Tuesday, December 21, 2021

Հայ ազգային կուսակցություններ

Արմենական կուսակցությունը առաջին հայկական կուսակցությունն է։ Հիմնադրվել է 1885 թվականին Արևմտյան Հայաստանի Վան քաղաքում։ Գոյատևել է մոտ չորս տասնամյակ՝ մինչև 1921 թվականը։ Հայաստանի Հանրապետության անկումից հետո միավորվել է ձախ հնչակյանների հետ և ստեղծվել է Ռամկավար ազատական կուսակցությունը։ Արմենական կուսակցության ծրագրից մի հատված․

Հեղափոխությամբ հայ ժողովրդի համար ձեռք բերել իրեն ազատ կառավարելու իրավունք, որով միայն նա կկարողանա մարդավայել ապրելու միջոցներ ունենալ և դրանք գործադրել ժամանակի պահանջների համեմատ։
«Արմենական կազմակերպության» նպատակն էր՝ հեղափոխությամբ Թուրքիայի հայ ժողովրդի համար իրավունք ձեռք բերել, ինքզինք ազատորեն կառավարելու, որով միայն կարող կլինի իբրև մարդ ապրելու միջոցներ գիտնալ և զանոնք գործադրել ժամանակի պահանջմամբց համեմատ։

Արմենականները գտնում էին, որ հայությանը պետք է նախապատրաստել հեղափոխության համար, զենք հայթայթել և զինախմբեր ստեղծել։ «Արմենիայի» օրինակները և զենք Վան փոխադրելու ժամանակ զոհվեցին առաջին երիտասարդ արմենականներ արևելահայ Վարդան Գոլոշյանն ու վանեցի Հովհաննես Ագրիպասյանը։

1890-ականներին Արևմտահայության զանգվածային կոտորածների ժամանակ Մկրտիչ Ավետիսյանը ղեկավարում էր Վանի ինքնապաշտպանական մարտերը։ Նա իր շուրջը կարողացավ համախմբել նաև դաշնակցականներին ու հնչակյաններին։ Երբ մի խումբ երիտասարդների հետ նա անցնում էր Պարսկաստան, ճանապարհին զոհվեց։ Կուսակցությունը մեծ մասնակցություն ունեցավ նաև 1915 թվականի Վանի ինքնապաշտպանական մարտերին։

Սոցիալ-դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայկական քաղաքական կուսակցություն է։
Այն հիմնադրվել է 1887 թվականի օգոստոսին Ժնևում, մի խումբ արևելահայ ուսանողների կողմից, որոնք էին՝ Ավետիս Նազարբեկյանը, Մարո Վարդանյանը, Ռուբեն Խանազատյանը, Գաբրիել Կաֆյանը, Քրիստափոր Օհանյանը, Գևորգ Ղարաջյանը, Մանուել Մանուելյանը։ Ներկայումս գործող ամենահին կուսակցությունն է։ Առաջին սոցիալիստական կուսակցությունն է, որը գոյություն է ունեցել Օսմանյան կայսրությունում և Իրանում, նաև հայտնի որպես Պարսկաստան։ Կուսակցության անվանումը վերցվել է «Հնչակ» թերթից, որի անունը «զանգակ» բառի հոմանիշն է։

1888 թվականին «Հնչակ» թերթում հրատարակվեց կուսակցության ծրագիրը։ Այն պատրաստվել և կազմվել էր 1887 թվականին Ավետիս և Մարո Նազարբեկյանների, Գևորգ Ղարաջյանի կողմից։ Հնչակյանների կողմից սեփական ծրագրի հրատարակությունն ազդարարում էր հեղափոխական կուսակցության կազմավորման մասին։ «Հնչակյան» անվանումը կուսակցությունը ստացավ միայն 1890 թվականին։

Հնչակ կուսակցությունը կռվել է Օսմանյան կայսրության դեմ բազում մարտերում՝ հայերին թուրքական իշխանությունից ազատագրելու նպատակով։ Այդ ժամանակահատվածում Հնչակյան կուսակցությանն են անդամագրվել բազում հայ մտավորականներ, ինչպիսիք են՝ Սմբատ Բյուրատը, Ստեփանոս Սափան-Գյուլյանը, Ալեքսանդր Աթաբեկյանը, Ատրպետը և Արամ Անտոնյանը։ 

Հայկական քաղաքական ուժերի ձևավորման սկզբնական ժամանակահատվածում, Դաշնակցությունը ձգտում էր «Օսմանյան կայսրության շրջանակներում բարեփոխումների», իսկ Հնչակյան կուսակցությունը կողմնակից էր հայկական անկախ պետությանը։ «Հնչակը» եղել է հնչակյանների պատշտոնաթերթը։ Հնչակյան կուսակցության առաջին համագումարը տեղի ունեցավ Լոնդոնում, 1896 թվականի սեպտեմբերին։

