Tuesday, October 20, 2020

Սպասավոր է՝ պիտի սպասի

Րաֆֆու «Սամվելում» անպայման հանդիպած կլինեք այսպիսի տողերի. «Ժամանակի սովորույթի համեմատ սպասավորը ամեն ծառայության համար պետք է յուր տիրոջ աչքին երևնար միայն. նա համարձակություն չուներ յուր կողմից առաջարկություններ անելու, այլ պետք է սպասեր տիրոջ հրամանին»։

Կամ՝ «Իսկ երկու նաժիշտները կանգնած էին նրանց սպասում»։

Այս վերջին բառի կիրառությունը դուք հանդիպել եք նաև Հովհաննես Թումանյանի ստեղծագործություններում. բոլորդ երևի անգիր էլ հիշում եք.

Մենք, առույգ ու ժիր գեղջուկ մանուկներ,

Երեք դասընկեր

Նրանց առաջին գլխաբաց կանգնած,

Ձեռքներս խոնարհ սրտներիս դրած,

Զի՜լ, ուժեղ ձայնով նրանց սպասում-

Տաղ էինք ասում։ (Հին օրհնություն)

Արևմտահայերենն էլ չի մոռացել այս բառը, և Հակոբ Օշականն իր «Պաղտո» պատմվածքում գրում է. «…Ու բամբակի պես թավ, ձյունի պես ճերմակ մահիճներուն սպասը (այսինքն՝ ծառայությունը) իրն էր»։

Կապ կա՞ այս բոլոր բառերի մեջ։ Այո, անմիջական կապ։ Բոլորի արմատն է սպաս, որ նշանակում է «պաշտոն, ծառայություն» (ուշադրություն դարձրեք Րաֆֆուց բերված հատվածին)։

Հրաչյա Աճառյանը մեզ սովորեցնում է, որ այն փոխ է առնված պարսկերենից, ուր նույն իմաստն ունի։ Ուրեմն սպասավոր բառացի նշանակում է «պաշտոն տանող, ծառայող», ասել է թե՝ «ծառա»։ Կանգնել մեկի սպասում- «կանգնել մեկին ծառայելու»։ (Այստեղից մինչև սպասել բայը ընդամենը կես քայլ է, մանավանդ եթե հաշվի առնենք, որ այդ բայը ժամանակին առաջին հերթին նշանակել է ծառայել, խնամել»)։

Սակայի սպասավոր-ը մի շարք դարձվածային արտահայտություններում ունի նաև փոխաբերական հետաքրքրական իմաստ։ Հետևենք Պերճ Զեյթունցյանի «Արշակ Երկրորդ» բարձրարժեք պատմավեպից վերցված այս հատվածում ընդգծված բառերին. «Քրիստոսի սպասավորները այն (հեթանոսական տաճարը) ավերել էին Երիզայի Անահիտի տաճարի հետ միաժամանակ ու նրա տեղում եկեղեցի կառուցել»։ Քրիստոսի սպասավորները քրիստոնյաներն են, ավելի ճիշտ՝ քրիստոնյա կրոնավորները։ Սրանց ասում են նաև Աստծո սպասավորներ կամ պաշտոնյաներ՝ ծառաներ։

Կա նաև Մելպոմենի սպասավոր։ Մելպոմենը հին հույների թատրոնի աստվածուհին էր։ Նրա սպասավորն էլ, ինչ խոսք, կլինի դերասանը։

Ի միջի այլոց, պարսկերենից ենք փոխառել նաև ամիր սպասալար բառը, որ զինվորական ու պետական ծառայության բարձրագույն աստիճանի անունն էր միջնադարում։

Այս բոլորը երևի այնքան էլ անակնկալ ու զարմանալի չթվան, որքան այն, որ այս նույն արմատն է ներկայացնում նաև… սպաս (թանապուր) բառը։ Սա մի ժամանակ նշանակել է ընդհանրապես «ապուր»։ Օրինակ՝ ունեցել ենք ոսպնասպաս- ոսպապուր։ Ուրեմն՝ սպաս-ը ապուրն է, որ սպասարկվում՝ մատուցվում է։

