Tuesday, January 21, 2020

Հայաստանը Աստվածաշնչում


Հնուց անտի Հայաստանը նույնացվել և մինչ օրս էլ նույնացվում է Աստվածաշնչում տեղ գտած հիշատակումների հետ, որոնց մեծ մասի՝ Հայաստանի և հայերիս հետ առնչություն ունենալը ուսումնասիրվել է տարբեր դիտանկյուններից: Դրանց մի մասն ուղղակիորեն առնչվում է Հայկական լեռնաշխարհի հայկական պետությունների, աշխարհագրական տարածքների` պատմությանը հայտնի հնագույն անվանումներին, իսկ մյուս մասը թե՛ աստվածաբանական մեկնաբանությունների, թե՛ պատմական հետազոտությունների արդյունքում վերագրվել է Հայաստանին ու հայ ժողովրդին: Առանձին անդրադարձ է կատարվում Հին կտակարանում առկա «Արարատյան երկիր», «Ասքանազյան ազգ», «Հուսի երկիր», «Միննի», «Թոգարմա» և այլ հիշատակումներին, Նոր կտակարանում` Գործք առաքելոցի Բ 9-ում Տերտուղիանոս և Օգոստինոս հայրերի կողմից «հրեաներ»-ը «հայեր»-ով փոխարինելու հարցին, ինչպես նաև հրեական կրոնական ավանդույթում հայերին միֆականացնելու երկու երևույթի: 



Ա. Հայաստանը և հայերը Հին կտակարանում:

Դեռևս հնուց ոչ միայն հայ, այլ նաև օտարազգի ուսումնասիրողները հայկական լեռնաշխարհի տարածքը նույնացրել են Եդեմական Դրախտի տարածքի հետ՝ մի կողմ թողնելով Դրախտի՝ որպես երկնային կյանքի արտապատկեր լինելու փաստը,  փնտրելով Դրախտի երկրային աշխարհագրական տարածքը՝ հիմնվելով Ծննդոց  գրքի վրա: Դա հիմնականում մի քանի փաստերի համադրման արդյունք էր, համաձայն որոնց՝ նախ առաջին մարդը ստեղծվել է Միջագետքի տարածաշրջանին կյանք պարգևող մայր գետերի ակունքներում, ինչպես նույն երկրամասում է գտնվում Ջրհեղեղից փրկվածների այն լեռը, որը եղել կամ համարվել է ամենաբարձրը երկրամասում կամ նույնիսկ այն ժամանակվա պատկերացումների համաձայն՝ աշխարհում: Այն համարվել է «սրբազան օրենքների երկիր», Աստծու կամ աստվածների բնակավայր, ովքեր այնտեղից տնօրինել են տիեզերքի ու ժողովուրդների ճակատագրերը:

«Արարատ», «Արարատյան երկիր»:

Աստվածաշնչի հենց առաջին էջերից մենք հանդիպում ենք «Արարատ» անվանը: Եբրայական բնագրում տեքստը ներկայանում է հետևյալ ձևով՝ al hare ararat, իսկ ասորական Պեշիթթայում՝ al turai qardu, միայն Վուլգատան է, որ եղած տարբերակները փոխարինել է ինքնահատուկ թարգմանությամբ՝ super montes Armeniae: «Արարատ» անվանումը կա նաև Դ Թագավորաց ԺԸ 37-ում, որի եբրայերեն տարբերակում անփոփոխ կերպով մնացել է Հայաստանը, իսկ Յոթանասնից թարգմանության մեջ առկա է «Արարատի երկիր» անունը, իսկ Վուլգատան in terram Ararat-ի փոխարեն ունի in terram Armeniorum-ը:
Արարատից զատ խոսվում է Կորդվաց լեռների մասին: Գիլգամեշի մասին էպոսում աշխարհի ամենամեծ լեռը, որտեղից արևը ելնում է և ետևը մայր մտնում, կոչում են  Մաշու զույգ լեռը, որը մասնագետները նույնացնում են Մասիսի հետ: Ղուրանի համաձայն՝ տապանը իջնում է Ջուդի լեռան վրա:

