Պետրոս Դուրյանը ծնվել է 1851 թվականին Պոլսի Սկյուտար թաղամասում։ Կրթություն ստացել է տեղի ճեմարանում։ Նյութական անապահով վիճակի պատճառով վաղ հասակից աշխատում է գրագիր, տնային ուսուցիչ և կապվում թատրոնի հետ։ 1871 թ․-ին հիվանդանում է թոքախտով և գամվում անկողնուն։ Մահանում է 1872 թվականի հունվարին։
Իր կարճատև կյանքի ընթացքում Դուրյանը գրել է 40 բանաստեղծություն, 7 դրամա, 10-ից ավելի հրապարակախոսական հոդվածներ, նամակներ և մի քանի անավարտ էջեր։ Պետրոս Դուրյանի առաջին թատերգությունը «Վարդ և Շուշան կամ հովիվք Մասյաց» հովվերգական մելոդրաման է։ Դուրյանը ժանրի ավանդական սկզբունքներիհետևորդը չեղավ։ Նա համարձակորեն օգտվեց ստեղծագործական ազատությունից և էական նորամուծություններ կատարեց պատմական դրամայի կառուցվածքում։ Դուրյանը չի հերոսականացնում հայոց պատմությունը։ Նրա պատմական դրամաների սյուժեներն ավարտվում են ողբերգական վերջաբանով։ Ազգի ֆիզիկական զորությունը միաբանության մեջ է, հետևաբար՝ չի կարող միաբան լինել մի ժողովուրդ, որի վերնախավը բարոյազուրկ է ու անձնասեր։ Նրա համոզմամբ՝ հայրենիքի հզորությունը ժողովրդի մեջ է։
Դուրյանի վերջին թատերգությունը «Թատրոն կամ թշվառներ» դրաման է, որի սյուժեն առնված է ժամանակակից կյանքից։ Նաև զարմանալի է նրա հեռազգացությունը ժամանակի ոգու կռահումներում։ «Տարագիր ի Սիպերիա» մեկ արարածով ողբերգությունում նա պատկերում է Միքայել Նալբանդյանի վերջին օրերի տառապանքը սիբիրյան աքսորում։ Պետրոս Դուրյանը խոհափիլիսոփայական խառնվածքի բանաստեղծ է։ Նրա բանաստեղծությունները փիլիսոփայական մենախոսություններ են։ Այսպիսի այլաբանություն է «Լճակ» բանաստեղծությունը։ Նա զարգացման նոր աստիճանի բարձրացրեց հայ պոեզիան, ընդլայնեց բանաստեղծության սահմանները փիլիսոփայական ժամանակի և տարածության տիեզերական խոհերով, կատարելագործեց հայոց տաղաչափության ռիթմն ու պատկերային համակարգը։
No comments:
Post a Comment