Երբ երկու լիցքավորված մարմիններ բավականաչափ մոտեցնում են իրար, դրանց միջև առաջանում է կայծ և լսվում է ճայթյուն: Այս երևույթն անվանում են էլեկտրական պարպում:
Օդի արագ ընդարձակման հետևանքով առաջանում է նաև հարվածային ալիք, և մենք լսում ենք որոտը: Կայծակն օժտված է ահռելի էներգիայով և կարող է շատ վտանգավոր լինել: Խփելով տարբեր մարմինների՝ կայծակը կարող է մեծ վնասներ պատճառել. հալել մետաղե իրերը, այրել ծառերը, սպանել մարդկանց և կենդանիներին:

Կայծակը էլեկտրական պարպում է, որը տեղի է ունենում մթնոլորտում և ուղեկցվում է որոտով:
Կայծակ կարող է առաջանալ երկու էլեկտրականացված ամպերի կամ ամպի ու Երկրի միջև:

Ամպրոպային ամպերը կազմված են ջրի կաթիլներից և փոքրիկ սառցակտորներից: Ներքևից բարձրացող տաք օդի հոսանքների շնորհիվ այդ մասնիկներն անընդհատ բախվում են իրար և, որպես արդյունք` լիցքավորվում: Երբ լիցքերի քանակությունը բավականաչափ մեծանում է, ամպից որոշ էլեկտրոններ օդով հասնում են Երկիր՝ ստեղծելով անցուղի մնացած լիցքավորված մասնիկների համար․ առաջանում է կայծակ։
Այդ պրոցեսը տևում է շատ կարճ, ջերմաստիճանը հասնում է տաս հազար աստիճանի, տեղի է ունենում կարճատև լուսարձակում։

Շանթարգել
Շենքերը կայծակի հարվածից պաշտպանում են հատուկ սարքերի՝ շանթարգելների օգնությամբ:
Շանթարգելը մետաղյա ձող է, որն ամրացվում է շինության պատի երկայնքով։ Ձողի վերին սրածայր մասը պաշտպանվող շենքից բարձր է՝ ստորին մասը հողակցված։
Ամպրոպաբեր ամպերից էլեկտրական լիցքերը շանթարգելի միջով անցնում են հողի մեջ՝ չվնասելով շինությունը:

No comments:
Post a Comment