Saturday, November 5, 2022

Համո Օհանջանյան

Համո Օհանջանյանը ծնվել է Ախալքալաքում։ Ծննդյան օրվա մասին կա երեք վարկած՝ 1873, կամ 1874 թվականի փետրվարի 1, կամ փետրվարի 10:

Համո Օհանջանյանը սովորել է Ախալքալաքի դպրոցում, իսկ այնուհետև ավարտել է Թիֆլիսի ռուսական վարժարանը։ Ապա մեկնել է Մոսկվա՝ համալսարանում բժշկական կրթություն ստանալու։ Ուսանողական ընդվզումներին մասնակցության պատճառով դուրս է մնում համալսարանից և Մոսկվայից հեռանում է Թիֆլիս։

1899 թվականին մեկնում է Շվեյցարիա՝ Լոզանում բժշկական մասնագիտացման համար։ 1902 թվականին ավարտելով ուսումը՝ վերադառնում է Թիֆլիս։ 

Ցարական իշխանության հունիսի 12-ի օրենքի դեմ շարժման ձևավորողներից, որով հայ եկեղեցական գույքը պետականացվում էր՝ բռնագրավվում։ Օհանջանյանը մասնակցում է ՀՅԴ 3-րդ և 4-րդ ընդհանուր ժողովներին, դառնում Արևելյան բյուրոյի անդամ։ Կուսակցական գործունեություն է իրականացնում 1905-1907 թվականներին ռուսական առաջին հեղափոխության ժամանակ։

1908 թվականին մոտ 160 դաշնակցականների հետ ձերբակալվում է ցարական իշխանության կողմից, տարվում Մետեխի բանտ, ապա նաև Խարկով, որտեղ խիստ վատթարանում է նրա առողջությունը, ինչից հետո Օհանջանյանին ուղարկում են Սիբիր՝ ապրելու որպես աքսորյալ ու բարելավելու առողջական վիճակը։ Այնտեղ է իր հետևից մեկնում նաև Ռուբինա Արեշյանը՝ գեներալ Միքայել Արեշյանի քույրը, ով մեծ սիրով էր լցված Օհանջանյանի նկատմամբ, ու Սիբիրում նրանք ամուսնանում են։ Ռուբինա Արեշյանը Օսմանյան սուլթան Աբդուլ Համիդ II-ի դեմ 1905 թվականին իրականացված մահափորձի կազմակերպիչներից էր։

1912 թվականին ՀՅԴ կուսակցության Արևելյան բյուրոյի անդամ Համազասպ Օհանջանյանը դատարանի դահլիճում արտասանեց տպավորիչ ու մերկացնող մի ճառ․ որի «շնորհիվ» էլ վաստակեց Սիբիրում տաժանակիր աշխատանքի դատավճիռը։

Փետրվարյան հեղափոխությունից հետո մեկնում է Պետրոգրադ, իսկ այնուհետև Ռոստով՝ դիմելու տեղի հայերին՝ օգնելու պատերազմից տուժող ու ցեղասպանությանը զոհ գնացող հայ ժողովրդին։

1918 թվականի մայիսին Օհանջանյանը գործուն մասնակցություն է ունենում Ղարաքիլիսայի ճակատամարտում։ Նույն ճակատամարտում զոհվում է իր ավագ որդին։

Մայիսի 28-ին Հայաստանը հռչակվում է անկախ։

1918 թվականի մայիսին Փարիզի վեհաժողովին մասնակցելու համար հայկական պատվիրակության կազմում էր նաև Օհանջանյանը, ով Եվրոպայում մնում է մինչև 1920 թվականը։ 1919 թվականին ՀՅԴ 9-րդ ընդհանուր ժողովում Օհանջանյանն ընտրվում է բյուրոյի անդամ։

1920 թվականի սկզբին Օհանջանյանը վերադառնում է Հայաստան ու ստանձնում Ալեքսանդր Խատիսյանի կառավարության կազմում ՀՀ Արտաքին գործերի նախարարի պաշտոնը։

Մայիսյան ցույցերից և Ա. Խատիսյանի հրաժարականից հետո, 1920 թվականի մայիսի 5-ին Համո Օհանջանյանն ընտրվել է վարչապետ։ Օգոստոսի 10-ին ստորագրվեց Սևրի պայմանագիրը, իսկ Հայաստանի ու Թուրքիայի սահմանի գծման մանդատը տրվում է ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնին։ 

1920 թվականի սեպտեմբերի 22-ին՝ բոլշևիկյան Ռուսաստանի հետ համագործակցությամբ՝ քեմալական թուրքերի բանակը Քյազիմ Քարաբեքիր փաշայի գլխավորությամբ հարձակվում է Հայաստանի վրա, գրավելով Օլթին, Արդվինը, Կաղզվանը, Իգդիրը։ Սարիղամիշն ու Կաղզվանը գրավվեցին սեպտեմբերի 29-ին։ Հոկտեմբերի 30-ին թուրքերի ձեռքն ընկավ Կարսը։

Հայ-թուրքական պատերազմի զինադադարի կնքումով՝ Օհանջանյանի կառավարությունը կորցրեց իր հեղինակությունը ժողովրդի աչքին։ Նոյեմբերի 23-ին Համո Օհանջանյանի կառավարությունը հրաժարական ներկայացրեց։

Ապրիլին Օհանջանյանը հեռացավ Լեռնահայաստան, այնուհետև հունիսին՝ Պարսկաստան։ Հաստատվեց Կահիրեում։ Համազասպ Օհանջանյանը նաև Համազգային հայ կրթական և մշակութային միության 1928 թ. հիմնադիրներից է, առաջին նախագահը՝ մինչև մահը՝ 1947 թվականի հուլիսի 31-ին։

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...