- Սելջուկ-թյուրքերի արշավանքերը Արևմուտք
Հայաստան մտած առաջին վաչկատունները օղուզներ էին, որոնք հետախուզության ու ավարառության նպատակով ներխուժեցին Վասպուրական։ 1047 թվականին սելջուկ-թյուրքերի 20-հազարանոց բանակն առաջին անգամ արշավեց Հայաստան։ Այն ներխուժեց Վասպուրական և հասավ մինչև Բասեն գավառ։ Ճանապարհին նրանք ավերեցին հայկական գավառները, գերեվարեցին հազարավոր մարդկանց։ Թշնամին Հայաստանում գրեթե դիմադրության չհանդիպեց։ Հայերը փաստորեն զինաթափված էին, իսկ բյուզանդացիները բացահայտորեն խուսափեցին պատասխան ռազմական գործողություններից։ Սելջուկյան 100-հազարանոց զորքը երկրորդ անգամ Հայաստան ներխուժեց 1048 թվականին։ Ատրպատականի վրայով սելջուկները հարձակվեցին Հայաստանի վրա։ Միևնույն ճանապարհով մուտք գործելով երկիր՝ սելջուկները կենտրոնացան Բասենում ու Կարնո դաշտում։ Բյուզանդական զորքերը պատսպարվել և դուրս չէին գալիս իրենց տեղերից, մինչ սելջուկները ավեր ու թալան էին տարածում։ Սելջուկները ավեր տարածելով հասան Մանազկերտի դաշտ և մի քանի մասերի բաժանելով իրենց զորքերը մի քանի ուղղություններով գրոհներ կազմակերպեցին։ Նրանք և ոչ մի տեղ լուրջ դիմադրության չհանդիպեցին։ Միայն 1049 թվականին բյուզանդական զորքերը մի քանի հայ իշխանների հետ որոշեցին ճակատամարտ տալ։ Ճակատամարտը տեղի ունեցավ Բասենի դաշտում հայ-բյուզանդական զորքերը պարտություն կրեցին։ 1054 թվականին սելջուկները երրորդ անգամ արշավանք կազմակերպեցին Հայաստան։ Նրանք Հայաստան ներխուժեցին նույն ճանապարհով ինչ առաջին արշավանքների ժամանակ ավեր ու թալան տարածեցին ամբողջ Հայաստանում։ Այս անգամ թշնամուն համառորեն դիմադրեցին Կարս քաղաքի պաշտպանները։ Նրանցից Թաթուլ անունով մի հայ զորական մահացու վիրավորեց Տուղրիլի երիտասարդ ազգականներից մեկին, բայց գերի ընկավ։ Թիկնեղ ու հաղթանդամ հայ ռազմիկն իր տեսքով հիացրեց Տուղրիլին, և նա խոստացավ ազատ արձակել Թաթուլին, եթե վիրավոր թուրքը փրկվի մահից։ Հպարտ զինվորականը համարձակորեն պատասխանեց, որ եթե հարվածն իրենն է, ապա հակառակորդն անպայման կմեռնի։ Առանձնանում է նաև Մանազկերտի բնակչության կազմակերպած դիմադրությունը։ Շուրջ մեկ ամիս պաշարումից հետո սելջուկները ամոթահար հեռացան չկարողանալով գրավել քաղաքը։ Նրանք Մանազկերտի վրեժը հանեցին հայկական գյուղերից և քաղաքներից։
- Իկոնիայի սուլթանություն
Իկոնիայի սուլթանությունը սելջուկների ավատատիրական պետություն է Փոքր Ասիայում։ Հիմնել է Գթլմուշ բեգի որդի Սուլայմանը։ Սկզբում մայրաքաղաքը Նիկիան էր, ապա՝ Իկոնիան։ 1157 թվականին Իկոնիայի սուլթանությունն իրեն ենթարկեց Դանիշմանների ամիրայության տարածքը, 1207 թվականին գրավեց Անթալիան, 1214 թվականին՝ Սինոպը։ Ռազմաքաղաքական հզորության գագաթնակետին հասավ Ալա-ադ-Դին Քեյ-Քուբադի ժամանակ թվականին։ 1243 թվականին Իկոնիայի սուլթանության ուժերը Քյոսեդաղի մոտ պարտվեցին մոնղոլներին, և Իկոնիայի սուլթանությունը դարձավ նրանց վասալը։ 1299 թվականին Իկոնիայի սուլթանությունը ծանր հարված ստացավ Օսման բեգի գլխավորած թուրքական ցեղախմբից, իսկ 1307 թվականին վերացավ պատմության ասպարեզից։ Օսմանի հիմնած բեգությունը դարձավ օսմանյան պետության կորիզը։ 12-րդ դարում Իկոնիայի սուլթանության զորքերը մի քանի անգամ ներխուժել են Կիլիկիայի հայկական իշխանապետության տարածքը, բայց հաջողություն չեն ունեցել։ Սուլթան Ռուքն ադ-Դինը Կարինը գրավելուց հետո արշավեց Վրաստան, սակայն Բասենի դաշտում պարտվեց հայ-վրացական զորքերին։ 1214-1219 թվականներին սուլթան Քեյքաուզը փորձեց գրավել Կիլիկիայի հայկական թագավորության սահմանամերձ Լուլուա և Կապան բերդերը, սակայն 1219 թվականին պարտության մատնվեցին Լևոն Բ–ի կողմից։
