Monday, March 6, 2017

Եղիշե Չարենց

Գրական անուն

Չարենցը Գուրգեն Մահարուն պատմել է, թե Կարս էր եկել Չարենց ազգանունով մի բժիշկ, որի ցուցատախտակի «Չարենց» մակագրությունն էլ վերցրել է։ Պատանեկան տարիների մտերիմները այլ բացատրություններ էլ են տալիս։ Ըստ Կարինե Քոթանջյանի՝ բանաստեղծը Չարենց է մկրտվել, որովհետև մանկուց եղել է չար երեխա։ Նրան այնքան են չար ասել, որ Չարենց էլ մնացել է։ Իսկ Անուշավան Ջիդեջյանը բանաստեղծի կողմից վկայել է, որ Չարենց անունն առաջացել է Ալեքսանդր Պուշկինի «Անչար» ոտանավորի հնչյունական տեղաշարժերի հետևանքով։ 1921 թվականից Չարենց գրական անունը նրա համար դառնում է նաև քաղաքացիական ազգանուն։ Չարենց անվան ընտրությունը բանաստեղծն ավելի ուշ տվել է տրամաբանական այսպիսի բացատրություն․«աշխարհում բարու դիմակի տակ շատ հաճախ չարն է թաքնված, ես էլ իմ հոգու բարի բովանդակությանը, այսպես ասած, չար անուն եմ տվել»։



Կենսագրություն




Եղիշե Չարենցի հայրը

Չարենցը ծնվել է 1897 թվականին Կարսում։ «Արևելյան փոշոտ ու դեղին մի քաղաք, անկյանք փողոցներ, բերդ, Վարդանի կամուրջ, Առաքելոց եկեղեցի և հինգ հարկանի պաշտոնական մի շենք»,– այսպես է գրողը ներկայացնում իր ծննդավայրը։ Այս տխուր միջավայրը, սակայն, նրան տվել է ինչ-որ բան, ազդել մանուկ հոգու վրա։ Բանաստեղծն ինքն էլ այս մթնոլորտի հետ է կապում իր խառնվածքի ձևավորումը։ Նրա ծնողները՝ գորգավաճառ Աբգար Սողոմոնյանը և Թեկղի Միրզոյանը, Կարս էին գաղթել Պարսկաստանի Մակու քաղաքից։ Սողոմոնյանների ընտանիքում մեծանում էին չորս տղա և երեք աղջիկ։ Կարսում Չարենցի տունը մինչև օրս կանգուն է։ Ապագա բանաստեղծը հետևողական կրթություն չի ստացել։ 1908-1912 թվականներին սովորել է Կարսի ռեալական ուսումնարանում և հեռացվել՝ ուսման վարձը վճարել չկարողանալու պատճառով։ 1914 թվականին լույս տեսավ նրա բանաստեղծությունների առաջին գիրքը, նրա վրա արդեն բազմել էր Չարենց գրական ազգանունը։ 1915 թվականին նա զինվորագրվում է հայ կամավորական գնդերից մեկում և հասնում մինչև Կարս:Գիտելիքների պակասը նա լրացրել է կյանքի համալսարաններում և ընթերցանությամբ։
1915 թվական, խոր աշուն էր։ Ձյուն էր դրել սարերի կատարներին։ Հայկական կամավորական 6-րդ ջոկատը, թուրքերի դեմ կռվող ռուսական բանակին միանալու համար, անցնում էր Վանա լճից հյուսիս-արևելք գտնվող Թափարիզ լեռան վրայով։ Լեռան կատարին, ձյուների մեջ, սառած-ընկած էին ծերերի, կանանց, երեխաների դիակներ... Տարերայնորեն գումարված միտինգում ելույթ ունեցավ նաև վտիտ մարմնով կարսեցի մի կամավորական։ Զինվորական համազգեստը մեծ էր նրա վրա, բայց խոշոր, սև աչքերում այնպիսի կրակներ էին վառվում, որ ոչ ոք չէր նկատում հագուստի անհամապատասխանությունը։ Այդ զինվոր-հռետորը ապագա մեծ բանաստեղծ Եզիշե Չարենցն էր(Սողոմոնյան)։Տեսածի, ապրածի ու զգացածի յուրահատուկ արտահայտությունը հետագայում դարձավ բանաստեղծի «Դանթեական առասպել» պոեմը, որը 1914-1918 թվականների համաշխարհային պատերազմի առաջին և ամենացնցող արձագանքն է հայ գրականության մեջ:
