Պատասխանել հետևյալ հարցերին.
- Երբ մարդուն համարում եք բարի, ի՞նչ հատկանիշներ եք նրան վերագրում:
- Արդյո՞ք բարին իմաստալից է դառնում, երբ կա չարը:
- Արդյո՞ք մարդը կարող է լինել միժամանակ և բարի, և չար:
Ընթերցել հետևյալ տեքստը և մեկնաբանել.
Ճանապարհով գնում էին բարին ու չարը: Նրանք հանդիպեցին երկու մարդու:
– Եկ փորձենք, թե մեզանից ով է ավելի ուժեղ, – առաջարկեց չարը բարուն:
– Համաձայն եմ, բայց ինչպե՞ս, – պատասխանեց բարին:
– Թող այս երկու մարդիկ պայքարեն մեզ համար: Ես նրանցից մեկին կդարձնեմ հարուստ և ուժեղ, միևնույն ժամանակ՝ չար:
– Լավ, ես էլ մյուսին կդարձնեմ աղքատ ու թույլ, միևնույն ժամանակ՝ բարի:
Ասածն արված է. նույն պահին երկու մարդկանցից մեկը հայտնվեց ձիու գավակին՝ հագին շքեղ հագուստ, իսկ մյուսը վերածվեց ցնցոտիավոր, ձեռնափայտով տկար մի մարդու:
– Հեռու ճանապարհիցս, – գոռաց հարուստի կերպարանափոխված մարդը, մտրակեց մյուս մարդուն և սուրաց առաջ՝ շուտով տուն հասնելու և փողերը հաշվելու:
Աղքատի վերածված մարդը հոգոց հանեց և լուռ շարունակեց ճանապարհը:
– Ահա, տես. հիմա հասկացա՞ր, թե մեզնից ով է ավելի ուժեղ, – ուրախացավ չարը:
– Դեռ սպասիր: Քեզ մոտ ամեն ինչ հեշտ ու արագ է ստացվում, բայց տևական չի լինում: Իսկ եթե ես եմ մի բան անում, ապա դա լինում է հավերժ, – ասաց բարին:
Նրանք սկսեցին հետևել, թե հետո ինչ է լինելու:
Որոշ ժամանակ քայլելուց հետո աղքատը տեսավ, որ հարուստն ընկել էր գետնին, ձին էլ՝ նրա վրա, և նա ոչ մի կերպ չէր կարողանում ոտքի ելնել, արդեն շնչասպառ էր եղել և գրեթե խեղդվում էր: Աղքատը մոտեցավ նրան: Նա այնպես խղճաց հարուստին, որ անսպասելիորեն իր մեջ հզոր ուժ զգաց. իսկույն դեն նետեց ձեռնափայտը, կռացավ, բարձրացրեց ձիուն և օգնեց հարուստին ազատվել ծանր բեռից և ոտքի ելնել: Հարուստի աչքերն արցունքվ լցվեցին, չգիտեր, թե ինչպես երախտապարտ լինել աղքատին:
– Ես քեզ մտրակեցի, իսկ դու կյանքս փրկեցիր: Գնանք իմ տուն, մեզ հետ կապրես: Այս պահից ի վեր դու իմ եղբայրն ես:
Նրանք միասին գնացին: Չարն ասաց բարուն.
– Այդ ի՞նչ արեցիր: Խոստացար այն մարդուն թույլ դարձնել, իսկ նա կարողացավ այն ձիուն բարձրացնել: Դու խաբեցիր: Դե, ուրեմն, ես եմ հաղթել:
Իսկ բարին չվիճեց. չէ՞ որ նա չէր կարող անգամ առարկել չարին: Դրանից ի վեր բարին ու չարը երբեք միասին չեն, և եթե անգամ գնում են միևնույն ճանապարհով, ապա՝ միմիայն տարբեր ուղղություններով:
Այս տեքստի իմաստն այն է, որ եթե մարդը աղքատ է և արտաքինից տկար, դա չի նշանակում, որ նա թույլ է։ Այդպիսի մարդիկ կյանքի և շատ դժվարություններ հաղթահարելու մեծ փորձ են ունենում։
No comments:
Post a Comment