Տարբեր տարրերի ատոմներում էլեկտրոնների և միջուկի ձգողության էլեկտրական ուժերը տարբեր են, այդ պատճառով չեզոք մարմինների շփման ժամանակ էլեկտրոնների որոշակի մասը կարող է մի մարմնից անցնել մյուսին: Այն մարմինը, որը տվել է իր էլեկտրոնների մի մասը, կստանա դրական լիցք, մյուս մարմինը, որը վերցրել է այդ էլեկտրոնները՝ բացասական լիցք:
Մարմիններն էլեկտրականանում են, երբ ստանում կամ կորցնում են էլեկտրոններ:
Մարմնի ձեռք բերած լիցքը՝ q=e(Np−Ne), որտեղ Np-ն պրոտոնների թիվն է մարմնում, իսկ Ne-ն՝ էլեկտրոնների թիվը
Մետաղներում որոշ էլեկտրոններ թույլ են կապված միջուկին, նրանք կարող են պոկվել ատոմից և ազատորեն տեղաշարժվել մարմնի ողջ ծավալով: Այդ էլեկտրոններն էլ հաղորդիչով տեղափոխում են լիցքեր և կոչվում են
հաղորդական էլեկտրոններ: Դիէլեկտրիկում լիցքերը կապված են, նրանք ազատորեն տեղափոխվել և հետևաբար լիցք հաղորդել չեն կարող:
Քանի որ դիէլեկտրիկում լիցքերը ազատորեն տեղափոխվել չեն կարող, շփման միջոցով դիէլեկտրիկի ստացած լիցքը մնում է այնտեղ, որտեղ առաջացել է: Հետևաբար այն հարմար է փորձեր կատարելիս: Իսկ մետաղական առարկաներով փորձ կատարելիս, որպեսզի լիցքը չհեռանա, պետք է մեկուսիչ բռնակ օգտագործել:
Պարզելու համար կատարենք հետևյալ փորձը: Վերցնենք սնամեջ գունդ ունեցող երկու էլեկտրաչափ և սինթետիկ նյութից ժապավեն՝ բոլորը լիցքաթափված: Ժապավենով շփենք էլեկտրաչափի ձողը: Էլեկտրաչափի սլաքը կշեղվի, դա նշանակում է, որ նա որոշակի լիցք է ստացել: Այնուհետև ժապավենը մտցնենք
II էլեկտրաչափի (սնամեջ) գնդի մեջ. նրա սլաքը կշեղվի ճիշտ նույնքան՝ ցույց տալով մեծությամբ հավասար լիցքերի առկայությունը: Հետագա հետազոտությունների միջոցով կարելի է պարզել, որ այդ լիցքերը նշանով հակառակ են, այսինքն գումարային լիցքերը նորից հավասար է
0-ի: Այս և այլ փորձերը ցույց են տալիս, որ էլեկտրականացման պրոցեսում մարմինների ընդհանուր լիցքը պահպանվում է:
Եթե մարմինների համակարգը շրջապատի հետ լիցք չի փոխանակում, այդ մարմինների լիցքերի հանրահաշվական գումարը մնում է անփոփոխ:
q1+q2+q3+...=const
Փորձնական եղանակով հաստատված այս պնդումը կոչվում է էլեկտրական լիցքի պահպանման օրենք:
No comments:
Post a Comment