Հայրենիքին պիտանի լինելու մղումով 1919 թվականի աշնանը նա ուսուցչություն է անում Կարսի մարզի Բաշքյադիկլար գյուղի դպրոցում։ Չարենցի անունը նրան արժանի բարձր գնահատականով ներկայացնելու պատիվը վիճակված էր խոշորագույն քննադատ, ՀՀ կրթության և արվեստների նախարար Նիկոլ Աղբալյանին, որն էլ հայ գրական ընկերության անդրանիկ նիստերից մեկը 1919 թվականի հոկտեմբերի 18-ին նվիրեց Չարենցի ստեղծագործությանը։ Բանաստեղծը թեև ներկա չէր երեկոյին, բայց տեղեկացավ գրական այդ իրադարձության մասին։ 1920 թվականի հունվար-մայիս ամիսներին, Աղբալյանին ներկայացրած բանաստեղծին աշխատանքի է նշանակվել Աղբալյանի ղեկավարած նախարարությունում՝ որպես հատուկ հանձնարարությունների կոմիսար։ Դրանից հետո 1920-1921 թվականներին Չարենցին վերստին տեսնում ենք ուսուցչի պաշտոնում։ Այս բարդ ու հարափոփոխ ժամանակների ծնունդն են նրա «Նաիրի երկրից», «Դեպի ապագան», «Բրոնզե թևերը կարմիր գալիքի» ռադիոպոեմները՝ գրված 1920 թվականին։
1920 թվականի նոյեմբերին Հայաստանի խորհրդայնացումից հետո լուսավորության ժողովրդական կոմիսարիատում նա ստանձնում է արվեստի բաժնի վարիչի պաշտոն և աշխատում մինչև 1921 թվականի մայիսը։ 1920-ական թվականների առաջին տարիները ևս բուռն շրջան են նրա թե՛ գրական, թե՛ անձնական կյանքում։ Մեկը մյուսի հետևից գրում է «Էմալե պրոֆիլը Ձեր», «Փողոցային պչրուհուն», «Ամենապոեմ», «Չարենցնամե» պոեմը, շարադրում «Երկիր Նաիրի» վեպը։ 1921 թվականի մայիսին ամուսնանում է Արփիկ Տեր-Աստվածատրյանի հետ, ում հանդեպ տածում էր անսահման սեր ու գորով և ում հետագայում պիտի կոչեր «հերոսական կին և բարեկամ»։ Արփիկի հետ էլ նա մեկնում է Մոսկվա՝ Արևելքի աշխատավորների համալսարանում լրացնելու կրթության պակասը։ Սակայն նրա անհանգիստ ոգին չէր կարող տեղավորվել ուսանողական նստարանին։ Կյանքը հոսում էր, գրական գործը՝ եռում։ 1922 թվականին Մոսկվայում նա լույս է ընծայում իր երկերի երկհատոր մեծադիր ժողովածուն, որ ինքնին երևույթ էր այդ տարիների հայ կյանքում։ 1922 թվականի «Երեքի» դեկլարացիայից հետո նա փաստորեն դառնում է նորագույն շրջանի հայ գրականության առաջնորդը։
