Saturday, May 1, 2021

Աղբ...

 Ճապոնիայում թափոնները սկսել են վերամշակել 11-րդ դարից։ Աղբը տեսակավորելու համար յուրաքանչյուր գերմանացի տանը մի ամբողջ պահարան է հատկացնում։ Շվեյցարիայում առանձին վերամշակվում են չորացած տերևներն ու ճյուղերը, փողոցի փոշին, ցերեկային լապտերները և այլ «չվերամշակվող» առարկաներ։ Իսկ Հայաստանում աղբը դեռ գարշահոտում է, և բնությանն անդառնալի վնաս է հասցնում, օրինակ, Նուբարաշենի աղբավայրը՝ իր պլաստիկներով, մարտկոցներով և այլ չփտող ու հրդեհավտանգ առարկաներով։

Վերջին տասնամյակում Հայաստանի աղբահանության ոլորտում դրական տեղաշարժ կա․ ավելացել են վերամշակող կազմակերպությունները, մի շարք կազմակերպություններ վարում են էկոքաղաքականություն, մեծացել է հանրային ուշադրությունն այս ոլորտի հանդեպ։ Այնուամենայնիվ, խնդիրները, թվում է, մշտական են, լուծումները՝ դեռ ժամանակավոր։ Հիմնական խնդիրը մարդկանց ցածր տեղեկացվածությունն է աղբի տեսակավորման և վերամշակման մասին ու ընդհանուր էկոկրթության բացակայությունը։ Վերոնշյալ խնդիրները մի շարք անհատներ և ՀԿ-ներ փորձում են լուծել․ «Էկոգյուղ» ՀԿ-ն իրականացնում է «ԷկոԽնձրիստան» էկոգյուղերի ցանցի էկոտուրիզմի զարգացման ծրագիրը, որի նպատակներից են էկոկրթության սերմանումը, աղբի տեսակավորման, վերամշակման և էներգախնայողության խթանումը։ Կան նաև անհատ ձեռներեցներ, որոնք զբաղվում են շուրջ 5 տեսակ պլաստիկի վերամշակմամբ։ Հուսադրող է, դանդաղ քայլերով առաջընթաց կա։ Կարող ենք մեզ հույս տալ ժողովրդական իմաստնության հետևյալ խոսքով՝ «Ով դանդաղ է գնում, երկար է գնում», բայց եթե արագ գնանք ու երկար գնանք, ավելի լավ կլինի։

Աշխարհը վաղուց է սկսել պայքարել աղբի դեմ։ Համաշխարհային պրակտիկայում հիմնական մոտեցումը հիմնված է աղբի քանակի կրճատման, տեսակավորման և վերամշակման, ինչպես նաև երկրորդային օգտագործման խրախուսման մոտեցումների վրա: Ուսումնասիրենք մի քանի երկրի օրինակներ։ Ճապոնիան բավականին հմտացել է այս ոլորտում. ինչպես վերը նշեցի, 11-րդ դարում արդեն վերամշակում էին թուղթը, իսկ հիմա ավելի մեծ բարձունքների են հասել։ 1980-ականներից սկսած՝ փողոցներում փակցված են «շնորհակալություններ» և «ամոթանքներ»՝ համապատասխանաբար աղբը տեսակավորողներին և չտեսակավորողներին։ Ճապոնացիները հպարտանում են աղբի վերամշակման իրենց գործարաններով և դարձրել են դրանք զբոսաշրջային դիտարժան վայրեր։ Իսկ հիմա՝ ամենահետաքրքիրը․ ճապոնացիները չվերամշակվող աղբից պատրաստում են կղզիներ, որոնք օգտագործվում են ռազմավարական նպատակով, օրինակ՝ Օսակի ծովածոցի կղզին ծառայում է որպես միջազգային օդանավակայան։ Շվեդիայում աղբն այնքան արդյունավետ են օգտագործում, որ սկսել են գնել հարևան երկրներից։ Նրանք աղբի այրումից էներգիա են ստանում, իսկ սեփական աղբի մոտ 33 տոկոսը վերամշակում։ Ճիշտ է, դժվար կլինի հասնել աղբի այսչափ շահավետ օգտագործմանը, բայց ինչպես ասում են՝ երազելը վնաս չէ:

Հայաստանը պետք է շարժվի Չերչիլի լավատեսությամբ ու փորձի ոչ թե թաղել աղբը մարդկանց աչքի էսթետիկության համար, այլ աղբից եկամուտ ու հումք ստեղծել, իսկ աղբը, ինչպես Շվեդիայի փորձով հասկացանք, կարող է այնքան օգտավետ լինել, որ սկսենք անգամ գնել հարևաններից։

Կրթահամալիրում մենք նույնպես հավաքում ենք մեր շրջապատի աղբը և հնարավորինս մաքուր պահում այն։ Խնդրր լուծումը կլինի այն, որ մարդիկ հասկանան, որ ցանկացած վայրում աղբ թափելը վնաս է հենց իրենց առողջությանը։

Աղբյուր

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...