Կուսակցության սոցիալիստական ուղվածությունը պառակտման պատճառ դառձավ։ Այն հնչակյանները, որոնք հանդես էին գալիս միայն ազգային խնդիրների իրականացման պահանջով, 1896 թվականին անջատվեցին և ձևավորեցին Վերակազմյալ Հնչակյան կուսակցությունը՝ Լոնդոնում։ Կուսակցության ծրագրի համաձայն հնչակյանների գործունեության առանցքը Հայկական հարցն էր և սոցիալիզմը։ 1880-1890-ական թվականներին Արևմտյան Հայաստանում ստեղծելով իրենց կազմակերպությունները և անցնելով լայն գործունեության՝ Ազգային ճնշման դեմ իրենց մարտավարության մեջ հնչակյանները համատեղում էին խաղաղ քաղաքական ցույցերը և զինված հայդուկային ելույթները։

Մեծ արձագանք են ունեցել հնչակյանների 1890 թվականի հունիսի 30-ին Կարինում և հուլիսի 27-ին Կոստանդնուպոլսում կազմակերպած ցույցերը, ելույթները, որոնք եղել են աննախադեպ Օսմանյան կայսրության մեջ։ Մասնավորապես՝ 1890 թվականի հուլիսի 27-ին, Հնչակյան ակտիվիստներ Հարություն Ճանկուլյանը, Միհրան Տամատյանը և Համբարձում Բոյաջյանը գլխավորեցին Գում Գափուի ցույցը Կոստանդնուպոլսում, որում պահանջվում էր Արևմտյան Հայաստանի նահանգներում բարեփոխումների իրականացում։

1894 թվականին, Սասունի հերոսամարտը կազմակերպվեց Հնչակյան կուսակցության կողմից առաջնորներ՝ Միհրան Տամատյանի, Համբարձում Բոյաջյանի, Գևորգ Չավուշի և Հրայր Դժոխքի ղեկավարությամբ։ Սասունի հերոսամարտը թեպետ ճնշվեց Օսմանյան կայսրության կողմից, սակայն եվրոպական տերություններին պարտադրվեց Արևմտյան Հայաստանի համար մշակել բարեփոխումների ծրագիրը, որը հայտնի է 1895 թվականի «Մայիսյան բարենորոգումներ» անվամբ։ 1890-ական թվականների կեսին, երբ օսմանյան կառավարությունը ձեռնամուխ է եղել հայ բնակչության ջարդերին, հնչակյանների գործունեության հիմնական նպատակն է դարձել ոչ միայն հայերի այլև հարեւանությամբ ապրող ցեղերի կյանքի և ունեցվածքի զինված պաշտպանաթյունը։

Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ազգային սոցիալիստական կուսակցություն է։
Հիմնադրվել է 1890 թվականին Թիֆլիսում Քրիստափոր Միքայելյանի, Սիմոն Զավարյանի և Ստեփան Զորյանի կողմից։ Ստեղծվել է 1890 թվականի հուլիս-օգոստոսին Թիֆլիսում. ազգային երրորդ կուսակցությունն է։ Հիմնադիրները և առաջին ղեկավարներն էին Քրիստափոր Միքայելյանը, Սիմոն Զավարյանը և Ստեփան Զորյանը։ 1890 թվականի սեպտեմբերին հրապարակված ՀՅԴ մանիֆեստում նշված է, որ նոր ստեղծված կուսակցության նպատակն է համախմբել հայ ժողովրդի ուժերը, ձեռք բերել քաղաքական և տնտեսական ազատություն Արևմտյան Հայաստանի համար։ Այն արտահայտվել է ՀՅԴ առաջին ծրագրում, որն ընդունվել է 1892 թվականին կուսակցության առաջին ընդհանուր ժողովում։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր էությամբ, աշխարհայացքով և ավանդներով ազգային, ընկերվարական, ժողովրդավարական և հեղափոխական կուսակցություն է։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունն իր բոլոր ուժերով պայքարում է հանուն հայ ազգի քաղաքական-տնտեսական, ընկերային-մշակութային բովանդակ շահերի պաշտպանության։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը, հավատարիմ իր գաղափարաբանությանը, իր բոլոր ուժերով նվիրվում է բովանդակ հայ ազգի քաղաքական, տնտեսական, ընկերային եւ մշակութային շահերի պաշտպանությանը՝ հանուն Ազատ Հայի, Ազատ Քաղաքացու եւ Ազատ Հայրենիքի կերտման։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հայ ժողովուրդի ազգային ազատագրական պայքարը հիմնավորում է իր գաղափարաբանությամբ։ Նա առաջադրում է անհատի ազատության, ազգային ինքնորոշման, անկախ պետականության, ընկերության, համերաշխության և բարօրության ճանապարհով ապահովել հայ մարդու և հայ ազգի անկաշկանդ, բազմակողմանի և ներդաշնակ զարգացումը։ Հայ Յեղափոխական Դաշնակցությունը ձգտում է Հայ Դատի լուծմանը` ամբողջական հայությամբ ամբողջական հայրենիքի կերտմանը։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...