Աշխարհաճանաչողությունն ընդարձակելու նպատակով 1924 թվականի նոյեմբերի 20-ին Բաթումից Չարենցը մեկնում է արտասահմանյան շրջագայության։ Լինում է Տրապիզոնում, Կ․Պոլսում, Աթենքում, Հռոմում, Վենետիկում, Փարիզում, Բեռլինում։ 1925 թվականի հուլիսի 31-ին վերադառնալով Երևան՝ նա ստանձնում է նոր կազմավորված «Նոյեմբեր» գրական կազմակերպության ղեկավարությունը։ Բռնկուն և ազատ տարերքի ստեղծագործող էր Չարենցը։ Այդ տարերքը երկնում էր հանճարեղ գործեր։ Հոգեկան այդ լարված կացության մեջ սիրային մի արկած Չարենցի համար ունենում է տխուր վերջաբան։ 1926 թվականի սեպտեմբերի 5-ին նա ձերբակալվում և հայտնվում է Երևանի ուղղիչ տանը։ Այդ արկածից որպես հիշատակ մնում է «Երևանի ուղղիչ տնից» հուշակնարկը։ 1927 թվականին մահանում է Չարենցի կինը։ Նախքան կնոջ մահը Աբովյան փողոցում հոգեկան անհավասարակշիռ կացության մեջ Չարենցը ատրճանակով կրակում և վիրավորում է Մարիաննա Այվազյան անունով մի գեղեցկուհու, որի հանդեպ նախապես ունեցել էր բուռն զգացմունքներ։ Բարեբախտաբար, Չարենցը վրիպում է և սոսկ թեթև քերծվածք պատճառում այդ աղջկան, որը կոմպոզիտոր Արտեմի Այվազյանի քույրն էր։ Արփիկի մահը Չարենցը ահավոր ծանր է տարել։ Մահվան հաջորդ օրն իսկ այրել է հանգուցյալ կնոջ բոլոր զգեստները, որոնք ինքը սիրով ու գուրգուրանքով բերել էր արտասահմանից։ Այրել է, որպեսզի ուրիշի ձեռքը չընկնեն և դրանով իսկ չնսեմանա սիրելիի հիշատակը։ Իսկ որպես թանկարժեք մասունք հանել է Արփիկի գիպսե դիմակը և ձեռքի կրկնօրինակը։ Դրանք պահվում են բանաստեղծի տուն-թանգարանում։ Այդ օրերին էլ Չարենցը մարմնին է դաջել Արփիկի մահվան տարեթիվն ու նրա անունը։ Արփիկի մահից հետո մինչև հարազատների մոտ՝ Մայկոպ մեկնելը, Չարենցը մեկուսացել է շրջապատից, օրեր շարունակ փակվել իր սենյակում և գրել «De profundis» վերնագրով պոեմ, որ հոգեհանգստի աղոթքի տրմադրություններ է ունեցել։
1923 թվականին լրանում է Չարենցի գրական գործունեության 20 տարին։ Գրողների միությունը որոշում է նշել այդ հոբելյանը, ինչն այդպես էլ չի նշվում։ 1935 թվականից սկսած՝ Չարենցի դեմ ուղղված հալածանքներն ավելի են խորանում։ Նրան հեռացնում են հրատարակչությունից և գրողների միությունից։ 1936 թվականի սեպտեմբերի 24-ից Չարենցը ենթարկվում է տնային կալանքի, նույնը վերջնականապես պարտադրվում է նոյեմբերի 9-ին։ Հայտնի է նաև, որ այդ օրերին գրազի համար մի գիշերում Չարենցը գրել և հաջորդ օրը պատռել է վեց տասնյակից ավելի քառյակ։ 1936 թվականից ավելի ուժգնացած հալածանքների օրերին Չարենցը մեկուսացված կյանք է վարում։ Նա սպասումների մեջ էր։ 1936 թվականի հունիսի 20-ին Անդրերկրկոմի ղեկավարության հետ Խանջյանը սկսում է բանակցությւոններ վարել, որպեսզի Չարենցին թույլատրեն մեկնել արտասահման բուժման նպատակով։ Սակայն Խանջյանի դավադիր սպանությունը ձախողում է Չարենցի մեկնումը և արդյունքում 1937 թվականի նոյեմբերի 