Ֆրիկի մասին կենսագրական տեղեկություններ են հայտնում իր բանաստեղծությունները։ Ենթադրվում է, որ նա ծնվել է 1230-ական թվականներին և ապրել է մինչև 14-րդ դարի սկիզբը։ Ֆրիկը եղել է աշխարհական, ունեցել է ընտանիք և ապրել է նյութական բարեկեցիկ կյանքով։ Սակայն նա գերի է ընկել թաթարների ձեռքը, զրկվել ընտանիքից և իր ողջ ունեցվածքը կորցնելով, ազատվել գերությունից։ Թաթար-մոնղոլները նաև գերի են վերցրել իր որդուն։ Ֆրիկն իր ցավն ու վիշտը փորձել է խեղդել գինու մեջ։ Մնացած կյանքն ապրել է աղքատ կյանքով։
Իր բանաստեղծական տաղանդը Ֆրիկը համարել է ոչ թե կրթության արդյունք, այլ՝ ժառանգաբար ստացած աստվածային շնորհ։ Դրա ապացույցները գտնվում են իր չորս տասնյակից ավելի բանաստեղծություններում։
Ֆրիկն ի՞նչ հող է կամ մոխիր, որ հանց գոհար բան շարէ նա․
Ո՛չ ծառայ է վարդապետի, ո՛չ կարդացել է օր մի նա․
Թէ ի հօրէ առեալ միրաթ, այս Աստծուոյ տըւած նորա։
Իր կրոնական տաղերում Ֆրիկը, իբրև միջնադարյան բանաստեղծ, գովերգել է երկնային Տիրոջը, Մարիամ Աստվածածնին, վերապատվել է Աստվածաշնչի որոշ դրվագներ։ Բանաստեղծը պատմում է աշխարհի մասին՝ միաժամանակ ներկայացնելով իր տխուր վիճակը, մենակությունը, թշվառությունը։ Նա իր կյանքը դարձնում է օրինակ։ Ֆրիկը՝ Կոնստանտին Երզնկացու հետ, մեր քնարերգության մեջ սկզբնավորում է անձնական բանաստեղծությանը։ Նրա համար մահը տիեզերական ուժ է, որը չի խնայում ոչ մեկին։
Ֆրիկը հայ իրականության մեջ առաջինը բանաստեղծորեն մշակել է ժողովրդական առակներ։ Մեզ հայտնի է դրանցից մեկը, որտեղ պատմվում է, թե ինչպես հարստության մոլուցքով տարված ավագ եղբայրը ցանկանում է սպանել կրտսեր եղբորը։ Ֆրիկի խրատական և կրոնական բանաստեղծություններում նկատելի է բողոքի, գանգատի քննադատական ոգին։ Բանաստեղծի լավատեսությամբ է ողողված նաև «Արղուն ղանի և Բուղայի մասին» պատմական քերթվածը, որում նա երազում է թաթար-մոնղոլների դաժան բռնության ավարտի մասին։
Հայրենասեր բանաստեղծը ժողովրդի ծանր վիճակն է ողբում «Գանգատ» բանաստեղծությունում։ Բողոքում է Աստծուն, որ ներում է այս ամենը, անտեսում է հայոց վիշտը։ Աշխարհի անարդարությունները ներկայացրել են նաև նախորդ շրջանի հայ մատենագրեր և բանաստեղծներ, բայց Ֆրիկի գործերում անարդարության բողոքը դրսևորվել է չափազանց սուր և ամբողջական, ինչը նրան դարձնում է միջնադարյան հայ սոցիալական քնարերգության սկզբնավորողն ու խոշոր ներկայացուցիչը։
.jpg)
No comments:
Post a Comment