Sunday, September 27, 2020

Հայերի ծագման մասին ավանդազրույցներ


Հայերը պատկանում են էթնիկ խմբի, որը Ուրարտուի կործանումից հետո, մ.թ.ա. 7-րդ դարի վերջում կամ 6-րդ դարի սկզբում կենսագործում է Հայկական լեռնաշխարհում և Հարավային Կովկասում: Հայերը իրենց անվանում են «հայ», իսկ երկիրը` «Հայաստան» կամ «Հայք»: Մինչդեռ բոլոր ժողովուրդները, բացի վրացիներից, հայերին անվանում են «արմեն», իսկ նրանց երկիրը` «Արմենիա»: Վրացիները հայերին անվանում են «սոմեխի», երկիրը` «Սոմխեթի»:  

Հայկական ավանդազրույց

Հայ ժողովրդի նախահայր Հայկ Նահապետը, որը, հաղթելով Բելին, հաստատվեց Հայկական լեռնաշխարհում
Ավանդազրույցների մեջ ամենահին և արժեքավոր հայկական ավանդազրույցն է, որը հայտնի է նաև «Հայկ և Բել» առասպել անունով: Այս ավանդազրույցը մեզ է հասել երկու սկզբնաղբյուրներից` Մովսես Խորենացու և Սեբեոսի աշխատություններից: Առաջին աստվածներից առաջացած հաղթանդամ Հայկը ընդդիմանում է բոլոր նրանց, ովքեր ձգտում էին իշխանություն ձեռք բերել հսկաների և դյուցազունների վրա: Բաբելոնում աշտարակաշինության անհաջող փորձից հետո հսկաներից մեկը` Տիտանյան Բելը, բռնանում է բոլորի վրա և իրեն հայտարարում արքա: Հայկը չի կամենում հնազանդվել Բելին և իր որդիների, դուստրերի ու թոռների հետ` մոտ 300 հոգի, Բաբելոնից հեռանում, գնում է Այրարատի երկիրը և բնակվում է մի լեռնադաշտում, որն այնուհետև կոչվում է Հայք: Իմանալով Հայկի անհնազանդության մասին` Բելը պահանջում է նրանից ետ վերադառնալ և հնազանդվել իրեն, սակայն Հայկը մերժում է այդ պահանջը: Բելը զայրացած հետևակ զորքերի բազմությամբ գալիս հասնում է Այրարատի երկիրը: Հայկը հարձակման լուրն իմանալով՝ հավաքում է իր քաջորդիներին ու շարժվում Բելի դեմ: Վանա լճի մոտ Հայկը և նրա ուղեկիցները հանդիպում են Բելի զորքին: Երկու կողմի հսկաները մարտընչում են իրար հետ և այդ ընդհանրումից բարձրանում է ահագին դղրդյուն: Մարտի ընթացքից սարսափած Բելը որոշում է իջնել բլրից և ամրանալ զորքի մեջ: Աղեղնավոր Հայկը այդ բանը նկատելով, առաջ է անցնում և մոտենում Բելին պինդ քաշում է իր լայնալիճ աղեղը և երեքթևյան նետը արձակում նրա կրծքի զրահատախտակին: Նետը` թափով անցնելով և թիկունքից դուրս գալով, ընկնում է գետնին և այսպես հպարտ Բելը տապալվում է, իսկ նրա զորքը դիմում է փախուստի:
Հայկը հաղթանակի առիթով ճակատամարտի տեղում շինում է դաստակերտ և անվանում է Հայք: Հենց Հայկի անունից էլ մեր ազգը անվանվեց հայ, իսկ երկիրը՝ Հայաստան։ Բուն Հայոց թվականը սկսվում է հենց այդ օրից՝ Քա 2492 թվականի օգոստոսի 11-ից։
Ավանդազրույցի մեջ պատմվում է նաև, թե ինչպես Հայկի որդին` Արմենակը, և նրա հաջորդ սերունդները, շարժվելով դեպի հյուսիս, բնակություն են հաստատում Արարատյան դաշտում և Հյուսիսիային Հայաստանի տարբեր մասերում, որտեղ և նրանց անունով են կոչվում առանձին գավառների և բնակավայրերի անունները: Այսպես, օրինակ` Արմենակի անունով է կոչվում Արագած լեռը և Արագածոտն գավառը, Արամայիսի անունով` Արմավիրը, Շարայի անունուվ` Շիրակը, Գեղամի անունով` Գեղարքունիքը, Սիսակի անունով` Սիսականը, Արայի անունով` Այրարատը և այլն: Ըստ ավանդության, Հայկի սերնդից էր նաև Արամը, որի կատարած քաջագործությունների համար էլ օտարները հայերին սկսում են անվանել արմեն, իսկ երկիրը` Արմենիա:
Հունական ավանդազրույց

