Հայաստանի տնտեսական, հասարակական կենցաղում գինին կարևոր տեղ է զբաղեցրել դեռևս
Ք․ ա․ III հազարամյակից։
Հայաստանի Հանրապետության տարածքում, Սիսիան քաղաքի մոտ պեղված միջինբրոնզեդարյան դամբարաններից
մեկում գտնված անոթի պատերի մեջ ներծծված պարունակության անալիզները ցույց տվեցին,
որ դրա մեջ գինի է պահվել։ Հայաստանի տարածքի հուշարձաններից գտնվել են սեղանի սպասքի
կարևոր մաս կազմող գինու սափորներ, փարչեր, գավեր և ընպանակներ, որոնք հաճախ զարդարված
են խաղողի ողկույզներով։
Առանձնանում է Քարաշամբի «արքայական դամբարանի» թեմատիկ տեսարաններով քանդակազարդված արծաթե գավաթը։ Գավաթի երկրորդ զարդարագոտու վրա պատկերված է ճաշկերույթի տեսարան։ Գավաթի վրա պատկերված դրվագները միանշանակ հուշում են, որ այստեղ հաղթահանդեսի մաս կազմող «ծիսական խնջույքի» մի տեսարան է ներկայացված և արքան գինով է փառաբանում ու տոնում իր հաղթանակը։ Բազմաթիվ են նաև թանկարժեք մետաղից պատրաստված պերճանքի առարկաները, որոնք հարդարված են խաղողի ողկույզ խորհրդանշող պատկերներով։ Տոլոսի դամբարանից գտնվել են ոսկուց պատրաստված ողկույզաձև կախիկներ։
Վանի թագավորության արքայական սեպագիր արձանագրություններում բազմիցս հիշատակվում է խաղողի այգիների հիմնադրման կապակցությամբ տեղի ունեցած ծիսական արարողություններ, գինու զոհաբերման, գինու մառանների և պահեստավորման մասին։ Պետական տնտեսության մեջ խաղողագործությունը և գինեգործությունը առանձնահատում տեղ են զբաղեցրել։ Մենուա արքայի մի արձանագրության մեջ վկայված է Մանազկերտի շրջանում մոտ 21 հազար լիտր տարողությամբ գինու մառան կառուցելու մասին։ Վանի արքաները, գահ բարձրանալով, հոգ էին տանում իրենց անունով այգի տնկելու մասին։
Հայ պատմիչների հաղորդմամբ Շամիրամն Արայի
մահից հետո Վանա լճի մոտ «տնկում է բազմաթիվ առատաբեր և գինեբեր այգիներ»: Ուրարտական
արքաները Ք․ա․ VIII դարում
գրավում և իրենց տիրույթներին են միացնում Արաքս գետից հյուսիս ընկած տարածքները, որոնց
թվում նաև՝ բերքառատ Արարատյան դաշտը։ Ուրարտական շրջանի հուշարձանների հնագիտական
ուսումնասիրությունները հաստատում են սեպագիր արձանագրությունների վկայությունները
խաղողագործության ու գինեգործության վերաբերյալ։ Կարմիր Բլուրի և Արին Բերդի պեղումներից
հայտնաբերվել են գինու ընդարձակ մառաններ՝ հսկայական կարասներով և սափորներով։
Կարմիր
Բլուրի պեղումներով բացված մառաններում հայտնաբերվել է շուրջ 400 հսկայական կարաս,
որոնց մեջ ամբարվել է մոտ 37000 դեկալիտր գինի։ Ուրարտացիները գինին կարասներում թողնում
էին արև տակ, գտնելով, որ ջերմությունը նպաստավոր է գինու խմորման համար։ Գինու որակի
բարձրացման և խմորումն արագացնելու համար խորհուրդ էր տրվում նրա մեջ շիկացած քարեր
դնել։ Հին Հայաստանում արտադրվել է մեծ քանակությամբ ապրանքային գինի, որը վաճառքի
է հանվել միջազգային շուկաներում։ Հերոդոտոսի ժամանակներում մեծ պահանջարկ էր վայելում
«Արմենների երկիր» գինին։ Հայաստանում գինեգործության