Հետո այդ նույն արմատից բոլորովին վերջերս կազմել ենք նոր մի բառ՝ սպասք, որ նշանակում է «ճաշ և այլն մատուցելու համար օգտագործվող ամանների հավաքական ամբողջություն» (օրինակ՝ ճաշի, թեյի, նաև գրասեղանի սպասք)։

Ինչպես քիչ չի պատահում լեզվի մեջ, բառն իր արմատի նախնական իմաստից քայլ առ քայլ այնքան է հեռանում, որ երկու ծայրերն իրար կողքի դնելիս հավատալդ էլ չի գալիս, թե դրանք կարող են որևէ կապ ունենալ։ Ինքներդ դատեցեք. «պաշտոն»-ն ո՜ւր, «սպաս»-ն ու «գրասեղանի սպասք»-ը ո՜ւր։

2. Գտիր տեքստից անձ ցույց տվող հատուկ անունները։ Պարզիր՝ ովքեր են նրանք։ Ո՞ր անունն ես սովորել Պ. Բեդիրյանի այս գրքի նախորդ տեքստերից։

Րաֆֆի

Րաֆֆին ծնվել է հարուստ ազնվականի ընտանիքում Պարսկաստանի Սալմաստ գավառի Փայաջուկ գյուղում։ Նախնական կրթություն ստացել է տեղի ծխական ուսումնարանում։ Հայրը՝ Մելիք Միրզան, հայտնի առևտրական էր և 13 զավակների հայր էր, ուներ նաև կալվածքներ: Մելիքությունը նրանց ժառանգական իրավունքն էր, և նրանց վեհապահված էր գյուղերի կառավարումը:

Հովհաննես Թումանյան

Հովհաննես Թադևոսի Թումանյանը հայ բանաստեղծ, արձակագիր, գրական, ազգային և հասարակական գործիչ։ Գրել է բանաստեղծություններ, պոեմներ, քառյակներ, բալլադներ, պատմվածքներ ու հեքիաթներ, ակնարկներ, քննադատական ու հրապարակախոսական հոդվածներ, կատարել է թարգմանություններ, մշակել է «Սասնա ծռեր» դյուցազնավեպի «Սասունցի Դավիթ» ճյուղը։ Համարվում է ամենայն հայոց մեծ բանաստեղծ:

Հակոբ Օշական

Հակոբ Օշականը ծնվել է Թուրքիայի Բուրսա քաղաքում։ 1899 թ. ավարտել է Բուրսայի Գևորգյան ազգային վարժարանը, 1899-1900 թթ. սովորել է Արմաշի դպրեվանքում։ 1914 թ. եղել է «Մեհյան», 1922 թ.՝ «Բարձրավանք» հանդեսների համախմբագիրը։ 1942 թ. կազմել է «Հայ գրականութիւն» դասագիրքը։

Հրաչյա Աճառյան

Հրաչյա Հակոբի Աճառյանն ականավոր հայ լեզվաբան և բառարանագիր է, ՀԽՍՀ ԳԱ ակադեմիկոս։ Հայտնի է իր գիտական աշխատություններով հայոց լեզվի բարբառաբանության, լեքսիկոլոգիայի, լեքսիկոգրաֆիայի, պատմության վերաբերյալ և այլն։ Ստալինյան ռեպրեսիաների հետևանքով 1937 թվականին խորհրդային իշխանությունները Երևանում նրան անհիմն ձերբակալել են և մեղադրանք առաջադրել «հակահեղափոխական, հակախորհրդային, ազգայնամոլական գործունեություն» ծավալելու համար: Երկու տարի անցկացրել է աքսորավայրում, 1939 թվականին արդարացվել է և վերադարձել Երևան: Մահացել է 1953թ․-ին։

Պերճ Զեյթունցյան

Պերճ Արմենակի Զեյթունցյանը հայ արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ է։ ԽՍՀՄ գրողների միության անդամներ: ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ, պետական մրցանակի կրկնակի դափնեկիր, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ։

Արշակ Երկրորդ

Արշակ Բն Հայոց Արշակունի թագավոր է 350 թվականից։ Տիրան թագավորի որդին և հաջորդը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...