Հայ ժողովրդի ծագման մասին մեզ է հասել նաև հունական ավանդազրույց, ըստ որի՝ հայերը ծագում են հույների մեջ մեծ սերը վայելող արգոնավորդներից մեկից։ Յասոնը և մնացած արգոնավորդներն իրենց Արգոն նավով ուղևորվում են Կոլխիդա, որտեղ փորձում են գտնել ոսկե գեղմը, ինչը համարվում էր անմահության և հավերժության խորհրդանիշը։ Արգոնավորդներից մեկը՝ Արմենոսը, որը Հունաստանի Թեսալիա մարզից էր, մնացած արգոնավորդների հետ միասին չի վերադառնում Հունաստան, այլ մնում է Հայկական բարձրավանդակում, որտեղ էլ ստեղծված պետությունը նրա անունով կոչվում է «Արմենիա», իսկ այդ երկրի բնակիչները՝ «արմեններ»։
Քա I դարի հույն մատենագիր Ստրաբոնն ավելի մանրամասն է անդրադարձել այս պատմությանը՝ նշելով, որ իր սկզբնաղբյուրները Ալեքսանդր Մակեդոնացու արշավանքների պատմություններն են: Դրա վառ ապացույցներից է նաև այն, որ Հելլենիզմի ժամանակաշրջանում հայտնվեցին և սկսեցին շրջանառվել նաև Պարսիկների ու մարերի հունական ծագման մասին նույնանման ավանդազրույցներ` Բալկանյան թերակղզուց գաղթած լինելու մասին:
Վրացական ավանդազրույց
Վրացական ավանդազրույցը գրի է առնվել վրաց մի շարք հեղինակների կողմից 9-11-րդ դարերում։ Ըստ այս ավանդազրույցի՝ հայերի նախահայր Հայկը, վրացիների նախահայր` Քարթլոսը, աղվանների նախահայր` Ռանոսը, եգերների նախահայր` Եգրեսը և կովկասյան մի քանի այլ ցեղերի նախահայրերը եղել են եղբայրներ, սերելով մի հորից` Թորգոմից: Բաբելոնի աշտարակաշինությունից և լեզուների բաժանումից հետո` Թորգոմը, որդիներով և իր ամբողջ ժողովրդով հեռանում է Բաբելոնից և բնակություն է հաստատում Մասիս և Արագած լեռների միջև: Սակայն շուտով Թորգոմի ժողովուրդը բազմանում է և տարածքը որտեղ բնակվում էին չի տեղավորում նրանց, ինչի պատճառով էլ նրանք ընդարձակում են իրենց բնակության սահմանները Սև ծովից մինչև Կասպից ծովն ու Կովկասյան լեռները: Թորգոմի որդիները իրենց հոր մահից հետո մի քանի տարի անց ապստամբություն են բարձրացնում բռնակալ Նեբրովթի դեմ և մարտում սպանում նրան: Նեբրովթին հաղթելուց հետո դյուցազն եղբայրները սկսում են հանգիստ և անկախ կերպով իշխել իրենց երկրներում փոխադարձաբար օգնելով միմյանց:
Այս ավանդազրույցի հիմնական արժեքը այն է, որ այնտեղ հիանալի կերպով արտահայտված է հայ և վրաց ժողովուրդների դարավոր բարեկամությունը, նրանց փոխադարձ օգնությունը և համատեղ պայքարը օտար նվաճողների դեմ:

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...