բարձր զարգացածության մասին է վկայում ուրարտական և անտիկ դարաշրջաններում գինու պատրաստման
հետ կապված արտադրական կառույցների և հարմարանքների առկայությունը հնավայրերում։
Բացառիկ
արժեք են ներկայացնում հատկապես Կարմիր Բլուրից գտնված բրոնզե թասերը ուրարտական արքաների
անուններով և Էրեբունիից հայտնաբերված վաղ հայկական շրջանի արծաթե ռիտոնները։ Հնձանների
սվաղած հատակը ոտքով խաղողը տրորելու և քաղցուն առանձնացնելու հատվածն է՝ առագաստը։
Քաղցուն այստեղից հեռացվել է պատի մեջ բացված անցքով։ Տրորելուց հետո խաղողի մնացած
զանգվածը քամվել է տառապան-սալի վրա՝ ծանրոցի տակ։ Անտիկ շրջանի գինեգործության ուսումնասիրման
համար կարևոր է Գառնի ամրոցի պալատական շենքի նկուղային հարկում հայտնաբերված Ք․ ա․ III դարի հնձանը։ Նրա թեք հատակն ունի կրաշաղախի
լիցք, ողորկ մակերես, որտեղ տրորվել է խաղողը։ Քաղցուն, հատակի թեքության շնորհիվ,
պատի տակի կավի փողարկով հոսելով լցվել է կից սենյակում ավելի ցածրադիր հատակին դրված
անոթի մեջ։
Հայաստանի մայրքաղաք Դվինի պեղումների ժամանակ անտիկ շերտից հայտնաբերվել
է սեգմենտաձև, բարձր եզրերով, կլորավուն կողերով ու ակոսառվակով տառապան՝ տրորված խաղողից
մամլիչի միջոցով քաղցուի մնացորդը քամելու համար։ Դվինում տառապաններ են հայտնաբերվել
նաև քաղաքի տարածքի մեջ գտնվող գյուղերից, որը վկայում է Դվինի՝ հելլենիստական շրջանում
խաղողագործության կենտրոն լինլեու փաստը։ Խաղողագործությունը և գինեգործությունը զգալի
զարգացում ապրեցին միջին դարերում։ Այդ են վկայում հուշարձանների պեղումների ժամանակ
գտնված բազմաքանակ նյութերը, որոնք սերտ առնչվում են գինու պատրաստման պահպանման և
օգտագործման հետ։ Դրանք առաջին հերթին հնձաններն են, գինու մառանները, տարբեր չափերի
կարասները մետաղից, կավից և ապակուց պատրաստված մեծաքանակ սափորները, գավերը, բաժակները,
գավաթները։ Խաղողագործությունը և գինեգործությունը զգալի դեր են խաղացել ոչ միայն գյուղական,
այլև քաղաքային տնտեսության մեջ։ Գինին մեծ կիրառություն ուներ հայ եկեղեցու ծիսական
արարողակարգում։ Միջնադարյան հնձանների դասական նմուշներ կարելի է համարել Զվարթնոցում
պեղված VII դարի հնձանները։ Հայ պատմիչներ Սեբեոսը և Հովհաննես Դրասխանակերտցին՝ պատմելով
Ներսես կաթողիկոսի հիմնադրած Զվարթնոց տաճարի մասին, հավաստում են նաև այգիներ ու ծաղկանոցներ
տնկելու փաստը։ Հորերը գտնվում են խաղող տրորելու զույգ հարթակների միջև։ Քաղցուն դեպի
հորերն է հոսել հատուկ պատրաստված քարե առվակներով։ Հնձանների զույգ հարթակների առկայությունը
փաստում է դրանց արտադրական հզորության և արդյունավետության մասին։ Զվարթնոցի վաղ միջնադարյան
հնձանների համալիրների հորերը միաժամանակ կարող էին տեղավորվել 25-30տ քաղցու, որն
արդեն վկայում է ստացված գինու ապրանքային նշանակության մասին։ Հայաստանի XII-XIII
դարերի հուշարձանների մեջ հատկանշական է Դադի վանքի հնձանը, որը գտնվում է հուշարձանախմբի
