Առհասարակ, կոնֆլիկտներն այնքան համընդհանուր և բազմատեսակ են իրենց բնույթով, որ առաջին հայացքից անհնար է թվում մեկ ամբողջական սահմանում տալը: Կոնֆլիկտը ինչ-որ առարկայի շուրջ առկա տարաձայնությունն է: Ակնհայտ է, որ կոնֆլիկտի առաջացման անհրաժեշտ գործոններն են կոնֆլիկտի մաս կազմող կողմը կամ կողմերը և կոնֆլիկտի առարկան:
Երբ խոսվում է կոնֆլիկտի առկայության մասին, սովորաբար նկատի է առնվում բաց կոնֆլիկտի տեսակը, երբ կողմերի թե՛ վարքը և թե՛ նպատակները անհամատեղելի են: Ռազմական կոնֆլիկտներն իրենց էությամբ ամբողջովին համապատասխանում են այս տեսակին: Օրինակ, եթե դիտարկենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա կոնֆլիկտը, ակնհայտ է, որ այն իր տեսակով բաց կոնֆլիկտ է. երկու կողմերն ունեն տարածքային պահանջ, այսինքն՝ անհամատեղելի նպատակներ, ինչպես նաև՝ անհամատեղելի վարք:
Այնուամենայնիվ, կոնֆլիկտի մյուս տեսակները ևս հաճախ են հանդիպում: Չափազանց վտանգավոր են թաքնված կոնֆլիկտները, երբ կողմերն ունեն անհամատեղելի նպատակներ, սակայն իրենց վարքում ոչ մի կերպ չեն ընդգծում այն: Նման տեսակի կոնֆլիկտներ հաճախ առաջանում են աշխատանքային փոխհարաբերություններում։
No comments:
Post a Comment