարում արդյունահանվում է ավելի քան 100 միլիոն տոննա աղ։ Ժողովրդի մեջ տարածված«աղ ու հաց» արտահայտությունը խորհրդանշում է բարեկամություն և հյուրընկալություն։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...