Հովսեփ Էմինը ոգևորված էր Արցախի ու Սյունիքի ազատագրական պայքարով։ Էմինը երազում էր տիրապետել ռազմական արվեստին և զենքի ուժով ազատագրել հայրենիքը։ Հոր կամքին հակառակ, որն ուզում էր նրան վաճառական դարձնել, 1751 թ. մեկնում է Անգլիա և ընդունվում Վուլվիչի Թագավորական ռազմական ակադեմիա։ Այստեղ ծանոթանում է անգլիական քաղաքական ու պետական գործիչների հետ և նրանց ներկայացնում իր գալու նպատակները։ Էմինին հաջողվում է նաև տեսակցել Անգլիայի վարչապետի հետ։ Սակայն նա համոզվում է, որ Հայաստանի ազատագրման իր գաղափարները չեն համընկնում Անգլիայի շահերին։
1759 թ. Էմինը գալիս է Հայաստան։ Բերելով արևմտյան քրիստոնյաների օրինակը՝ կոչ է անում պայքարելու հանուն ազատության։ Ծանոթանալով իրավիճակին` Էմինը համոզվում է, որ օտար տիրապետության դեմ ազատագրական պայքար կարելի է սկսել միայն որևէ հարևան պետության օժանդակությամբ։ Այս առումով նա հնարավոր դաշնակից էր համարում Ռուսաստանին կամ Վրաստանին։ Վերադառնալով Անգլիա` Էմինը ներկայանում է ռուսական դեսպանին։ Նրանից վերցնելով Ռուսաստանի վարչապետ Մ. Վորոնցովին ուղղված երաշխավորական նամակ՝ ճանապարհվում է Սանկտ Պետերբուրգ։ Էմինը Վորոնցովին ներկայացնում է Հայաստանի ազատագրության իր ծրագիրը, որն իրագործելու համար մտադիր էր դաշնակցել վրաց Հերակլ II թագավորի հետ։ Վորոնցովն ընդառաջում է Էմինի խնդրանքին և Հերակլ II–ին ուղղված նամակով նրան ճանապարհում Վրաստան։
Վրաց թագավորը համաձայնում է օժանդակել Էմինի ծրագրին։ Հայաստանում ազատագրական շարժումը կազմակերպելու համար Էմինը կապեր է հաստատում Մշո Ս. Կարապետ վանքի վանահայր Հովնանի հետ։ Էմինը և Հերակլ II–ը 1764 թ. խրախուսական նամակներ են ուղարկում Հովնանին, սակայն Երևանում խանի մարդիկ ձերբակալում են նամակատարին։ Ամենայն հայոց կաթողիկոս Սիմեոն Երևանցին, տեղեկանալով այդ մասին, կշտամբում է Հերակլ II–ին «անզգույշ քայլերի» համար, որոնք կարող էին առաջացնել պարսկական իշխանությունների վրեժխնդրությունը հայերի հանդեպ։ Ստիպված Հերակլը Էմինից պահանջում է հեռանալ Վրաստանից։Մեկ տարի Հյուսիսային Կովկասում մնալուց հետո՝ 1766 թ., Էմինը վերադառնում է Հայաստան և հաստատվում Գետաշենում` Գյուլիստանի մելիք Հովսեփի մոտ։ Արցախի իրադրությանը ծանոթանալու համար Էմինը լինում է նաև Շուշիում, ապա անցնում Գանձասար։ Այստեղ նրան տեղեկացնում են, որ Սիմեոն Երևանցին հրամայել է չընդունել և չօժանդակել իրեն։ Համոզվելով, որ Արցախում ևս կատարում են կաթողիկոսի այդ հրամանը՝ Էմինը որոշում է վերադառնալ Ռուսաստան։ Սակայն լսելով, որ Խոյի ու Սալմաստի քրիստոնյաները պատրաստ են տասնութ հազար զինվոր տրամադրել իրեն՝ Էմինը ճանապարհվում է Խոյ։ Չունենալով պահանջվող գումարը` նա չի կարողանում զորք վարձել։ Այսքանից հետո նա 1770 թ. վերադառնում է Հնդկաստան։
Կարծում եմ, որ Սիմեոն Երևանցուն էլ կարելի է հասկանալ, որովհետև այս ազատագրական պայքարից հետո կարող էր ամեն ինչ ավելի վատ ավարտվել։ Նա հեռատես քաղաքական գործիչ էր, ով մտածում էր երկրի և ժողողվրդի ապագայի մասին։
No comments:
Post a Comment