Հնդեվրոպական լեզուների ընտանիքն աշխարհում ամենատարածված լեզվաընտանիքն է։ Ներկայացված է երկրագնդի բոլոր բնակեցված մայրցամաքներում։ Լեզվակիրների թիվը գերազանցում է 2,5 միլիարդը։ Հնդեվրոպական լեզուները բաժանվում են 12 ճյուղի՝ հնդկական ճյուղ, իրանական ճյուղ, թոխարական լեզուներ, խեթական լեզուներ, սլավոնական լեզուներ, հայերեն, կելտական ճյուղ, ռոմանական ճյուղ, գերմանական ճյուղ, բալթիական լեզուներ, ալբաներեն, հունարեն։
Պատճենումը փոխառության եղանակ և ձև է, երբ լեզվական միավորը՝ բառը, կայուն բառակապակցությունը, դարձվածաբանական միավորը, արտահայտությունը ստեղծվում է այլ լեզվի համապատասխան միավորի կազմության կաղապարով, նրա ընդօրինակմամբ. ընդ որում այդ փոխառությունը կարող է իրացվել միայն իմաստով, կամ նաև կազմության կաղապարով։ Կաղապարող տարրերն այս դեպքում մայրենի բառակազմական նյութից են կամ և՛ մայրենի, և՛ այլալեզու միավորներից։ Ըստ լեզվական միավորների փոխառության տեսակի և եղանակի զանազանում են պատճենման մի քանի տեսակներ՝ բառային , դարձվածքային, իմաստային, կառուցվածքային, նաև շարահյուսական, երբեմն առանձնացնում են նաև մասնակի պատճենում։ Բառապատճենումները դրսևորվում են իմաստային կամ կառուցվածքային եղանակներով, կարող են լինել լրիվ և մասնակի։
Շատ հավանական է, որ հայերեն մկան և ռուսերեն мышца բառերի իմաստը պատճենված լինի հին հունարենից կամ լատիներենից։ Ռուսերենը մի կողմից պատճենել է լատիներեն musculus բառի իմաստը՝ мышь բառից կազմելով мышца, մյուս կողմից կատարել է ուղղակի փոխառություն՝ мускул։ Փիլիսոփա բառի կողքին հնում նաև պատճենել են նրա հոմանիշը՝ իմաստասեր։ Ռուսները նույն հունարենից փոխ են առել филантроп «մարդասեր» բառը, սակայն նրա կողքին պատճենել են նաև человеколюбец հոմանիշը։
No comments:
Post a Comment