Wednesday, January 22, 2020

Ածխաջրեր

Cn(H2O)m
Ածխաջրերը քիմիական միացություններ են՝ կազմված ածխածին, թթվածին և ջրածին տարրերից: Ածխաջուր են կոչվում, որովհետև միացության մեջ ջրածին և թթվածին տարրերը գտնվում են ջրի մոլեկուլում ունեցած համամասնությամբ՝ Cn(H2O)m: Կառուցվածքով և քիմիական հատկություններով ունեն շաքարների բնույթ: Սպիտակուցների և ճարպերի հետ միասին ածխաջրերը կարևոր նշանակություն ունեն մարդու և կենդանիների օրգանիզմներում ընթացող նյութերի ու էներգիայի փոխանակության շարժընթացում: Մտնում են բուսական, կենդանական և բակտերային օրգանիզմների կազմության մեջ: Ածխաջրերը մարդու և կենդանիների սննդի կարևոր բաղադրամաս են և ապահովում են դրանց կենսագործունեության համար անհրաժեշտ էներգիան: Հասուն մարդու օրգանիզմում էներգիայի կեսից ավելին առաջանում է ածխաջրերից:


Ածխաջրերի դասը բաժանվում է հետևյալ խմբերի.
– միաշաքարներ կամ պարզ շաքարներ՝ խաղողաշաքար (գլյուկոզ), պտղաշաքար (ֆրուկտոզ),
– օլիգոշաքարներ. սրանք պարունակում են 2-ից (երկշաքարներ) մինչև 10 միաշաքարային մնացորդներ: Երկշաքար են եղեգնաշաքարը (սախարոզ), ածիկաշաքարը (մալթոզ), կաթնաշաքարը (լակտոզ) և այլն,
– բազմաշաքարներ կամ բարձրակարգ ածխաջրեր, որոնք կազմված են բազմաթիվ միաշաքարային մնացորդներից: Բազմաշաքար են օսլան, գլիկոգենը, թաղանթանյութը և այլն:
Բնության մեջ առավել տարածված միաշաքարը խաղողաշաքարն է, որը պարունակվում է քաղցր մրգերում, ծաղիկների նեկտարում: Այն նաև մարդու և կաթնասունների արյան բաղադրիչներից է:
Պտղաշաքարը պարունակվում է մեղրում (մոտ 50%) և որոշ մրգերում:
Ածիկաշաքարը կազմված է խաղողաշաքարի երկու մնացորդներից: Մեծ քանակությամբ պարունակվում է գարու ածիկում, որից էլ ստացել է իր անվանումը:
Կաթնաշաքարը կազմված է գալակտոզի և խաղողաշաքարի մնացորդներից: Մեծ քանակությամբ պարունակվում է մայրական կաթում` 5,5–8,4%, կովի կաթում՝ 4–5%:
Եղեգնաշաքարը կազմված է խաղողաշաքարի և պտղաշաքարի մնացորդներից: Լայնորեն տարածված է բուսական աշխարհում և հիմնական սննդային ածխաջրերից է: Սա սննդի մեջ օգտագործվող շաքարն է, որն ստացվում է շաքարի ճակնդեղից և շաքարեղեգից:
Բազմաշաքարները բարձրամոլեկուլային բնական միացություններ են: Կենդանի օրգանիզմներում դրանք կատարում են կառուցվածքային և սննդային ֆունկցիաներ: Դրանցից  բնության մեջ առավել տարածված են թաղանթանյութը, օսլան և գլիկոգենը:
Թաղանթանյութը (բջջանյութ) բուսական հյուսվածքների հիմնական կառուցվածքային բաղադրիչն է: Պարունակվում է հիմնականում բուսական բջիջների պատերում և պայմանավորում է բուսական հյուսվածքների մեխանիկական ամրությունն ու ճկունությունը: Թաղանթանյութ են պարունակում բամբակը, բնափայտը, ջուտը, միամյա բույսերի ցողունները և այլն:
Օսլան բույսերի հիմնական պահեստային սննդանյութն է: Այն մեծ քանակությամբ պարունակվում է կարտոֆիլի պալարներում, լոբազգիներում, հացահատիկներում, մրգերում: Օսլան դյուրամարս է, ունի բարձր կալորիականություն:
Գլիկոգենը կամ կենդանական օսլան մարդու և կենդանիների կարևոր պահեստային բազմաշաքարն է: Օրգանիզմում այն հիմնականում կուտակվում է լյարդում (մինչև 20%), մկաններում (4%): Բազմաշաքարների փոխանակության խանգարման հետևանքով առաջանում են ծանր ժառանգական հիվանդություններ, որոնք չեն բուժվում միայն սննդակարգը փոխելով:
Էներգիական արժեքով ածխաջրերը հավասարարժեք են սպիտակուցներին: 1 գ ածխաջրի այրումից օրգանիզմում անջատվում է միջինը 4,1 կկալ էներգիա: Մարդու սննդի մեջ ածխաջրերի քանակը սովորաբար 4 անգամ գերազանցում է սպիտակուցների և ճարպերի պարունակությունը: Օրգանիզմում ածխաջրերի սահմանափակ կուտակվելու հատկությունը նպաստում է դրանց ավելցուկային քանակների հեշտորեն ճարպի փոխարկվելուն, որը կուտակվում է ճարպային պահեստարանում: 
Սննդի մեջ ածխաջրերի ավելցուկից առաջանում է ավելորդ քաշ և գիրություն: Ուստի պետք է խուսափել նաև ածխաջրերի չարաշահումից:
Ածխաջրերն ունեն նաև արդյունաբերական նշանակություն. օսլան օգտագործվում է գլյուկոզ և էթիլսպիրտ ստանալու համար, ինչպես նաև թղթի ու մանածագործական արդյունաբերության մեջ: Օսլան մտնում է դեղանյութերի, քսուքների, լաքերի բաղադրության մեջ, նրանից պատրաստում են սոսինձ, դեղապատիճներ և այլն: Փայտանյութից ստացված թաղանթանյութն օգտագործվում է թուղթ, արհեստական մետաքս, պայթուցիկ նյութեր պատրաստելու համար:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...