Monday, February 18, 2019

Հայերենի ծագումը, հնդեվրոպական լեզվաընտանիքում նրա տեղը

Հնդեվրոպական լեզուներ


Հնդեվրոպական լեզուների ընտանիքն աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։ Լեզվակիրների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ Որոշ լեզվաբանների տեսակետների համաձայն նոստրատիկ գերընտանիքի մասն է կազմում։

     Ռոմանական լեզուներ     Հնդիրանական լեզուներ     Կելտական լեզուներ     Գերմանական լեզուներ     Բալթյան լեզուներ     Սլավոնական լեզուներ     Հայերեն     Հունարեն     Ալբաներեն






«Հնդեվրոպական լեզուներ» տերմինը առաջին անգամ ներկայացվեց Թովմաս Յունգի կողմից 1813 թվականին։ 
Գերմանական գրականության մեջ հաճախ օգտագործվում է «Հնդգերմանական լեզուներ» տերմինը։ Երբեմն ավելի վաղ հնդեվրոպական լեզուները կոչվում էին «Արիական», սակայն այժմ այդ տերմինը կոչվում է «Արիական լեզուներ», այդ թվում «Նուրիստանական ճյուղը» և «Հնդիրանական լեզուները». Հնդեվրոպական լեզվաընտանիքը ամենից ավելի լավ ուսումնասիրված ամենաբազմալեզու լեզվական ընտանիքներից մեկն է, որ տարածված է Եվրոպայի մեծ մասում, ինչպես և Ասիայի, Աֆրիկայի, Ամերիկայի, Ավստրալիայի և Օվկիանիայի զգալի մասում։ Հնդեվրոպական լեզուները բաժանվում են 12 ճյուղի։
Հայերենը՝ հնդեվրոպական լեզվաընտանիքի ինքնուրույն ճյուղ
Հայերենը հնդեվրոպական ընտանիքի առանձին ճյուղ է։ Հայերենի զարգացումը բաժանվում է երեք շրջանի՝ հին հայերեն, որ գրավոր կերպով ավանդված է 5-րդ դարից, միջին հայերեն, որ ավանդված է միջնադարյան, հատկապես կիլիկյան շրջանի մատենագրությամբ, և աշխարհաբար, իր երկու գրական ճյուղավորումներով՝ արևելյան ու արևմտահայերեն, որոնցից արևելյանը բարձրացավ պետական լեզվի մակարդակի։ Հայերենն ունի բազմաթիվ բարբառներ, որոնք բաժանվում են երեք ճյուղի՝ ում, կը, ել, ոմանք բաժանում են չորս ճյուղի՝ ում, կը, ել, ս։ Այս բարբառներից շատերն այժմ ձուլվում են համազգային հայերենի մեջ և գնում են դեպի մահացում, ըստ որում, նրանցից մի քանիսն արդեն մահացել են։ 19-րդ դարի առաջին կեսում, երբ դեռ նոր էր հիմնադրվել համեմատական լեզվաբանությունը, եվրոպական մի շարք արևելագետներ, ուսումնասիրելով հայերենը, ցույց տվեցին, որ այն ևս հնդեվրոպական լեզու է, բայց սխալ կերպով համարեցին հնդ-իրանական ճյուղի իրանական ենթաճյուղին պատկանող մի բարբառ։ Դրա հիման վրա Ֆրանց Բոպպն էլ իր համեմատական քերականության երկրորդ հրատարակության ժամանակ հայերենը նույնպես մտցրեց հնդեվրոպական լեզուների ընտանիքի մեջ՝ որպես հնդ-իրանական ճյուղի մի բարբառ։ Այդ սխալ տեսակետը ընդունվեց նաև այլ լեզվաբանների կողմից մինչև 1875 թվականը, երբ լույս տեսավ Հայնրիխ Հյուբշմանի "Die Grundlage der Armenischen Sprache im Kreise der indogermanischen Sprachen" աշխատությունը։ Այդ աշխատության մեջ Հյուբշմանը, ճիշտ կիրառելով հնչյունափոխական օրենքները հայերենում, կարողացավ զատել հայերենի սեփական հնդեվրոպական բառերը փոխառյալ բառերից և, դրանով իսկ, վեր հանեց այն առանձնահատկությունները, որ ունի հայերենը թե՛ իրանական, թե՛ հնդեվրոպական մյուս լեզուների համեմատությամբ։ Դրա հիման վրա էլ նա եկավ այն եզրակացության, որ հայերենը, իբրև հնդեվրոպական լեզու, ինքնուրույն մի ճյուղ է ներկայացնում և չի մտնում հնդ-իրանական ճյուղի մեջ։ Իր այդ եզրակացությունը Հյուբշմանը հետագայում հաստատեց մի շարք արժեքավոր ուսումնասիրություններով, որոնք նոր հունի մեջ դրին հայերենի համեմատական ուսումնասիրությունը։ Հյուբշմանի հետևողությամբ շարունակեցին ուսումնասիրել հայերենը հնդեվրոպական լեզվաբանության բազմաթիվ ներկայացուցիչներ։ Այս տեսակետից առանձնապես մեծ է Հրաչյա Աճառյանի վաստակը, որ իր աշխատությունների մեջ ամփոփել է այն ամենը, ինչը որ արված է հայոց լեզվի համեմատական ուսումնասիրության ներկայացուցիչների կողմից։ Ի մի բերելով հայերենի բոլոր հնդեվրոպական տարրերը՝ Աճառյանը ցույց է տվել, որ հնդեվրոպական լեզուների արևելյան խմբի մեջ մտնելով՝ հայերենը ինքնուրույն ճյուղ է ներկայացնում և առավել մերձավոր ցեղակցության մեջ է իրանական, հունական ու սլավոնական լեզուների հետ։
Հայերեն

