Հայկական պետությունը Արտաշես Ա-ի, մանավանդ Տիգրան Բ-ի և Արտավազդ Բ-ի օրոք, հելլենիստական միապետության բնույթ ստացավ։ Հայ թագավորները հովանավորում էին զարգացման հելլենիստական ուղին։ Նշանակալից էր հայկական մշակույթի առաջադիմությունը։ Մշակութային զարգացման ավանդական ուղղության կողքին առաջացավ երկրորդ հիմնական ուղղությունը՝ հելլենիստականը, ունենալով ակնհայտ դրսևորումներ տարբեր բնագավառներում և կենսունակ գտնվեց ու հարատևեց նաև ետ հելլենիստական շրջանում՝ մինչև մ. թ. IV դարը։ Զգալի թվով քաղաքների հիմնադրումը, որն ինքնին հելլենիզմին բնորոշ երևույթ էր, կատարվում էր տեղական դարավոր ավանդույթների և քաղաքաշինության ու ամրաշինության հելլենիստական սկզբունքների համադրությամբ։ Երևան եկան ճարտարապետական նոր տիպի պալատական, տաճարային սյունազարդ շենքեր, բաղնիքներ, որոնք կրում էին հին կամ անտիկ աշխարհի ճարտարապետության ազդեցությունը։ Այսպիսի շինությունների մնացորդներ հայտնաբերվել են Արտաշատում, Վաղարշապատում։ Գառնիի ամրոցը անտիկ ամրաշինության կատարյալ օրինակ է, իսկ Գառնիի հեթանոսական տաճարը, որը կանգնած է բարձր հարթակի վրա, չորս կողմից շրջապատված սյունաշարերով և շքեղորեն զարդարված հոյակապ քանդակներով, հելլենիստական ճարտարապետության եզակի կոթող է։ Նկատելի փոփոխություններ կրեցին շինարարական արվեստը և տեխնիկան։
Պատերի շարվածքում քարերն իրար հետ միացնելու համար օգտագործվեցին մետաղե կապեր, աղյուսի և քարի հելլենիստական տիպի խառը շարվածքը կապակցվեց կրաշաղախով, իսկ սվաղի և այլ նպատակներով օգտագործվեց ծեծած աղյուսի ու կրի խառնուրդով շաղախը։ Հելլենիստական շըրջանի նորույթ էր նաև բաղնիքների և ջրմուղի կառուցումը քաղաքներում ու ամրոցներում, ըստ որում կիրառվում էր անտիկ աշխարհին բնորոշ շինարարական տեխնիկան ու արվեստը։ Գառնիում, վաղարշապատում և Արտաշատում հայտնաբերված բաղնիքներն ունեն կրկնակի հատակ և տաքացվել են հատակի տակից։ Հայկական հեթանոսական աստվածությունները համադրվել են հունականների. Արամազդը՝ Զևսի, Անահիտը՝ Արտեմիսի, Տիրը՝ Ապոլլոնի-Հելիոսի, Վահագնը՝ Հերկուլեսի, Միհրը՝ Հեփեստոսի, Նանեն՝ Աթենասի, Աստղիկը՝ Աֆրոդիտեի հետ։ Դրսից՝ հունա-հելլենիստական երկրներից բերվեցին այդ աստվածությունների բազմաթիվ արձաններ, որոնք դրվեցին հայկական տաճարներում։ Մեզ են հասել Արտեմիս-Անահիտի բրոնզաձույլ արձանի գլուխը, որը պահվում է Բրիտանական թանգարանում, Աֆրոդիտե-Աստղիկի մարմարե արձանը, որը գտնվեց Հին Հայաստանի Արտաշատ մայրաքաղաքի ավերակներում։ Հունա-հելլենիստական բնույթի արձաններ պատրաստվել են նաև տեղում՝ Հայաստանում։ Քաղաքները դարձել էին տնտեսական և մշակութային խոշոր կենտրոններ, որտեղ նշանակալից զարգացում ունեցան արհեստները, առաջացան արհեստային արտադրության նոր ճյուղեր՝ կղմինդրի, անտիկ տիպի ջնարակած խեցեղենի, ապակեղենի արտադրությունը։ Արհեստային արտադրանքի, մանավանդ կիրառական արվեստի շատ տեսակներ՝ մետաղից, քարից, կավից և այլ նյութերից պատրաստված առարկաներ, զարդեր ստացան հելլենիստական կամ անտիկ ժամանակներին բնորոշ ձևավորում։ Առաջացավ արվեստի մի բոլորովին նոր բնագավառ՝ անտիկ բնույթի կավե արձանիկների արտադրությունը՝ կորոպլաստիկան։ Արտաշատում գտնված կավե արձանիկները հելլենիստական բնույթի են, բայց և աչքի են ընկնում տեղական ինքնատիպությամբ։ Հելլենիստական արվեստի նշանավոր ստեղծագործություններ են Արտաշեսյան հարստության թագավորների՝ Տիգրան Բ-ի, Արտավազդ Բ-ի և նրանց հաջորդների կտրած արծաթե և պղնձե դրամները։ Սեփական գրեր ստեղծելուց առաջ հայերը օգտագործեցին հին աշխարհում տարածված արամեական, մանավանդ հունական գրերը, ծանոթացան հունա-հելլենիստական գիտությանն ու գրականությանը։ Հայաստանում ևս, հելլենիստական արվեստի ձևավորման ու զարգացման ընթացքի վրա որոշակի ազդեցություն է ունենում դիցաբանությունը։ Որպես անմիջական-զգայական և զգացմունքային արտացոլում, այն, ըստ էության ու գոյաբանորեն կապված էր արվեստի հետ և ընդգրկում էր իրականության նկատմամբ գեղագիտական վերաբերմունքի ու գեղագիտական գործունեության ընդգծված տարրեր։ Պահպանված արվեստի գործերի մեծամասնությունը արտացոլում են դիցաբանական գաղափարներ, կերպարներ, թեմաներ, սիմվոլներ։ Բացի դիցաբանությունից, որը ժամանակաշրջանի բանահյուսության կրոնականացված ձևն էր, Հայաստանում տարածված է եղել նաև բանահյուսության մի այլ ձև, որը կրոնականացված չէ և հայտնի է որպես հին հայկական վեպ՝ «վիպասանք»։ Այդ երկերը ունեն գրական, գեղարվեստական պատմագիտական ու իմաստասիրական արժանիքներ և ուշագրավ տեղեկություններ են պարունակում հայ պետականության առաջացման ու ամրապնդման, ժամանակաշրջանի կենցաղի մասին։ Այդտեղ պատկերված է ցանկալի թագավորի ու ղեկավարի իդեալը։
Subscribe to:
Post Comments (Atom)
Many developing countries place a lot of importance on tourism
Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...
-
Այսօր գնացինք Ապարան՝ մի քանի նախագիծ իրականացնելու ։ Սկզբում գնացինք այն վայրը, որտեղ պետք է տեղի ունենար միջազգային փառատոնը։ ...
-
Իմ կրթական հավակնությունները Նպատակը՝ ներկայացնել, թե ինչ կրթվելու հնարավորություններ է տալիս մեր երկիրը և մենք, որ տարբերակից ենք օգտվում Ժ...
-
Առանձնացնել և կողք կողքի գրել իմաստով մոտ բառերը։ 2․ Դրասանգ , նժույգ, նախճիր, եղրևանի, դիպակ, յասաման , սյուք , եղեռն , եղեգն , եղե...
No comments:
Post a Comment