28-ի առավոտյան, բանտի հիվանդանոցում օրեր շարունակ տևած անգիտակից վիճակից հետո բոլորից լքված ու անօգնական՝ իր մահկանացուն է կնքում Եղիշե Չարենցը՝ ժամանակի մեծագույն բանաստեղծը։ Մարտին լրացել էր նրա 40 տարին, իսկ 41-ին դեռ 4 ամիս կար։ Տարիներ շարունակ տևած այս դաժան ողբերգության գլխավոր դեմքը արյունաքամ և ուժասպառ հեռացավ աշխարհից։ Նույն օրը՝ նոյեմբերի 28-ին, կատարեցին դիահերձում։ Արձանագրության մեջ ասված է․ «Քննության է դրված տղամարդու դիակ, միջինից ցածր հասակով, խիստ նիհարած։ Ձախ կրծքավանդակին եղել է դաջված․ «1927 թվականի հունվար, Ա․Չ»։ անջինջ գրերով բանաստեղծը մարմնի վրա արձանագրել է իր մեծ սիրո՝ Արփենիկ Չարենցի մահվան թվականը։
Չարենցը տառապել է խորացած մորֆինիզմով, որից և հյուծվել է օրգանիզմը, իսկ վերջին օրերին մորֆիի բացակայությունը հասցրել է աղեստամոքսային ուղու քայքայման։ Գլուխ են բարձրացել նաև նախկին հիվանդությունները՝ շարունակական պլևրիտը, լյարդի էխինակոկը, երիկամի բորբոքումը։ Այդ ամենը հասցրել են թոքերի կատառային բորբոքման, որից էլ վրա է հասել մահը։ Նրա վիճակը ծանրացել էր նոյեմբերի 17-ից, այդ իսկ պատճառով տեղափոխվել էր բանտի հիվանդանոց, ուր և վախճանվել է՝ չհասնելով դատավճիռի կայացման։ Նրան թաղեցին գիշերը, բոլորից գաղտնի, աչքից հեռու, Երևանից Էջմիածին տանող խճուղու ձախ կողմում, Հրազդանի աջ ափին, ձորի բարձունքում գտնվող ներքին գործերի նախարարության պանսիոնատի այու քարքարուտների մեջ։ Նա, որ վաղուց արդեն լեգենդ էր դարձել իր ժողովրդի համար, շարունակեց այդպես էլ ապրել մինչև իր նոր հարությանը և նաև դրանից հետո։ Մարգարեանալով, մի քանի ամիս առաջ՝ 1936 թվականի դեկտեմբերի 15-ին, ինքն էր գրել․
Իմ մահվան օրը կիջնի լռություն,
Ծանր կնստի քաղաքի վրա,
Ինչպես ամպ մթին կամ հին տրտմություն,
Կամ լուր աղետի՝ թերթերում գրած։

Անձնական կյանք

1920-1921 թվականներին Եղիշե Չարենցն ապրում էր իր կյանքի ամենաբուռն օրերը։ Այդ աննախադեպ եռուզեռը նրան պարտադրել էր ոչ միայն ազգային, քաղաքական և հանրային կյանքը, այլև՝ անձնական ճակատագիրը։ Սիրո հրդեհը այրում էր 23-24-ամյա երիտասարդի հոգին։ Եվ մեկը չէր նրա սերը, այլ մի քանիսը։ Հետագայում այս մասին նա գրել է, ասելով․
Ես արդեն անցել եմ ճանապարհը
Երկրային բոլո՜ր հույզերի․․․
Արտաքուստ բարեկիրթ, անգամ սառը, բայց ներքուստ վարար ու կրքոտ սեր է նա տածել բանաստեղծուհի Արմենուհի Տիգրանյանի հանդեպ, որը նրանից մեծ էր տասը տարով։ Ա․ Տիգրանյանին ձոնած նրբակիրթ երգերը «Էմալե պրոֆիլը Ձեր» խորագրով տպագրվել է մամուլում 1921 թվականին և երկերի ժողովածուի առաջին հատորում՝ 1922 թվականին։ Չարենցի սերն ամենևին անպատասխան չի եղել։ Դա են վկայում 1964 թվականին տպագրված բանաստեղծությունների ձեռագիր թերթիկները, որոնք նախկինում պահվել են Ա․ Տիգրանյանի մոտ։ Այդ թերթիկների հակառակ երեսին ոչ Չարենցի ձեռքով գրված է երկու բանաստեղծություն։ Ամենայն հավանականությամբ դրանց հեղինակը Արմենուհի Տիգրանյանն է։