Հայերենը հնդեվրոպական լեզվաընտանիքի առանձին ճյուղ հանդիսացող լեզու է։
Հայաստանի և Արցախի պետական լեզուն է։
Իր շուրջ հինգհազարամյա գոյության ընթացքում հայերենը շփվել է տարբեր ժողովուրդների, բազմաթիվ լեզուների հետ, սակայն պահպանել է իր ինքնուրույնությունը, քերականական կառուցվածքի և բառապաշարի ինքնատիպությունը։
Հայոց լեզվով ստեղծվել է մեծ գրականություն: Գրաբարով է ավանդված հայ հին պատմագրությունը, գիտափիլիսոփայական, մաթեմատիկական, բժշկագիտական, աստվածաբանական-դավանաբանական գրականությունը։ Միջին գրական հայերենով են մեզ հասել միջնադարյան հայ քնարերգության գլուխգործոցները, բժշկագիտական, իրավագիտական նշանակալի աշխատություններ։ Գրական նոր հայերենի արևելահայերեն ու արևմտահայերեն գրական տարբերակներով ստեղծվել է գեղարվեստական, հրապարակախոսական ու գիտական բազմատիպ ու բազմաբնույթ հարուստ գրականություն։
Հայերենը լայնորեն օգտագործվում է պատմական Հայաստանի տարածքներում և Հայկական սփյուռքում: Առավել կիրառական է Եվրոպայում, Մերձավոր Արևելքում և նախկին ԽՍՀՄ հանրապետություններում՝ Ռուսաստանում, Վրաստանում, Ուկրաինայում և այլուր։
Արևմտյան կիսագնդում հայերեն են խոսում ԱՄՆ-ում, Կանադայում, Լատինական Ամերիկայում։ Հայկական համայնքներ կան նաև Աֆրիկայում, Ավստրալիայում և այլուր։

Հայերեն լեզվակիրների քանակը կազմում է 7-9 միլիոն մարդ։ Աշխարհի հայ բնակչությունը տարբեր տվյալներով 10-12 միլիոն մարդ է։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...