Հայերը պատկանում են էթնիկ խմբի, որը Ուրարտուի կործանումից հետո, մ.թ.ա.
7-րդ դարի վերջում կամ 6-րդ դարի սկզբում կենսագործում է Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում: Հայերը իրենց անվանում են «հայ», իսկ երկիրը` «Հայաստան» կամ «Հայք»: Մինչդեռ բոլոր ժողովուրդները,
բացի վրացիներից, հայերին անվանում են «արմեն», իսկ նրանց երկիրը` «Արմենիա»: Վրացիները հայերին անվանում են «սոմեխի», երկիրը` «Սոմխեթի»:
Հայկական ավանդազրույց
Հայ ժողովրդի նախահայր Հայկ
Նահապետը, որը, հաղթելով Բելին, հաստատվեց Հայկական լեռնաշխարհում
Ավանդազրույցների մեջ
ամենահինը և արժեքավորը հայկական ավանդազրույցն է, որը հայտնի է նաև «Հայկ և
Բել» առասպել անունով: Այս ավանդազրույցը մեզ է հասել երկու
սկզբնաղբյուրներից` Մովսես Խորենացու և Սեբեոսի աշխատություններից:
Առաջին աստվածներից առաջացած
հաղթանդամ Հայկը ընդդիմանում է բոլոր նրանց, ովքեր ձգտում էին
իշխանություն ձեռք բերել հսկաների և դյուցազունների վրա: Բաբելոնում աշտարակաշինության
անհաջող փորձից հետո հսկաներից մեկը` Տիտանյան Բելը, բռնանում է բոլորի վրա և
իրեն հայտարարում արքա: Հայկը չի կամենում հնազանդվել Բելին և իր որդիների,
դուստրերի ու թոռների հետ` մոտ 300 հոգի, Բաբելոնից հեռանում, գնում է Այրարատի
երկիրը և բնակվում է մի լեռնադաշտում, որն այնուհետև կոչվում է Հայք:
Իմանալով Հայկի անհնազանդության մասին` Բելը պահանջում է նրանից ետ վերադառնալ և
հնազանդվել իրեն, սակայն Հայկը մերժում է այդ պահանջը: Բելը զայրացած հետևակ
զորքերի բազմությամբ գալիս հասնում է Այրարատի երկիրը: Հայկը հարձակման լուրն
իմանալով՝ հավաքում է իր քաջորդիներին ու շարժվում Բելի դեմ: Վանա լճի մոտ
Հայկը և նրա ուղեկիցները հանդիպում են Բելի զորքին: Երկու կողմի հսկաները
մարտընչում են իրար հետ և այդ ընդհանրումից բարձրանում է ահագին դղրդյուն: Մարտի
ընթացքից սարսափած Բելը որոշում է իջնել բլրից և ամրանալ զորքի մեջ: Աղեղնավոր
Հայկը այդ բանը նկատելով, առաջ է անցնում և մոտենում Բելին պինդ քաշում է իր
լայնալիճ աղեղը և երեքթևյան նետը արձակում նրա կրծքի զրահատախտակին: Նետը` թափով
անցնելով և թիկունքից դուրս գալով, ընկնում է գետնին և այսպես հպարտ Բելը
տապալվում է, իսկ նրա զորքը դիմում է փախուստի:
Հայկը հաղթանակի առիթով
ճակատամարտի տեղում շինում է դաստակերտ և անվանում է Հայք: Հենց Հայկի անունից էլ
մեր ազգը անվանվեց հայ, իսկ երկիրը՝ Հայաստան։ Բուն Հայոց թվականը սկսվում է հենց
այդ օրից՝ Ք․ա 2492 թվականի օգոստոսի
11-ից։
Ավանդազրույցի մեջ պատմվում է
նաև, թե ինչպես Հայկի որդին` Արմենակը, և նրա հաջորդ սերունդները, շարժվելով դեպի
հյուսիս, բնակություն են հաստատում Արարատյան դաշտում և Հյուսիսիային
Հայաստանի տարբեր մասերում, որտեղ և նրանց անունով են կոչվում առանձին գավառների և
բնակավայրերի անունները: Այսպես, օրինակ` Արմենակի անունով է կոչվում Արագած