Հայտնի է Չարենցի մոլեգին սերը բանաստեղծուհի Լեյլիի հանդեպ, որը նրանից մեծ էր տասներեք տարով։ Նրան ևս Չարենցը նվիրեց բանաստեղծությունների առանձին մի շարք՝ «Փողոցային պչրուհուն», որը ևս տպագրվեց երկերի ժողովածուի առաջին հատորում՝ 1922 թվականին։ Ի դեպ, այդ շարքը Չարենցը գրել է Լեյլիի ալբոմում, որը սկսվում է Արմենուհի Տիգրանյանի ձեռքով գրված «Նորը լավ է, քան թե հինը․․․» եռատուն բանաստեղծությամբ՝ թվագրված 1919, ապրիլի 13, Թիֆլիս։ Սա նշանակում է, որ Արմենուհին և Լեյլին մտերմներ են եղել, որոնց ընդհանուր մտերմությունը վայելել է և Չարենցը։ Նշենք նաև, որ Արմենուհին կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանի քույրն է։ Աստղիկ Ղոնդախչյանը եղել է Չարենցի առաջին սերը, ում էլ նվիրել է «Երեք երգ տխրադալուկ աղջկան» ժողովածուն։ Աստղիկը եղել է երաժիշտ և սովորել է Կարսի, Թիֆլիսի երաժշտանոցներում։ Չարենցը շատ մտերիմ էր նաև Աստղիկի հորեղբոր տղաների հետ։
Կարինե Քոթանճյանի հետ մտերմությունը եղել է ոչ միայն անձնական, այլ նաև ստեղծագործական։ Նրան է նվիրել ամբողջ «Ծիածան» շարքը։ 1917 թ․ մարտին Չարենցը հեռանում է Մոսկվայից՝ կայարանում կարդալով Կարինեի համար գիշերը գրված բանաստեղծությունը՝ «Հեռացումի խոսքեր»։
Լյուսի Թառայանի նկատմամբ Չարենցը նույնպես անտարբեր չի եղել։ Նա եղել է դերասանուհի, ապրել է Բաքվում։ Չարենցը և Լյուսի Թառանյանը հանդիպել են 1918 թվականին շատ կարճ ժամանակ։ Չարենցն իր «Չարենցնամե» պոեմում գրել է․ «Ես երբեք չեմ մոռանա, Թառայա՛ն»։ Նրա «Բրոնզե քույր իմ, բրոնզե հարս» բանաստեղծությունը նույնպես նվիրված էր Լյուսիին։ 1930-ական թվականներին կնոջ մահից հետո Չարենցը մտադրվում է ամուսնանալ։ Թեկնածուների մեջ էր նաև այն տարիների Երևանի գեղեցկատես կանացից մեկը՝ Արաքսյա Մանուկյանը, որով հետագայում գերվել է նաև Ավետիք Իսահակյանը։ Այդ կինը 1930 թվականի սկզբին կորցրել էր ամուսնուն՝ Ստեփան Մանուկյանին, որի աճյունը հիմա հանգչում է Կոմիտասի անվան պանթեոնում՝ Հովհաննես Հովհաննիսյանի կողքին։ Մանուկյանների ընտանիքի հետ Չարենցը մտերիմ էր դեռևս 1924 թվականից, իսկ Արփիկն ու Արաքսյան եղել են մտերիմ ընկերուհիներ։ Չարենցի ամուսնական առաջարկը Արաքսյան մերժում է, իսկ Չարենցը շարունակում է նրան ձոնել իր ստեղծագործությունները՝ «Արաքսյային», «Ու՞ր ես, Արաքս»։
