Wednesday, September 25, 2019

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրք

Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը թուրքական բանակի սպա, հեղափոխական է, հանդիսանում է Թուրքիայի Հանրապետության հիմնադիրը՝ լինելով հանրապետության առաջին նախագահը 1923-1938 թվականների ընթացքում։ Գաղափարական տեսանկյունից ծայրահեղական և ազգայնամոլ էր, իսկ նրա քաղաքականությունը և գաղափարախոսությունը հայտնի է քեմալիզմ անվամբ։
Աթաթուրքը հայտնի է դարձել այն ժամանակ, երբ Առաջին համաշխարհային
պատերազմի ընթացքում Գալիպոլիի ճակատամարտում ապահովել է Օսմանյան կայսրության հաղթանակը։ Առաջին համաշխարհային պատերազմում կայսրության պարտությունից և դրան հետևած կազմալուծումից հետո ղեկավարել է թուրքական ազգային շարժումը, որը պայքարում էր ընդդեմ Դաշնակից պետությունների, որոնք ցանկանում էին իրար մեջ բաժանել Թուրքիայի հիմնական տարածքները։
Ստեղծելով տարածքային կառավարություն Թուրքիայի ներկայիս մայրաքաղաք Անկարայում՝ կարողացել է հաղթել Դաշնակիցների ուղարկած ուժերին. այն հետագայում հայտնի է դառնում թուրքական ազատագրական պատերազմ անունով։ Նա, այնուհետև, վերացրել է արդեն իսկ քայքայված Օսմանյան կայսրությունը և դրա փոխարեն հայտարարել Թուրքիայի Հանրապետության հիմնադրման մասին։ Որպես նորաստեղծ Թուրքիայի Հանրապետության նախագահ՝ Աթաթուրքն իրականացրել է քաղաքական, տնտեսական և մշակութային բարեփոխումներ, որի վերջնական նպատակն էր ստեղծել ժամանակակից, առաջադեմ և աշխարհիկ ազգ-պետություն։ Նա տարրական կրթությունը դարձրել է անվճար և պարտադիր՝ բացելով հազարավոր նոր դպրոցներ ողջ երկրի տարածքում։ Ներկայացրել է նաև լատինատառ թուրքական այբուբենը, որը փոխարինել է օսմանյան այբուբենին։ Աթաթուրքի նախագահության շրջանում թուրք կանայք ձեռք են բերել քաղաքական և քաղաքացիական հավասար իրավունքներ՝ առաջ անցնելով շատ արևմտյան երկրներից։ Մասնավորապես № 1580 հոդվածով կանայք 1930 թվականի ապրիլի 3-ին իրավունք են ստացել մասնակցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, իսկ մի քանի տարի անց՝ 1934 թվականին, ընտրություններին մասնակցելու ամբողջական իրավունք ստացել՝ շատ ավելի շուտ, քան աշխարհի շատ այլ երկրներ։



Աթաթուրքի կառավարությունն իրականացրել է թուրքացման քաղաքականություն՝ փորձելով ստեղծել միատարր և միավորված ազգ։ Մուսթաֆա Քեմալի ղեկավարության տարիներին ոչ թուրք փոքրամասնություններին պարտադրվել է հանրային վայրերում խոսել թուրքերեն, ոչ թուրք փոքրամասնությունների տեղանունները և ազգանունները պետք է փոփոխվեին՝ համապատասխան Ազգանվան մասին օրենքի։ 1934 թվականին թուրքական կառավարությունը նրան շնորհել է Աթաթուրք ազգանունը, որը նշանակում է «թուրքերի հայր»՝ ի նշանավորումն նրա ունեցած դերի ժամանակակից Թուրքիայի Հանրապետության կառուցման գործում։ Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը մահացել է 1938 թվականի նոյեմբերի 10-ին 57 տարեկան հասակում Դոլմաբահչե պալատում. նախագահի պաշտոնում նրան հաջորդել է Իսմեթ Ինյոնյուն և ի պատիվ նրա՝ կատարվել է պետական հուղարկավորություն։ 1953 թվականին կառուցվել է նրա պատկերազարդ դամբարանը, որը գտնվում է Խաղաղության զբոսայգում՝ ի պատիվ նրա հայտնի խոսքի՝ «Խաղաղություն հայրենիքում, խաղաղություն աշխարհում»։
1981 թվականին՝ Աթաթուրքի ծննդյան 100-ամյակի կապակցությամբ, ՄԱԿ-ը և ՅՈՒՆԵՍԿՕ-ն հարգել են նրա հիշատակը՝ հայտարարելով «աշխարհում Աթաթուրքի տարի» և ընդունել են Աթաթուրքի հարյուրամյակի հետ կապված բանաձև՝ նրան բնութագրելով որպես «գաղութատիրության և իմպերիալիզմի դեմ առաջին պայքարի ղեկավար» և որպես «մարդկանց մեջ փոխըմբռնման ունակության և կայուն խաղաղության զարգացմանը նկատելի չափով աջակցած անձ, որն իր ողջ կյանքի ընթացքում աշխատել է զարգացնել ներդաշնակություն և համագործակցություն մարդկության շրջանում առանց խտրականության»։ Ի պատիվ Աթաթուրքի՝ Թուրքիայում և աշխարհի բազմաթիվ երկրներում կան շատ հուշարձաններ, նրա անունով են կոչվել բազմաթիվ տեղանուններ։ Հունաստանի նախկին վարչապետ Էլեֆթերիոս Վենիզելոսն Աթաթուրքի անունը 1934 թվականին առաջադրել է Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...