- Կարդում ենք Պ. Բեդիրյանի «Բառերի խորհրդավոր աշխարհից» գիրքը
Ասպետը և իր ձին
Ավետիք Իսահակյանը Միքայել Նալբանդյանի մասին գրում էր. «Նա մեր նոր կյանքի քաջարի ասպետն էր, որի հոգին վաղ հասակում պաշարեց գիտությունը՝ իր ծանր հայացքով աշխարհի վրա, և ազգի դառը վիճակի գիտակցությունը ծանրացավ նրա սրտին» («Միքայել Նալբանդյանի անմահ հիշատակին»)։
Իսկ Պարույր Սևակը «Անլռելի զանգակատուն» պոեմում պարսավում էր.
Ասպետությունից բոլորովին զուրկ
Ամպերն անքանակ
Գրոհ են տալիս բանակ առ բանակ
Մեն ու մենավոր արեգակի դեմ… (Ղողանջ Միջակության)
Ո՞ւմ հարցնես, որ չասի, թե ասպետը այն մարդն է, որ համատեղում է իր մեջ ազնվությունը, նվիրվածությունը, մանրուքներից վեր մնալու, վեհանձն լինելու, չարին նենգությամբ չպատասխանելու և նույնիսկ անձնազոհության գնալու հատկությունները։ Այս հիմունքով կազմված ունենք բավական թվով կայունացած արտահայտություններ՝ հեղափոխության ասպետ, սրտի ասպետ («երազած սիրո առարկա»), ասպետական դար կամ ժամանակներ, ասպետական վերաբերմունք (ցույց տալ), ասպետական քայլ (կատարել), ասպետական կեցվածք (ընդունել), իրեն ասպետի պես պահել, ասպետություն դրսևրել կամ հանդես բերել։
Ամեն մարդու ասպետ չեն հորջորջում, ինչպես որ շատ քչերին էին արժանացնում այդ կոչմանը հեռու միջնադարում, ավատապետական ու ազնվապետական Եվրոպայում, որտեղից գալիս է հիշյալ հասկացությունը՝ վերևում նշված իմաստով։ Գրում էին ասպետական երգեր ու բալլադներ, կլար նույնիսկ հատուկ գրական ժանր՝ ասպետական վեպ , որի տապանաքարը եղավ Միգուել Սերվանտես դե Սաավեդրայի «Դոն Քիշոտը»… Ու թեև միջնադարում (նաև, ավա՜ղ, այսօր) աշխարհում քիչ չեն եղել դաշույնի ու թիկնոցի ասպետներ էլ (ռուսերեն՝ рыцари плаща и кинжала), այսինքն՝ դավադիրներ, մարդուն մեջքից հարվածողներ, սակայն բոլոր դեպքերում ասպետը ասպետ է մնում։
Բայց «քարսիրտ» Ստուգաբանությունը գործ չունի բառի զգացական բովանդակության՝ ինչ-որ ասպետական իմաստների հետ և «անողոք շեշտով» հավաստում է, որ ասպետ բառացի նշանակում է… «ձիավոր», ավելի ճիշտ՝ «ձիու տեր կամ պետ»։ Կազմված է հին պարսկերենի ասպ (ա) «ձի»+ պատի «տեր, պետ» բաղադրիչներից։
-Չե՞ք հավատում,-կասի ձեզ Ստուգաբանությունը,- խնդրեմ, տեսեք. ԱՍՊանդակ «ձիու թամբից կախված ոտնակ», «ԱՍՊազեն «ձիու զենք ու զարդ. ձիավորի զենքուզարդ. զինված ձիավոր», ԱՍՊաճարակական «ձիաբուծական», ԱՍՊաստան «ձիու ախոռ» ԱՍՊախումբ «ձիավորների խումբ», ԱՍՊարեզ «ձիարձակարան՝ ձի վարժեցնելու տեղ, հրապարակ, տարածություն ընդհանրապես. հնում՝ տարածության չափ՝ 125 քայլ», փոխաբերաբար՝ «բնագավառ», ԱՍՊատակել «հեծյալներով արշավել-ավերել-թալանել»… Նույնիսկ պարսկական հատուկ անձնանվան մեջ կա՝ Դարեհ ՎշնԱՍՊ(յան)։
Եվ սրանք սոսկ մի չնչին մասն են կազմում այն 1405 բառերի, որոնք հայերենը, վկայում է Հրաչյա Աճառյանը, փոխ է առել պարսկերենից, ավելի ճիշտ՝ 960-ը միջին պարսկերենից, 445-ը՝ պարսկերենից, 11-րդ դարից հետո։Ի՞նչ է նշանակում ասպետ ժամանակակից հայերենում։
- Ի՞նչ է նշանակում ասպետ ժամանակակից հայերենում։
- Ի՞նչ է նշանակում՝ դաշույնի և թիկնոցի ասպետ։
- Ո՞ր լեզվից է փոխանցվել ասպ արմատը և ինչ է նշանակում ասպետ՝ բառացի։
- Բառարաններից գտիր պարսավել, հորջորջել, հավաստել, տապանաքար բառերի բացատրությունը։
- Տեքստում հիշատակված հատուկ անունները առանձնացրու, տեղեկություններ գտիր նրանց մասին։
- ներկայացրու ազնվություն, մանրուք, ձիավոր, պարսկերեն բառերի կազմությունը։ Օրինակ՝
անձնազոհություն-անձն(արմատ)+ա(հոդակապ)+զոհ(արմատ)+ություն(ածանց)
- Պարզիր՝ որ հոլովով են դրված մուգ գրված բառերը և որ հոլովման են ենթարկվում դրանք։
- Տեքստից գտիր 5 ածական, որոշիր՝ որակական են, թե՞ հարաբերական։
- Տեքստից գտիր դերանունները, որոշիր տեսակները։
Որի – հարաբերական դերանուն, սեռական հոլով
Իր – անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի, սեռական հոլով
Նրա – անձնական դերանուն, երրորդ դեմք, եզակի, սեռական հոլով
Ում – հարաբերական դերանուն
Այն – ցուցական դերանուն
Իրեն – անձնական դերանուն, տրական հոլով, երրորդ դեմք, եզակի
Ամեն – որոշյալ դերանուն
Ինչ-որ – անորոշ դերանուն
Ձեզ – անձնական դերանուն, տրական հոլով, հոգնակի, երկրորդ դեմք
Մի – անորոշ դերանուն
Որոնք – հարաբերական դերանուն
Այն – ցուցական դերանուն
No comments:
Post a Comment