1931 թվականի սեպտեմբերի 29-ին Չարենցը պաշտոնապես գրանցում է ամուսնությունը Իզաբելլա Կոդաբաշյանի հետ։ Բանաստեղծին Իզաբելլան երկու դուստր է պարգևում՝ Աստղիկը և Արփենիկը։ Վերջինիս Չարենցին Ադոկ էր անուն։
Ամբողջ կյանքի ընթացքում, սակայն, Չարենցը չի մոռանում իր առաջին կնոջը՝ Արփենիկ Տեր-Աստվածարյանին, ով ծնվել էր 1888 թվականին Նախիջևանում։ նախնական կրթությունը ստացել է Թիֆլիսի Գայանյան ուսումնարանում, ապա ուսումը շարունակել է Մոսկվայյի ուսուցչական համալսարանում։ 1920 թվականին գալիս է Երևան և աշխատանքի անցնում հատուկ խնդիրներ ունեցող երեխաների ամերիկյան որբանոցում։ Այստեղ էլ կայանում է Չարենցի հետ նրանց հանդիպումը և մեկ տարի անց նրանք ամուսնանում են։ Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին Չարենցը գոռացել է ու ողբացել։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանասեղծություններ է թաղել։ Այդ սերը հետագայում շատ է ներշնչել բանաստեղծին։ «Էպիքական լուսաբացը»՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին» ընծայագրով ձոնել է նրան։ Գրքում Արփենիկի հիշատակին նվիրված է նաև երկու սոնետ՝ «Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսական ընկեր», «Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում»։ Նրան է ձոնել նաև «Տաղարան» ժողովածուն։

Մեծերը Չարենցի մասին

  • Ինքն է՝ Չարենցը՝ մարտիկը և արքան, մարդու հայրենիքի այս հարատև կռվի ոչ մի պահը չուրացած և ոչ մի մարտը չշրջանցած, արյուն տվող գահակալ բարձունքի հասած մարտիկը։ (Հրանտ Մաթևոսյան)
  • Ի՞նչ կարող ես գրել հրաշքի մասին։ Նաիրին ծնեց Չարենցին։ Պատռվեց հողը, կանաչ ծիլը բացեց աչքերը ու նայեց շուրջը։ Ժայռակոփ պատկերներ և սեպգրեր տեսավ, տեսավ ծաղկազարդ մագաղաթներ և ձուլածո տաճարներ՝ բայց ծով արյան ու ծավ ցավերի մեջ։ Սիրտը մղկտաց։ Բարձրացրեց գլուխը՝ տեսավ շողացող Արևը։ Հուսադրվեց։ Շարժեց արմատները, զգաց, որ հիմքը բազալտ է։ Թինդ առավ։ Եվ իր բազալտե հայրենիքի արցունքները սրբելու համար մխրճվեց փոթորիկների մեջ ու ելքեր որոնեց։ Բարձրացավ ժամանակի սամումը, երկինքը սևակնեց ու բոցավառվեց։ Ու նա որոտաձայն կանչում էր Մհերին՝ փնտրելով Ագռավաքար տանող ճամփան... Չարենցը լեգենդ էր։ Ի՞նչ գրես լեգենդի մասին։ Գուցե կանխորոշվա՞ծ էր նրան ողջակիզվել իբրև տառապանքի, մաքառման ու հավատի խորհրդանշումն... Ո՞վ գիտե։ (Մարտիրոս Սարյան)
  • Այսօր հատկապես, առայժմ գոնե, Եղիշե Չարենցն է միակ իսկական պոետը կովկասա-հայ իրականության մեջ (Վահան Տերյան, 1919, Մոսկվա)