- Օսմանյակ կայսրության հիմնումը
Օսմանյան կայսրությունը հիմնադրվել է 13-րդ դարի վերջին Անատոլիայի հյուսիս արևմտյան հատվածում՝ Սյողութի մոտ օղուզների ցեղի առաջնորդ Օսմանի կողմից։ 1354 թվականից հետո օսմանցիները ներխուժեցին Եվրոպա և նվաճեցին Բալկանյան թերակղզին, և կայսրությունը դարձավ միջմայրցամաքային կայսրություն։ Օսմանցիները Մեհմեդ II-ի կողմից Կոստանդնուպոլսի նվաճմամբ 1453 թվականին վերջ դրեցին Բյուզանդական կայսրությանը։
- Օսմանյան կայսրությունը 15-16-րդ դարերում
Մեհմեդ Ֆաթիհը կազմակերպեց պետությունն ու բանակը, իսկ 1453 թվականի մայիսի 29-ին նվաճեց Կոստանդնուպոլիսը։ Մեհմեդը թույլ տվեց ուղղափառ եկեղեցուն պահպանել իր տարածքն ու ինքնիշխանությունը, որի դիմաց ընդունելու էր օսմանյան գերիշխանությունը։ Օսմանյան կայսրության համար ալբանական ընդդիմությունը ամենամեծ խոչընդոտն էր Ապենինյան թերակղզի հասնելու ճանապարհին։ 15-16-րդ դարերում Օսմանյան կայսրությունը սկսեց արշավանքների նոր փուլ։ Սուլթան Սելիմ I-ը կարողացավ նշանակալիորեն ընդլայնել կայսրության արևելյան և հարավային սահմանները՝ պարտության մատնելով Սեֆյան Պարսկաստանի Իսմայիլ շահին Չալդրանի ճակատամարտում։ Սելիմ I-ը հաստատեց օսմանյան նավատորմի ներկայությունը Կարմիր ծովում, ինչպես նաև Եգիպտոսում։ Դրանից հետո տարածաշրջանում լարվածություն առաջացավ Պորտուգալական կայսրութան և Օսմանյան կայսրության միջև իշխանության ամրապնդման համար։ Սուլեյման Փառահեղը 1521 թվականին գրավում է Բելգրադը, գրավում է Հունգարական թագավորության հարավային և կենտրոնական հատվածները։ 1526 թվականին սուլթան Սուլեյմանը պատմական հաղթանակ է տանում Մոհաչի ճակատամարտում՝ օսմանյան իշխանություն հաստատելով ներկայիս Հունգարիայի տարածքում և Կենտրոնական Եվրոպայում։ 1529 թվականին պաշարում է Վիեննան, սակայն հաջողության չի հասնում։ 1532 թվականին ևս մեկ փորձ է կատարում գրավելու քաղաքը։ Տրանսիլվանիան, Վալախիան և Մոլդավիան դարձան Օսմանյան կայսրության հարկատուները։ Արևելքում օսմանցիներին հաջողվում է պարսիկներից գրավել Բաղդադ քաղաքը 1535 թվականին։ Վերջինիս շնորհիվ Օսմանյան կայսրությունը վերահսկողություն է սահմանում Միջագետքի նկատմամբ, ինչպես նաև մուտք է ունենում Պարսից ծոց։ 1555 թվականին Կովկասը առաջին անգամ բաժանվում է Սեֆյանների և Օսմանյան կայսրության միջև։ Այս ստատուս քվոն պահպանվեց մինչև ռուս-թուրքական պատերազմը։ Համաձայն Ամասիայի պայմանագրի Արևմտյան Հայաստանը, Արևմտյան Քրդստանը և Արևմտյան Վրաստանը հայտնվեցին Օսմանյան իշխանության տակ, մինչդեռ Դաղստանը, Արևելյան Հայաստանը, Արևելյան Վրաստանը հայտնվեցին Պարսկաստանի տիրապետության տակ։
- Կործանումը։
Թուրքիայի մեջլիսը 1922թ-ի նոյեմբերի 1-ին վերջ դրեց Օսմանյան կայսրության գոյությանը, որը հիմնադրվել էր 1299 թվականին։ 1922 թվականի նոյեմբերի 11-ին Լոզանի կոնֆերանսի ժամանակ, ճանաչվեց Թուրքիայի տարածքում Անկարա կենտրոնով Թուրքական մեծ ազգային ժողովի ինքնավարությունը։ Վեջին սուլթան Մուհամմեդ VI-ը լքեց օսմանյան մայրաքաղաքը՝ Ստամբուլը 1922 թվականի նոյեմբերի 17-ին։ Իրավական հիմքերը ամրապնդվեցին Լոզանի պայմանագիրը կնքելուց հետո 1923 թվականի հուլիսի 24-ին։
No comments:
Post a Comment