արևելյան մասում, օժանդակ տնտեսական շինություններից մեկի ստորին հարկում։ Նույն ժամանակաշրջանով
է թվագրվում Մրենի հնձանը, որն ուսումնասիրել է հայ ճարտարապետության խոշոր գիտակ Թ․
Թորամանյանը։ Քաղցուն առագաստից հեռացվել է մի քանի քարե խողովայներով, որոնք ունեին
հատուկ հարմարանքներ կոշտ մարմիններից հյութը զտելու համար։ Հնձանն ուներ նաև գինին
ամբարելու մառանի հատված։ Հնձաններ են հայտնաբերվել նաև միջնադարյան Գառնիի պեղումների
ժամանակ։ Վայոց ձորի գոտին ընդգրկում է Եղեգնաձորի և Վայքի տարածաշրջանները 1000մ բարձրության
վրա։ Այստեղ են գտնվում Հայաստանի ամենաբարձրադիր խաղողի այգիները։ Խաղողագործությամբ
զբաղվում են 21 գյուղում։ Սյունիքի գոտին ընդգրկում է Հայաստանի հարավարևելյան տարածաշրջանները։
Խաղողագործությամբ զբաղվում են 44 գյուղում։ 1888թ․ Երևանի նահանգում կար խաղողի և մրգի օղեթորման 112 գործարան։ 1899թ․ ռուս արդյունաբերող Լ․ Շուստովը
գնեց Թայիրովի և մի քանի այլ գործարաններ և XXդ․ սկզբին արտադրում էր կոնյակի և սպիրտի մոտ 50%-ը։ 1913թ․ Երևանի նահանգում արտադրվել է 180 դեկալիտր գինի։ 1919թ․ գինու և օղու արտադրությունը համեմատաբար զարգացած էր Երևանում և Էջմիածնում,
Սուրմալուում, Շարուրում և Նախիջևանում։ Խորհրդային շրջանում Հայաստանի գինի արտադրող
ձեռնարկությունները պետականացվեցին։ 1921թ․ գինի արտադրող
հայաստանյան ամենամեծ՝ Լ․ Շուստովի
գործարանը վերանվանվեց Արարատ։ 1922թ, ստեղծվեց «Արարատ» տրեստը, որի կազմի մեջ մտան
ՀԽՍՀ բոլոր գինու գործարանները։ Երկրորդ աշխարհամարտից հետո Հայաստանի խաղողագործական
շրջաններում կառուցվեց գինու նոր գործարաններ։ Հայաստանում 1940թ․ արտադրվում էր 1117 դեկալիտր գինի, որը 1980թ․ հասավ 9263 դեկալիտր։ 1980-ականների վերջերին և հատկապես Խորհրդային Միության
քայքայումից հետո գինու արտադրությունը Հայաստանում խիստ կրճատվեց։ Չնայած տնտեսական
դժվարություններին, վերջին տասնամյակում նախկին գինու գործարաններին աստիճանաբար ընդլայնում
են գինու արտադրման ծավալները։ Հայաստանում արտադրվող ժամանակակից գինու տեսակների
մեջ հատկապես առանձնանում են Վերնաշեն, Գետնատուն, Արենի, Գետափ, Գանձակ, Վայոց ձոր,
Գլաձոր, Լուսարև, Արփի, Ոսկեվազ, Հին Կամուրջ և այլ գինիներ։ Հայկական չոր, կիսաքաղցր
և քաղցր, կարմիր, սպիտակ և վարդագույն գինիները Հայաստանում և նրա սահմաններից դուրս
ձեռք են բերում բարձր որակ ունեցող յուրահատուկ խմիչքի համբավ։
Գինին հայ հին ավանդության մեջ
Հնագույն գրավոր աղբյուրը, որ վկայում է Հայկական լեռնաշխարհում խաղողագործության
և գինեգործության հնության մասին՝ Աստվածաշունչն է։ Երբ ջրհեղեղի ժամանակ Նոյի տապանը
կանգ է առնում Արարատյան լեռների վրա, Աստծո պատգամով Նոյն իջնում է լեռան կատարից
և զբաղվում երկրագործությամբ։ Գինին հայրեններում հանդես է գալիս որպես կյանքի և սիրո
վայելքի միջոց։
Հեղինակ՝ Ս․ Հարությունյան, Ա․ Քալանթարյան, Հ․ Պետրոսյան, Գ․ Սարգսյան, Հ․ Մելքոնյան, Պ․ Ավետիսյան, Ս․ Հոբոսյան
No comments:
Post a Comment