  • Ինձ մինչև օրս էլ անհավանակն է թվում, որ «Դանթեական առասպելը» գրված է տասնութամյա պատանու ձեռքով։ Անհավանական ու զարմանալի։ Հիրավի, որտեղի՞ց այդքան կյանքի իմացություն, խորասուզումների այդպիսի կարողություն, խորհրդածությունների այդպիսի ներհունություն, այդպիսի լեզու և, վերջապես, այդպիսի անթերի կատարում... Տառապանքն է երևի, որ ժամանակից շուտ ոտքի է հանել պատանու հոգում նիրհող ուժերը։ (Վահագն Դավթյան)
  • Չեմ էլ հիշում, թե երբ եմ առաջին անգամ լսել կամ կարդացել «Ես իմ անուշ Հայաստանին»: Երբեք բերանացի չեմ սովորել՝ պարզապես գիտցել եմ։ Ինձ թվում է, թե Սահակի ու Մեսրոպի աղոթքների հետ էլ բերել եմ։ Դա մեր այսօրվա աղոթքն է։ Աղոթ, որը կարելի է թե' մտքում հյուսել, թե' մրմնջալ շշուկով, թե' արտասանել բարձրաձայն։ Իսկ ինչի՞ հետ համեմատես «Ես իմ անուշը»: Քիչ կլինի ասել, թե բանաստեղծություն է։ Պոեմ էլ չէ, վեպ՝ նույնպես, որովհետև իրենց ծավալով, մոնումենտալությամբ հանդերձ դրանք կյանքը ներկայացնում են այս կամ այն մասշտաբով։ «Ես իմ անուշ Հայաստանին», ավելի շուտ, բոլոր մասշտաբներից դուրս պաննո է։ Պաննո՝ հասցված ժողովրդական էպոսի աստիճանին։ Դա անհիշելի ժամանակներից եկող Հայասա-Ուրարտու-Արմենիա երկրի համապարփակ պաննո-դիմանկարն է։ Դա մեր ազգի կենսագրության ու վարքի կենդանի արտացոլքն է, մեր կրած տառապանքների ու փայփայած իդեալների, մեր անկումների ու վերելքների, արհավիրքների ենթակա մեր ճակատագրի ու անմեռ մնալու մեր ձգտման գեղարվեստական սինթեզն ու բյուրեղացումն է։ Այդպիսի մի երկ աշխարհ բերելու համար պետք էր ամենաքիչը կիսաաստված լինել։ (Մարտիրոս Սարյան)
  • Ինձ վրա մեծ տպավորություն թողեցին նրա «Դանթեական առասպել»-ը և «Տաղարան»-ը, լիրիկական մի շարք բանաստեղծություններ, մանավանդ նրա հայրենասիրական բանաստեղծությունը՝ մեծ խորքով «Ես իմ անուշ Հայաստանին»: Ինձ համար, առանց չափազանցության, բոլորովին օբյեկտիվ կերպով կասեմմ, որ հայ տառերով, հայ բառերով այդպիսի բանաստեղծություն չի գրված հայրենասիրության տեսակետից։ Դա եզակի, աննախընթաց բան է։ Նույնիսկ կարելի է ասել, որ եվրոպական, համաշխարհային գրականության հայրենասիրական ժամնրի բանաստեղծություններ այդպիսի թափով, այդպիսի ընդարձակ խոսքով գրված բան գոնե ես չեմ հիշում։ (Ավետիք Իսահակյան)
  • Չարե՜նցը, Չարե՜նցը... «Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում...»: Անոր չհանդիպած գիտեի արդեն իր այս քերթվածը։ Սկսած էի արտասանել Ամերիկայի մեջ։ Ամեն մեկ բառ բացատրել տված էի ու գրեթե գոց սորված։ Զայն մինչև այսօր կնկատեմ մեր երկրին, մեր հողին, մեր պատմության նվիրված ամենեն գեղեցիկ երգը, գովաբանական աղոթքը։ «Հայր մեր»-ին նմանվող աղոթք մը։ (Վիլյամ Սարոյան)
  • «Ես իմ անուշ Հայաստանի...» բանաստեղծությունը 16 տողանի արձանագրություն է՝ փորագրված վիթխարի ժայռի վրա, որը կտակված է դարերին։ (Էդվարդ Ջրբաշյան)
