Ըստ Սալմանասար Գ-ի տարեգրություններում պահպանված մի տեղեկության՝ մ.թ.ա. 832/մ.թ.ա. 831-ին Արածանի գետի միջին և ստորին հոսանքի շրջաններն արդեն անցել էին Վանի թագավորության Սարդուրի Ա արքայի հսկողության ներքո։ Այնուհետև Սարդուրի Ա միավորել է նաև Վանա լճի ավազանի ընդարձակ շրջանները, լճի հարավարևելյան ափին հիմնադրել արքունական նոր բերդաքաղաք Տուշպան, որն այնուհետև դարձել է Արարատյան տերության առաջնակարգ հենակայանը հարավում։ Մայրաքաղաքի կառուցապատման և հարդարման աշխատանքներն ավարտվել են մ.թ.ա. 9-րդ դարի վերջին, մասնավորապես՝ բերդաքաղաքին խմելու և ոռոգելու ջուր մատակարարող Մենուայի ջրանցքի կառուցմամբ։
Իշպուինի թագավորի, հատկապես նրա որդու և հաջորդի՝ Մենուայի օրոք Հայկական լեռնաշխարհի ազգակից ցեղերն ու «աշխարհները» մեծ մասամբ ներառվել են Արարատյան միասնական տերության մեջ։ Արգիշտի Ա-ի և Սարդուրի Բ-ի կառավարման ժամանակ Վանի թագավորությունը հասնում է իր հզորության գագաթնակետին։ Երկրի սահմանները ձգվում էին Կովկասից մինչև Խորին Ասորիք և Բաբելոնից ու Արևմտյան Իրանից մինչև Փոքր Ասիայի խորքերը։ Այն դառնում է Մերձավոր Արևելքի միակ գերտերությունը։
Սարդուրի Ա-ն Վանի թագավորության մ.թ.ա. մոտ 834-828 թվականների արքա է։ Գահակալման սկզբնական տարիներին միավորելով Արածանի գետի միջին և ստորին ավազանի «երկրները», արևմտյան սահմանը հասցրել է մինչև Եփրատ գետը։ Շինարարական աշխատանքների մասին Սարդուրի Ա-ի արձանագրությունը աքադերեն պահպանվել է բերդապարսպին։ Ըստ այդ արձանագրության՝ նա մեծարվել է «մեծ արքա», «տիեզերքի արքա», «Նաիրի երկրների արքա», «բոլոր թագավորներից հարկեր ստացող արքա», «ճակատամարտերից չերկնչող զարմանահրաշ քուրմ» և այլ տիտղոսներով։ Իր գահաժառանգ որդի Իշփուինիին թողել է ընդարձակ և կայուն սահմաններով թագավորություն։ Հավանաբար թաղվել է Մուսասիրի տաճարում։
Իշպուինին Վանի թագավորության թագավոր է մ.թ.ա. մոտավոր 824-810 թվականներին։ Ժամանակակից է Ասորեստանի Շամշիադադ թագավորին և հիշատակվում է նրա տարեգրության մեջ մ.թ.ա. մոտավոր 824-ին։ Հաջորդել է հորը՝ Սարդուրի Ա թագավորին։ Գահակալել է տարեց հասակում։ Սկզբում իշխել է միահեծան, այնուհետև որդու՝ Մենուայի գահակցությամբ։ Իշպուինիի անունով պահպանված սեպաձև արձանագրությունները պատմում են նրա հաղթական արշավանքների, թագավորության սահմանների ընդարձակման ու ամրապնդման մասին։ Իշպուինիի, ինչպես նաև Մենուայի հետ համատեղ թողած որոշ արձանագրություններ, վերաբերվում են Արարատյան դաշտում, Տուշպայի, Մանազկերտի և այլ շրջաններում կատարած շինարարական ձեռնարկումներին։ Իշպուինին կրել է «Մեծ արքա», «Հզոր արքա», «Տիեզերքի արքա», «Նաիրի, Սուրա, Բիայնա երկրների արքա» տիտղոսները։ Կյանքի վերջին տարիներին արքայական գահը հանձնելով Մենուային՝ նվիրվել է քրմապետական գործունեությանը։ Վանի «Մհերի դուռ» կոչվող ժայռին պահպանված արձանագրությունը ներկայացնում է Իշպուինիի կազմած հաշտից ցուցակը՝ Խալդի աստծո գլխավորությամբ ավագ ու կրտսեր աստվածությունների դիցակարգությունը։