լեռը և Արագածոտն գավառը, Արամայիսի անունով` Արմավիրը, Շարայի
անունուվ` Շիրակը, Գեղամի անունով` Գեղարքունիքը, Սիսակի անունով`
Սիսականը, Արայի անունով` Այրարատը և այլն: Ըստ ավանդության, Հայկի
սերնդից էր նաև Արամը, որի կատարած քաջագործությունների համար էլ օտարները հայերին
սկսում են անվանել արմեն, իսկ երկիրը` Արմենիա:
Հունական ավանդազրույց
Հայ ժողովրդի ծագման մասին մեզ է հասել նաև հունական ավանդազրույց, ըստ
որի՝ հայերը ծագում են հույների մեջ մեծ սերը վայելող արգոնավորդներից մեկից։ Յասոնը և
մնացած արգոնավորդներն իրենց Արգոն նավով ուղևորվում են Կոլխիդա, որտեղ
փորձում են գտնել ոսկե գեղմը, ինչը համարվում էր անմահության և հավերժության
խորհրդանիշը։ Արգոնավորդներից մեկը՝ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա
մարզից էր, մնացած արգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ
մնում է Հայկական բարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա
անունով կոչվում է «Արմենիա», իսկ այդ երկրի բնակիչները՝ «արմեններ»։
Ք․ա․ I դարի հույն մատենագիր Ստրաբոնն ավելի
մանրամասն է անդրադարձել այս պատմությանը՝ նշելով, որ իր սկզբնաղբյուրները
Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների պատմություններն են: Դրա վառ ապացույցներից է
նաև այն, որ Հելլենիզմի ժամանակաշրջանում հայտնվեցին և սկսեցին
շրջանառվել նաև Պարսիկների ու մարերի հունական ծագման մասին
նույնանման ավանդազրույցներ` Բալկանյան թերակղզուց գաղթած լինելու
մասին:
Վրացական ավանդազրույց
Վրացական ավանդազրույցը գրի է առնվել վրաց մի շարք հեղինակների կողմից
9-11-րդ դարերում։ Ըստ այս ավանդազրույցի՝ հայերի նախահայր Հայկը, վրացիների
նախահայր` Քարթլոսը, աղվանների նախահայր` Ռանոսը, եգերների նախահայր` Եգրեսը
և կովկասյան մի քանի այլ ցեղերի նախահայրերը եղել են եղբայրներ, սերելով մի
հորից` Թորգոմից: Բաբելոնի աշտարակաշինությունից և լեզուների բաժանումից
հետո` Թորգոմը, որդիներով և իր ամբողջ ժողովրդով հեռանում է Բաբելոնից և
բնակություն է հաստատում Մասիս և Արագած լեռների միջև: Սակայն
շուտով Թորգոմի ժողովուրդը բազմանում է և տարածքը որտեղ բնակվում էին չի
տեղավորում նրանց, ինչի պատճառով էլ նրանք ընդարձակում են իրենց բնակության
սահմանները Սև ծովից մինչև Կասպից ծովն ու Կովկասյան
լեռները: Թորգոմի որդիները իրենց հոր մահից հետո մի քանի տարի անց ապստամբություն
են բարձրացնում բռնակալ Նեբրովթի դեմ և մարտում սպանում նրան: Նեբրովթին
հաղթելուց հետո դյուցազն եղբայրները սկսում են հանգիստ և անկախ կերպով իշխել իրենց
երկրներում փոխադարձաբար օգնելով միմյանց:
Այս ավանդազրույցի հիմնական արժեքը այն է, որ այնտեղ հիանալի կերպով արտահայտված
է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նրանց փոխադարձ օգնությունը
և համատեղ պայքարը օտար նվաճողների դեմ:
No comments:
Post a Comment