  • Չարենցն այն երևույթներից է, որոնց մոտից անտարբեր անցնելը նախ մեղք է, և հետո, վերջապես, հանցանք։ Իսկ ես մեկից ավելի պատճառներ ունեմ չկարենոլւ անբարբառ անցնել Եղիշեի մոտից, մանավանդ, երբ այդ երջանիկ օրերի հիշողությւոնը ծանրանում է գրչիս ծայրին։ Եղիշեի կյանքի ընկերը չկարողացա լինել. բուռն էր նրա ապրելակերպը և դրանով ներհակ իմ ըմբռնած կենցաղավարության ձևերին, բայց եղա նրա ստեղծագործության ընկերը, որովհետև չէր կարելի մի սիրտ ունենալ և չզգալ ու չենթարկվել նրա լայնաշունչ բանաստեղծությանը, թեև երբեմն ուլրտա-ժամանակակից, բայց երբեմն էլ Եզեկիելի մարգարեությունը հիշեցնող բիբլիական շեփորումին, որի համատարած նվագը թե' մեռնող անցյալի հուսահատ կանչը եղավ և թե' նոր ծագող վաղվա ուրախության աղաղակը։ Եղիշեն գրել էր մի փոքրիկ թատերգություն, ավելի շուտ մի քաղաքական պամֆլետ, որի կարճ տողերում և փոքրաթիվ էջերում կարողացել էր ամփոփել իր ժամանակի շունչը, երբեմն հասնելով նույնսիկ Արիստոֆանի ամեն ինչ ձաղկող հումորին, ամե'ն ինչ բուժող Ռաբելի ծիծաղին, ամե'ն դիմակ պատռող Դանթեի ակնարկին... Այդ պամֆլետը կոչվում էր «Կապկազ թամաշա»: Եվ 1926 թատերաշրջանում, Թիֆլիսի Հայկական Դրամատիկ բեմի վրա ինձ վիճակվեց բեմադրել այդ գործը և ինքս անձնավորել այդ գործի գլխավոր կեպար՝ Ղարայի դերը։ Ահա այդ կարճատև փորձերի ընթացքում ճանաչեցի ու հասկացա Չարենցին։ Մեր ազգի մեծագույն ու արժեքավոր մի հատվածի կործանումին ականատես այդ մարդը՝ աշխարհասասան մի ցասումի համառ կուտակումն էր, ինչպես և չտեսնված մի վրեժի ամենակործան պոռթկումը։ Քիչ է պատահել ինձ որևէ գործի վրա աշխատել հեղինակի ներկայությամբ, ինչպես և նրա մասնակցությամբ։ Եվ ահա այդտեղ, խաղարկելիս գործը կամ այն վերլուծելիս, ակամայից խուզարկեցի ու վերլուծեցի բանաստեղծ բարեկամիս սիրտը, մի ավելորդ անգամ ևս զարմանալով կենսունակության վրա բազմաչարչար ժողովրդիս, որ իր բազմադարյան գոյոթւյան ընթացքում կարողացել է միշտ ծնունդ տալ իր հավաքական պոռթկումը աշխարհիս չորս ծագերին խոսող բանաստեղծների։ Չարենցի նման մարդիկ եթե գնում են էլ՝ մնում են մի'շտ։ (Վահրամ Փափազյան)
  • Եղիշեն մեր նոր ժամանակների շեմքին և նույն այդ ժամանակներում ծնված մեծագույն բանաստեղծն է. ավելի, քան բանաստեղծ, տեսանողը այդ նոր ժամանակների, որի արգասիքը եղավ նա՝ իր խռովահույզ հոգով, արձագանքը՝ իր բոցաշունչ լեզվով, ու պողպատաձույլ պատկերացումը՝ իր մտայնությամբ։ Եղիշեն նրանցից էր, որ բացի իր ժամանակինը լինելուց՝ բացատրությունն ու այդ ժամանակի տեսանելի և շոշափելի մարմնացումը եղավ։ Հին դարերում նման մարդկանց մարգարե էին անվանում։ (Վահրամ Փափազյան)

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...