Մինուան Վանի թագավորության թագավոր է մոտ մ.թ.ա. 810 թվականից։ Իշփուինի թագավորի որդին, գահակիցը և հաջորդը։ Իշփուինիի և Մենուայի համատեղ թագավորության տարիներին Վանի թագավորության սահմանները ընդարձակվել են։ Մենուայի միանձնյա թագավորության օրոք Վանի թագավորությունն ապրել է ռազմաքաղաքական վերելք։ Կենտրոնական և ծայրամասային մարզերում՝ Վանա լճի շրջակայքում, Արածանիի և Արաքսի վերին հոսանքներում, Կարինի դաշտում Մենուան կառուցել է բազմաթիվ ամրոցներ։ Դա հնարավորություն է տվել ապահովելու պետության անվտանգությունը, հաստատվելու նվաճված երկրներում և հետագա արշավանքներով գրավելու նոր շրջաններ։ Հյուսիսում Մենուան հասել է Կարսի շրջան, Ճորոխի ավազան և Արարատի հյուսիսային ստորոտները։ Դիաուխի, Էթիունի, Էրիկուախի և այլ երկրների դեմ տարած հաղթանակները զգալիորեն ամրապնդել են Վանի թագավորություն դիրքերը հյուսիսում։ Այնուհետև Մենուան ռազմական գործողություններ է ծավալել արևմուտքում և հարավ-արևմուտքում՝ Ծուփանիում, Ալզիում, անդրեփրատյան Մելիտեայում։ Մենուան ստեղծել է ոռոգման լայն ցանց։ Ոչ միայն Վանի թագավորությունում, այլ Հին Արևելքում ուրույն տեղ է գրավել Մենուայի կառուցած վիթխարի ջրանցքը՝ 72 կմ երկարությամբ, որը խմելու և ոռոգելու ջուր է մատակարարել Վանի թագավորության մայրաքաղաք Տուշպային։ Մենուան ջրանցքներ է անցկացրել Վանա լճի հյուսիսային, հարավային ու արևելյան ավազաններում և հարակից շրջաններում։
Արգիշտի Ա-ն Վանի թագավորության արքա է մոտ մ.թ.ա. 786 թվականից։ Մենուա թագավորի որդին և հաջորդը։ Արգիշտի Ա-ի գահակալության տարիներին Վանի հայկական թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին։ Արգիշտի Ա գործունեությունը վերականգնվում է ճշգրիտ ժամանակագրությամբ շնորհիվ «Խորխոռյան տարեգրության», որում իրադարձությունները ներկայացվում են հանգամանորեն։ Գրեթե Հայկական ամբողջ լեռնաշխարհը միավորելով Վանի թագավորության մեջ՝ Արգիշտի Ա-ն հետևողականորեն վարել է անհնազանդ ցեղային իշխանությունների կենտրոնախույս ձգտումները ճնշելու քաղաքականություն, թուլացրել է նրանց ուժերը, հարկերի ու պարտավորությունների ենթարկել, նրանց տիրույթներում ռազմական հենակետեր ստեղծել, վերաբնակեցրել իր տիրապետության տակ եղած այլ վայրերում: Արգիշտի Ա-ն հիմնեց նոր բնակավայրեր։ Դրանցից նշանավոր էր Էրեբունին, որը դարձավ ՀՀ մայրաքաղաք Երևանի հիմքը։Վեց տարի անց նա հիմնեց քաղաք-ամրոց՝ Արգիշտիխինիլին։
No comments:
Post a Comment