Միննի:

Այս անվան հիշատակումները թյուրըմբռնումների ու հիպոթեզների տեղիք են տվել. որոշ մեկնիչներ գտնում են, որ այն կա Ամոսի մարգարեության 4. 3-ում, Բաբելոնի դեմ հանդես գալու համար Երեմիա մարգարեն կոչ է անում Արարատից նաև Միննիին և Ասքանազին : Սակայն Յոթանասնից թարգմանության մեջ Միննի անունը պակասում է երևութապես, նույնը տեղ ունի նաև հայերեն թարգմանության մեջ, քանզի minni անունը հասկացվել է ոչ թե իբրև հատուկ անուն, այլ անձնական դերանուն՝ min նախադրությամբ: Մինչդեռ, ինչպես երևում է որոշ հրեական մեկնություններից, այն ընկալվել է իբրև երկրանուն:

Ասքանազ:

Հյուսիսից Բաբելոնի հակառակորդների թվում Երեմիա մարգարեն հիշում է նաև աշքենազ-ասքանազին, որը, Ծննդոց գրքի 10. 3-ի համաձայն, Գամերի որդիներից մեկն է: Այսօր շատերը համոզված են, որ սուրբգրային ասքանազյան ազգը սկյութական ցեղերից է, թեև մեր ազգային ավանդույթը մեզ՝ հայերիս, վերագրել է ինչպես թորգոմական, այնպես էլ ասքանազյան ծագում: Այս նույնացումը հանդիպում է, օրինակ, Կորյունի մոտ:

Հուս=Ուզ:

Միայն հրեական գրական հուշարձաններում կարելի է գտնել Հայաստանի հետ այս երկրի նույնացումը. հրեական Ջուդաիկա հանրագիտարանը այս նույնացումը բացատրում է հետևյալ կերպ. «Հակահրեական վերաբերմունքը, որը գերակշռում էր արևելաբյուզանդական ծայրամասերում, Թարգումի հեղինակներին ստիպում է այն նույնացնել ,Եդոմի դստեր հետ, որը բնակվում է Հուսում»: Այն այսօր կոչվում է «Վիրանշեհիր», որ գտնվում է Ուրֆայի և Մծբինի միջև»: Որոշ հրեական մեկնությունների մեջ էլ Հայաստանը համարվում է Հոբի «Հուսի Երկիրը». այդպես են կարծում Նախմանիդեսը և Յոզեֆ բեն Դավիդ իբն Յախյան: Հրեա մեկ այլ մեկնիչ՝ Աբրահամ Ֆարիսսոլը, ունի «Հուս-Հայաստան» արտահայտությունը, որը Կ. Պոլսին հարակից մի վայր է դիտում:

Թորգոմ=Թեգարամա=Թոգարմա:

Հայաստանն այս անուններով կոչելը ամենից շատ հիմքերն է ունեցել: Եբրայերեն տեքստում առկա է beth-togarmah, Վուլգատայում՝ Thogorma, որը Գոմերի երրորդ որդին է:
Թորգոմն Աստվածաշնչում հիշատակվում է իբրև ձիավաճառ ժողովուրդ, այսինքն՝ թորգոմն ապրում է նաև այն ժամանակներում, երբ իր մասին ամեն հիշատակություն դադարում է արձանագրություններում և փոխարենը հիշատակվում է Սուրբ Գրքում: Եզեկիել մարգարեն ասում է, որ այն ձիաբուծության նշանավոր երկիր էր:

Արամ:

Հրեա աստվածաբան Սաադիա Գաոնը (X դ.) Հայաստանը նույնացրել է Արամի հետ: Այսպիսի միտում է նկատվում նաև իսլամական գրականության մեջ, չնայած, համաձայն Սուրբ Գրքի, Արամը Սեմի ցեղից է: Այս դեպքում ամենևին պարզ չէ, թե ինչու են ոմանք հայերին համարել սեմական ժողովուրդ, մինչ հայ ժողովրդի հնդեվրոպական-հաբեթական ծագումը վաղուց հայտնի փաստ է:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...