Friday, September 23, 2022

Ալեքսանդր Մյասնիկյան

Ալեքսանդր Ֆյոդորի Մյասնիկյանի կեղծանունը Մարտունի է։ Նա հայ քաղաքական, հասարակական գործիչ է, 1921-1922 թվականներին եղել է Հայաստանի ԽՍՀ Ժողովրդական կոմիսարների խորհրդի նախագահ, ԽՍՀՄ Կոմունիստական կուսակցության անդամ։ Ծնվել է 1886 թվականին Նոր Նախիջևանում՝ հայ վաճառականի ընտանիքում։ Ուսանել է ծննդավայրի թեմական դպրոցում, 1904-1906 թվականներին՝ Մոսկվայի Լազարյան ճեմարանում։ 1906 թվականից Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցության անդամ էր։ 1907-1914 թվականներին կուսակցական աշխատանք է կատարել Բաքվում, ապա՝ Մոսկվայում։ 1911 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը։ Ուսանողական տարիներին ակտիվորեն մասնակցել է հեղափոխական շարժումներին։ Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին զորակոչվել է բանակ. հեղափոխական աշխատանքը շարունակել է ռազմաճակատում։ 1917 թվականի Փետրվարյան հեղափոխությունից հետո գլխավորել է բոլշևիկյան ֆրակցիայի աշխատանքները Կարմիր բանակում։ 1917 թվականի սեպտեմբերին ընտրվել է Բելառուսիայի կոմկուսի Կենտկոմի քարտուղար, հետագայում՝ Արևմտյան ռազմաճակատի հրամանատար։ 1917 թվականի Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո հրամանատարական բարձր պաշտոններ է վարել Կարմիր բանակում։

Ալեքսանդր Մյասնիկյանը 1921 թվականի հունվարին նշանակվել է Հայկական ԽՍՀ Ժողկոմխորհի առաջին նախագահ և ռազմական գործերի ժողկոմ։ Հաջորդ տարի մարտին Անդրկովկասի Խորհրդային Ֆեդերատիվ Սոցիալիստական Հանրապետության կազմավորումից հետո եղել է դաշնության գործկոմի նախագահներից, ապա՝ ՌԿ(բ) կ Անդրերկրկոմի առաջին քարտուղարը։

Երկրի տնտեսության վերականգնման, արևմտահայ փախստականներին տեղավորելու, քաղաքացիական պատերազմի հետևանքները վերացնելու, երկրում կայունություն հաստատելու համար Ալեքսանդր Մյասնիկյանը ծավալել է աշխատանքային մեծ գործունեություն։ Նա կարևորել է հայ մտավորականությանը Հայաստանում համախմբելու և նրա համար ստեղծագործ աշխատանքի անհրաժեշտ պայմաններ ստեղծելու խնդիրը։ Այդ կապակցությամբ պաշտոնական հրավերներ է ուղարկել նկարիչ Մարտիրոս Սարյանին, ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանին, լեզվաբան Հրաչյա Աճառյանին և ուրիշների։ Խորհրդային Հայաստանի գործիչներից Մյասնիկյանն առաջինն է անդրադարձել Հայաստանի և Սփյուռքի փոխհարաբերություններին. հատուկ ուսումնասիրություն է նվիրել Սփյուռքում հայ ազգային քաղաքական կազմակերպությունների խնդիրներին։

1910-ական թվականներին Ալեքսանդր Մյասնիկյանը լույս էր ընծայել մի շարք հոդվածներ՝ նվիրված հայոց գրերի գյուտի նշանակությանը, Միքայել Նալբանդյանի, Հովհաննես Թումանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի, Ալեքսանդր Ծատուրյանի ստեղծագործություններին։ Բազմիցս անդրադարձել է Հայկական հարցին՝ անվանելով այն «գորդյան հանգույց», որի շուրջ հյուսվել են եվրոպական երկրների տարաձայնություններն ու շահերը։ 1913 թվականին Մոսկվայում հանդես է եկել Հայկական հարցի մասին դասախոսությամբ, որի դրույթները 1913-1914 թվականներին լույս են տեսել «Մշակ» թերթում։ Մյասնիկյանի աշխատությունները լույս են տեսել առանձին ժողովածուով։

1921 թվականի հուլիսի 4-5-ը Ալեքսանդր Մյասնիկյանը մասնակցել է ՌԿ(բ) կ կենտկոմի Կովկասյան բյուրոյի լիագումար նիստին, որտեղ քննարկվել է Լեռնային Ղարաբաղի հարցը։ Դեմ է քվեարկել Իոսիֆ Ստալինի միջամտությամբ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի կազմի մեջ մտցնելու մասին որոշմանը։

Զոհվել է 1925 թվականի մարտի 22-ին օդանավի վթարից։ 

No comments:

Post a Comment

Many developing countries place a lot of importance on tourism

Many developing countries place a significant emphasis on tourism as an important sector for economic growth and development. Tourism can br...