Սարդարապատի, Բաշ Ապարանի և Ղարաքիլիսայի հերոսամարտերի շնորհիվ հայերը կարողացան կանխել թուրքերի ներխուժումը, խուսափեցին վերջնականորեն ոչնչացումից և կարողացան անկախանալ։ Նորանկախ հանրապետությունը խորհրդարանական էր, իսկ առաջին վարչապետը նշանակվեց Հովհաննես Քաջազնունին։ Հայաստանի մայրաքաղաքը դարձավ Երևանը։ Հռչակման պահին ՀՀ տարածքը 12 հզ. քառ. կմ էր, իսկ բնակչությունը՝ 700 հազար։ Հայության համար չափազանց դժվար ժամանակներ էին, քանի որ հենց նոր էր եղել Հայոց Ցեղասպանությունը և փրկված հարյուր հազարավոր անօգնական, քաղցած և անօթևան գաղթականներ ապաստան էին գտել հայրենիքի փրկված փոքրիկ հատվածում։
Մայիսի 22–29-ը ընկած ժամանակահատվածում Սարդարապատում ընթացող ինքնապաշտպանության կազմակերպումը կատարում էր Մովսես Սիլիկյանը։ Ինքնապաշտպանական միջոցառումներ կիրառվել են նաև Կողբի և Իգդիրի ուղղություններով։ Նախիջևան-Շարուր ուղղությունը վստահվել էր 3-րդ բրիգադին` գնդապետ Տիգրան Բաղդասրյանի գլխավորությամբ։ Սարդարապատի ուղղությամբ հարձակվող թուրքական զորքին դիմակայելու համար, Սարդարապատի ուղղությունը վստահվում է Դանիել Բեկ-Փիրումյանին։ Արամ Մանուկյանին վստահվել է Երևանի թիկունքի պաշտպանությունը։ Մայիսի 21-ին թուրքական առաջապահ ուժերին հաջողվում է գրավել Սարդարապատ կայարանը, նույնանուն գյուղը և Գեռլչուն։ Մայիսի 22-ին 5-րդ հրաձգային հետևակային և հեծյալ գնդերը անցնում են հարձակման և վերագրավում են Սարդարապատ կայարանն ու գյուղը՝ հարկադրելով թուրքերին հետ նահանջել 15–20 կմ շառավղով։ Հայկական զորախումբը փոխգնդապետ Կարապետ Հասան-Փաշինյանի հրամանատարությամբ մշակել է թուրքական զորախմբի շրջափակումը։ Սարդարապատի ուղղությամբ թուրքերը դուրս են բերել 15-հազարանոց զորաբանակ։ Կաթողիկոսը չի հեռացել Սուրբ էջմիածնից և կարգադրել է կոչնակ հնչեցնել բոլոր եկեղեցիներում՝ ժողովրդին թուրքերի դեմ պայքարի ելնելու հորդորով։ Մայիսի 21-ին տեղի ունեցած կատաղի ճակատամարտում հայկական ուժերը նահանջել են՝ հանձնելով Սարդարապատ կայարանն ու գյուղը։ Վտանգվել են Սուրբ էջմիածինն ու Երևանը, որտեղ, բազմահազար արևելահայերից բացի, հավաքվել էին հարյուրհազարավոր արևմտահայ գաղթականներ։
No comments:
Post a Comment